Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջուրը մենք դիտարկում ենք Աստծո տված անսահման ռեսուրս: Դա կարող է վատ հետեւանքներ ունենալ պարենային անվտանգության, էներգետիկ ոլորտի համար». Ալեն Ամիրխանյան

Սեպտեմբեր 30,2021 17:57

Այսօր 1,7 անգամ ավելի շատ ենք ծախսում, քան մեր մոլորակի հնարավորություններն են: Այսօր Երեւանում տեղի ունեցած «Դեպի կանաչ տնտեսություն. կայուն զարգացման եւ կառավարման համաշխարհային եւ հայաստանյան հեռանկարները» խորագրով համաժողովում ասաց Յորքի համալսարանի City College եվրոպական կամպուսի հետազոտությունների եւ նորարարության բաժնի փոխնախագահ պրոֆեսոր Փանայոտիս Կեդիկիդիսը:

Պրոֆեսորը Հայաստանի կառավարությանը կոչ արեց ապահովել այն շղթան, որը մասնավոր հատվածին հնարավորություն կընձեռի կանաչ տեխնոլոգիաներ ներդնել ու կայուն զարգացում ապահովել:

Փանայոտիս Կեդիկիդիս

Միջոցառումը նախաձեռնել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի հետ համագործակցությամբ:

Ջոն Գալագեր

 

Հայաստանում Միացյալ թագավորության դեսպան Ջոն Գալագերը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կլիմայի փոփոխությունը մեր ժամանակների ամենամեծ եւ ամենաառաջնահերթ գլոբալ մարտահրավերներից է, որի չեզոքացմանն ուղղված համառ ջանքեր են գործադրում աշխարհի տասնյակ երկրներ՝ փորձելով սահմանափակել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը: Դեսպանի խոսքով, այս գործընթացից անմասն չպետք է մնա նաեւ Հայաստանը, որն ունի զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, որն էլ կարեւորագույն մասն է կազմում այդ մարտահրավերները կանխելու հարցում:

«Կարեւոր նախապայման է, որպեսզի Հայաստանը վերափոխվի եւ անցում կատարի կոշտ վառելիքային հանածոներից դեպի վերականգնվող էներգետիկա: Սա երկրի տնտեսության համար նոր հնարավորություններ կստեղծի, նոր աշխատատեղեր»,-ասաց դեսպան Ջոն Գալագերը:

Ալեն Ամիրխանյան

Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի խոսքով, առաջընթաց ունենք սննդի, էներգետիկայի ոլորտներում, բայց ջրի կառավարման ոլորտում մեծ թերություններ կան: Մեզ հետ զրույցում պարոն Ամիրխանյանն ասաց. «Չենք կարողանում ջրի օգտագործման արդյունավետությունը բարձրացնել: Ջուրը մենք դիտարկում ենք՝ Աստծո տված անսահման ռեսուրս, ինչը վտանգավոր է: Ճիշտ է՝ Հայաստանի որոշակի մասեր հարուստ են ջրով, բայց ունենք տարածքներ, որտեղ ջրի խնդիր կա եւ կլիմայի փոփոխության պայմաններում անկանխատեսելի է՝ ինչպես կզարգանա այդ խնդիրը: Եվ կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ պարենային անվտանգության, էներգետիկայի ոլորտների համար, որովհետեւ էներգետիկ հաշվեկշռում 30 տոկոսը հիդրոէլեկտրակայաններից ենք ստանում»:

Ալեն Ամիրխանյանը գտնում է, որ կառավարության պատասխանատուները, քաղաքական գործիչները պետք է գիտակցեն, որ կանաչ տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության զարգացման, աճի հնարավորություն է տալիս Հայաստանին, իսկ նոր տեխնոլոգիաների ներդրումը նոր շուկաներ է մոտեցնում Հայաստանին: Նա նաեւ պետական կառույցների միջեւ միջգերատեսչական համագործակցություն է ակնկալում, որպեսզի խնդիրներն առավել արդյունավետ լուծվեն. «Եթե հողի վերաբերյալ բարեփոխում ենք իրականացնում, դա միայն գյուղատնտեսության հարցը չէ, տարբեր կառույցներ պետք է ներգրավեն: Այսօր սա պետական մակարդակով դժվար է իրականացվում: Պետք է սրանց մեխանիզմները գտնել»:

Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, մանկապարտեզից սկսած՝ պետք է բնության նկատմամբ սեր, հետաքրքրություն առաջացնել, խնայել սովորեցնել. «Մեր կենցաղը խնայողական չէ, նույնիսկ, մեր աղբի պարունակությանը նայենք՝ կտեսնենք, որ խնայող չենք, ջուրը չենք խնայում, տեսե՛ք ստվարաթուղթը, երկաթները ինչպես ենք նետում: Դրանք մեզ համար ոչ մի արժեք չունեն, երկրորդական հումքին ոչ մի արժեք չենք տալիս»:

Միության նախագահը գտնում է, որ կանաչ տեխնոլոգիաները էժան հաճույք չեն Հայաստանի պես զարգացող երկրների համար, ուստի կառավարությունը պետք է դրանք ներդնելու հարցում բիզնեսին օգնի՝ էժան վարկերով, որակյալ հանրային ծառայություններ մատուցելով, արդյունավետ կրթություն կազմակերպելով, որոնց կադրերը կնպաստեն այդ բիզնեսներում արտադրողականության բարձրացմանը:

«Պետական ապարատում պարգեւատրում ենք, որ լավ աշխատեն, կոռուպցիայի չգնան, բայց բիզնեսին էլ պետք է պարգեւատրել օրենքներով, միջավայրով, բարեփոխումներով, որը բիզնեսը հարկերի տեսքով կվերադարձնի պետությանը»,-ասաց պարոն Մակարյանը:

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ակտիվ դերակատարություն ունեն կլիմայի փոփոխության և կայուն զարգացման ոլորտում:

Դեսպանի խոսքով, մյուս երկրների հետ Հայաստանը կարող է դրական դեր խաղալ արտանետումների նվազեցման մեջ՝ ածխածնի արտանետումների զրոյական մակարդակի հասնելու եւ գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1,5 տոկոսի աստիճանի սահմաններում պահելու նպատակով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930