ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքն այս պահին քննվում է վերաքննիչ քրեական դատարանում։ «Պարոն Հովսեփյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Սա ուղղակի խոսքեր չեն։ Քննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ այս մեղադրանքները շինծու են»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշեց՝ դատարանի որոշումը բողոքարկել են, որովհետեւ կարծում են, որ կալանավորումն իրավաչափ չի։ Փաստաբանի խոսքով՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այս պահին չի կարող ասել, թե այս գործով ովքեր են ցուցմունք տվել․ «Բայց, միանշանակ, ներքին շատ դեֆեկտներ ունեն այդ ցուցմունքները։ Մենք մեր փաստարկներն ունենք, ուստի այսօր կներկայացնենք դատարանին։ Մեղադրանքի դրվագներից մեկը կաշառք ստանալն է, իսկ փաստական հանգամանքներից մեկն է այն, թե իբրեւ պարոն Հովսեփյանը, որն այդ ժամանակ հանդիսացել է գլխավոր դատախազ, բաժնետոմսի դիմաց հովանավորչություն է իրականացրել։
Բայց մեղադրանքի նկարագրական մասում չի երեւում, թե այդ հովանավորչությունն ինչպես է դրսեւորվել։ Անձինք չեն հարցաքննվել, օրինակ՝ այն քննիչներն ու դատախազները, որոնք կարող էին փաստել՝ պարոն Հովսեփյանն իսկապես հովանավորե՞լ է, թե ոչ։ Անձն ասում է, որ իրեն հովանավորել են, բայց չի ասում, թե ինչպես։ Շատ անլուրջ է այս մոտեցումը»։ Էրիկ Ալեքսանյանը նաեւ տեղեկացրեց, որ Աղվան Հովսեփյանն ունի առողջական խնդիրներ, այս պահին վիճակը կայուն է։ Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի սկզբին կալանավորվել էր։ Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազի եւ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում մասնակցել է մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, նաեւ՝ ստացել 190.000.000 ՀՀ դրամ կաշառք, խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն, օրինականացրել է(փողերի լվացում) հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ