ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների հաշվին շուրջ 109 մլն 727 հազար դրամ գումար է հատկացվել 7 ավագ դպրոցների նոր գույքի ձեռքբերման համար:
Որոշումն ընդունվել է կառավարության՝ սեպտեմբերի 30-ին կայացած նիստում:
Վերաբաշխվող գումարը նախատեսվում է ուղղել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում վերանորոգվող ավագ դպրոցներին գույքով ապահովմանը` հաշվի առնելով, որ Համաշխարհային բանկի հիմնանորոգման ծրագրով դպրոցների համար նոր լաբորատորիաներ են նախատեսված, սակայն գույքի ապահովում չի նախատեսվել:
Հատկացված միջոցներով նոր ուսումնական գույք կստանան ներքոնշյալ դպրոցները, որոնք կապիտալ նորոգվել են, ըստ անհրաժեշտության՝ նաև վերակառուցվել.
Կարդացեք նաև
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց,
Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց,
Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց,
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց,
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոց,
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Ակադեմիական վարժարան,
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց:
Վերոնշյալ դպրոցներից Գյումրու Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մնացած դպրոցներինը գտնվում են ավարտական փուլում։
ՀԲ հիմնանորոգման ծրագրում ընդգրկված է նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց վարժարանը, որը, գույքի ձեռքբերումն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին:
Նշենք, որ վերը նշված բոլոր դպրոցները բարելավման համալիր ծրագրերի արդյունքում կունենան ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան շենքային բարենպաստ պայմաններ և լաբորատոր սարքավորումներ:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ