Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավագանու որոշմամբ՝ համայնքն իր սեփականություն հանդիսացող գույքը տրամադրել է մի կարիքավոր ընտանիքի». Ռոբերտ Դանիելյանը՝ Սևակ Միքայելյանի հասցեին մեղադրանքների առիթով

Սեպտեմբեր 30,2021 17:40

«Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը համայնքի ավագանու որոշմամբ տնօրինվել է»,-Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Հրազդան համայնքի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանը:

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի (լուսանկարում) դեմ՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման հիմքով՝ քաղաքացի Սուսաննա Ա.-ի հաղորդման հիման վրա: Ըստ հաղորդման՝ 2002թ.-ի մայիսի 22-ի թիվ 129 որոշման հիման վրա Հրազդան համայնքին պատկանող Կենտրոն թաղամասի, 33 շենքի, թիվ 22 բնակարանի ճաշասենյակը սեփականության իրավունքով տրամադրվել է Սուսաննա Ա.-ին, սակայն Սևակ Միքայելյանի՝ 16.09.2019թ. թիվ 996 որոշման 1-ին կետով նշված բնակարանը սեփականության իրավունքով, անհատույց օտարվել է Անժելա Մ.-ին, իսկ խոհանոցը, սանհանգույցը, միջանցքը և պատշգամբը թողնվել է ընդհանուր օգտագործման:

Զրուցեցինք Սևակ Միքայելյանի հետ: Նա վստահեցրեց՝ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում:

Հրազդան համայնքի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանն այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց. «Այդ տունը հանրակացարանի նման է. ունի սանհանգույց, խոհանոց: Մի մասն այդ անձինն է, մյուս մասն էլ եղել է ուրիշինը, բայց չի ձևակերպել. մնացել է համայնքի սեփականություն: Համայնքն այդ մեկ սենյակը տվել է մի կարիքավոր ընտանիքի, որ այդտեղ բնակվեն, որոնք բնակության վայր չունեին»:

Ռոբերտ Դանիելյանն ասաց՝ այդ կողմը դիմել է վարչական դատարան: Սակայն պնդեց՝ լիազորությունների չարաշահման մասին խոսք լինել չի կարող: Նրա կարծիքով՝ ի վերջո գործը կկարճվի:

Ռոբերտ Դանիելյանը ներկայացրեց իրավական հիմնավորումը. «ՏԻՄ օրենքն ասում է, որ համայնքի սեփականություն հանդիսացող գույքը տնօրինում է համայնքի ղեկավարությունը ավագանու սահմանած պայմաններով: Այդ ընտանիքը դիմել է համայնքին, ավագանու որոշմամբ տարածքը տրամադրվել է այդ ընտանիքին»:

Ռոբերտ Դանիելյանը նշեց՝ բողոք ներկայացրած քաղաքացու ընտանիքը չի բնակվում նշված տարածքում. բնակվում են Երևանում: Ու շարունակեց. «Իրենց ընտանիքից մայրը մանկավարժ է եղել, որպես հանրակացարան այդ հիմքով տարածքի այդ մի մասը ստացել են»:

Ռոբերտ Դանիելյանը վստահեցրեց՝ նրանց օրինական շահերը չեն ոտնահարվել. «Համայնքը կադաստրից իր անունով վկայականը հանել է, որոշել է, օտարել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930