Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի քովիդի բաժանմունքը մի քանի օր առաջ վերաբացվել է, ու այս պահին այնտեղ ստացիոնար բուժում են ստանում 38 հիվանդներ։ Նշենք, որ ինֆեկցիոն հիվանդանոցն օրերս միավորվել է Գյումրի բժշկական կենտրոնին ու դարձել ինֆեկցիոն բաժանմունք։
Կորոնավիրուսով վարակված 65 հիվանդ էլ բուժում են ստանում Գյումրի բժշկական կենտրոնի քովիդի բաժանմունքում, այստեղ մահճակալները հարյուր տոկոսով ծանրաբեռնված են։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, քովիդ ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը։
Ըստ նրա, վերակենդանացման բաժանմունքում ևս ոչ մի ազատ մահճակալ չկա, բոլորը զբաղված են․ կան 10 ծանր հիվանդներ։
Կարդացեք նաև
«Տարբեր տարիքի են հիվանդները՝ 30 տարեկանից մինչև 90 տարեկան ունենք», -ասաց Արմեն Խաչատրյանը։
Գյումրիում բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված հիվանդներ հանրապետության տարբեր մարզերից՝ Տավուշից, Արմավիրից, Արագածոտնից ու նույնիսկ Երևանից։
Ի դեպ, վարակի դեպքեր հայտնաբերելու պատճառով այսօր Գյումրիում փակվել են երկու դասարաններ՝ թիվ 7-րդ դպրոցի 1-ին դասարաններից մեկը և «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարաններից մեկը, նրանք անցել են հեռավար ուսուցման։
Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ