ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունն այսօր վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։ Պաշտպանական թիմը մասամբ ներկայացրել է բողոքի հիմքերը։ Լրագրողների հետ զրույցում Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ Աղվան Հովսեփյանը նիստին մասնակցում էր․ «Ինսուլին է ստանում, կայուն է վիճակը»։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, պաշտպանն ասաց․ «Ասում են, թե ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում Աղվան Հովսեփյանն իբրեւ գոյացած գումարը «լվացել» է եւ Բյուրականում առանձնատուն կառուցել։
Այստեղ կա հակասություն՝ փաստական նկարագրության եւ մեղադրանքի իրավաբանական որակման հետ, որովհետեւ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ փողերի լվացում առկա չէ այն դեպքում, եթե անգամ պատկերացնենք, որ կա ապօրինի ճանապարհով գոյացած դրամական միջոց։ Հետագայում, եթե այն օգտագործվում է ի օգուտ մեղադրալի, օրինակ՝ գնվում է մեքենա, վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այստեղ փողերի լվացում չկա։ Նման եղանակով գումարի իրական ծագումը չի խեղաթյուրվում։ Փողերի լվացում առկա է այն ժամանակ, երբ ապօրինի ճանապարհով գոյացած դրամական միջոցները տարբեր փոխանցումներով եւ փոխարկումներով խեղաթյուրվում, թաքցվում են՝ դրանց ծագման տեսանկյունից։ Այս պարագայում փողերի լվացման հետ գործ չունենք»։ Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի սկզբին կալանավորվել էր։ Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազի եւ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում մասնակցել է մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, նաեւ՝ ստացել 190.000.000 ՀՀ դրամ կաշառք, խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն, օրինականացրել է(փողերի լվացում) հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ