Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Նախքան օրինագծի քննարկումը վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև: Դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները: 2021թ. տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը և բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար: Օգոստոսին մենք ներկայացրեցինք Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը, որը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում Հայաստանի Հանրապետության խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար: Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022թ. բյուջեում և նաև գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական:
Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ: Առաջին հերթին կարևորում ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումը և զարգացումը: Ամենակարևորը, թերևս, պլանավորման և իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների և, հետևաբար, կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղման, և, այսպիսով` խոչընդոտվում է նաև տնտեսական աճը:
Կարդացեք նաև
Այս առումով էական դեր ունի նաև մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը: Եվ դրան ուղղված կառավարության ջանքերը սկսել են արդյունքներ տալ՝ ի դեմս այն ընկերությունների, որոնք պետական կապիտալ շինարարության ոլորտում մրցունակ լինելու համար ներդրումներ են անում, այսպիսով` ձգտելով ծրագրերն իրականացնել որակով և ժամանակին: Կառավարությունը մտադիր է շարունակել այս ոլորտում ներդրումները խթանող քաղաքականությունը, դրա համար կիրառելով 3 հիմնական գործիք: Առաջինը՝ պետական գնումների համակարգի թափանցիկությունը, երկրորդը՝ մրցույթի դրվող լոտերի ծավալների մեծացումը, երրորդը՝ հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծությունները:
Հաջորդ կարևորագույն խնդիրը՝ վերլուծական կարողությունների զարգացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդյունավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը, որը կարևորագույն խնդիրներից է: Արդյունքում կբարձրանա նաև ՀՀ քաղաքացիների վստահությունը, որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ և թիրախային: Հայաստանի քաղաքացիներն ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունը իրենց կյանքի վրա: Սրա կարևոր բաղադրիչ է հանդիսանում հասարակական լայն շերտերի ներգրավվածությունը բյուջեի կազմման և իրականացման տարբեր փուլերում, ինչի ուղղությամբ արդեն իսկ բավականին քայլեր են արվել նախորդ 3 տարիների ընթացքում և մեծ ուշադրություն է դարձվելու առաջիկայում ևս:
2022թ. բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթությունների վրա: Առաջինը՝ անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացում, երրորդը՝ կրթության և գիտության արդիականացում: Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները: Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը: Այդ օրակարգի իրագործման մեր տեսլականին մանրամասն անդրադարձել եմ Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ:
Այս իմաստով կարևոր է նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, որը կարող է որակապես փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար, էականորեն բարձրացնել մեր երկրի գրավչությունն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար:
Նաև այս համատեքստում կրթության զարգացումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, ուստի կրթության հասանելիությունը, ներառական զարգացումը և բովանդակային բարեփոխումը մեր երկարաժամկետ առաջնահերթությունն է: Մեր նպատակն է անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ: Սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ և անհատ լինելու միակ ճանապարհը: Գիտության և տեխնոլոգիական ոլորտի զարգացումն այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, և այստեղ էլ կառավարությունը ներդնում է ֆինանսավորման նոր բանաձևեր: Իհարկե, հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առջև ծառացած բոլոր հարցերը, մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և, ըստ էության, ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից:
2022թ. բյուջեում մենք ձգտել ենք զգուշորեն բալանսավորել կառավարության առաջնահերթությունները և միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը: Մենք սահմանում ենք մեր ռազմավարական նպատակները և նրանց իրականացման առաջնահերթություններն այնպես, որ նրանցից յուրաքանչյուրի իրականացումը հիմքեր ստեղծի մյուսների արդյունավետ իրագործման համար: Մենք վստահ ենք, որ կառավարության ծրագիրը ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը»:
Ըստ օրինագծի՝ ՀՀ 2022 թ. պետական բյուջեն եկամուտների գծով կկազմի 1 տրլն 946 մլրդ 236 մլն 135.6 հազար դրամ, ծախսերի գծով՝ 2 տրլն 188 մլրդ 428 մլն 509.7 հազար դրամ, իսկ պակասուրդը կկազմի 242 մլրդ 192 մլն 374.1 հազար դրամ: Օրինագծով նախատեսվում է, որ ԿԲ-ն 2022 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ այն ձևավորվել է Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրի առաջնահերթությունների շուրջ և ներկայացնում է այն հիմնական ֆինանսական պլանը, որը պետք է երաշխավորի Կառավարության ծրագրի իրագործման ուղղությամբ 2022 թ. –ին նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականցումը: «Կառավարության գործունեության ծրագիրը թիրախավորել է երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7 տոկոս։ Հետևաբար, բյուջեի նախագծով նախատեսվող տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական և սոցիալական նշանակության միջոցառումներն ընտրվել են այնպես, որ հանրային ֆինասական ռեսուրսների մասով առկա սահմանափակումների պայմաններում լավագույն միջավայր ստեղծեն 2022 թվականին և հետագա տարիներին վերը նշված տնտեսական թիրախին հասնելու համար»,-ասել է նախարարը։
Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ 2022թ․ պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների նպատակադրումը դրա արտացոլումն է: «Նախատեսվում է, որ տարվա ընթացքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը պետք է բարելավվի շուրջ 0,9 տոկոսային կետով և 2022-ի ավարտին հասնի ՀՆԱ-ի 23,4 տոկոսին։ Բյուջեի ծրագիրն ուղղակիորեն արտացոլում է մակրոտնտեսական կայունության և դրա հետ կապված պետական պարտքի կառավարելի մակարդակ երաշխավորելու առաջնահերթությունը։ Նախատեսվում է, որ տարվա ընթացքում ծրագրվող ենթակառուցվածքային և տնտեսական զարգացման կարևոր նշանակության այլ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար փոխառությունների ներգրավման արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,2 տոկոսը, իսկ պետական պարտքը՝ 60,2 տոկոսը»,- նշել է նախարարը ՝ հավելելով նաև, որ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող պետական ֆինանսական միջոցները կարձանագրեն աննախադեպ բարձր աճ. դրանք 2022-ին կկազմեն մոտ 350 մլրդ դրամ։
Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է պետբյուջեով նախատեսված մի քանի ծրագրերի: «Ուզում եմ հատկապես կարևորել ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու ծրագիրը, որը պետք է մեկնարկի 2022 թվականի հունվարի 1-ից: Այսինքն՝ 2022 թվականի հունվարի 1-ից ներառյալ ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նոր ծնվող երեխան ընտանիքում կստանա կառավարության աջակցությունը մինչև 6 տարեկան՝ ամսեկան 50 հազար դրամի չափով:
Հաջորդ ուղղությունը, որի մասին ես ուզում նշել հետևյալն է. այս տարի մեկնարկել ենք դպրոցների և մանկապարտեզների շինարարության հիմնանորոգման կամ վերակառուցման ծրագիրը: Ես ուզում եմ պայմանավորվենք, որ ընդհանրապես որևէ կրթական հաստատության ստեղծման, կառուցման մասին խոսելիս, նկատի ունենանք ոչ միայն շենք-շինությունը, այլև բովանդակությունը, որովհետև մեկն առանց մյուսի ուղղակի որևէ արդյունք չի կարող ունենալ կամ առնվազն արդյունքները չեն կարող լինել տեսանելի»:
Ենթակառուցվածքների զարգացման առումով վարչապետն ընդգծել է ջրամբարաշինության ծրագրերի կարևորությունը: «Իհարկե, ենթակառուցվածքների զարգացման առումով պիտի կարևորեմ Հյուս-հարավ ճանապարհի Սիսիան-Ագարակ հատվածի շինարարության մեկնարկը: Հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն գործնականում աշխատանքները կսկսեն, մասնավորապես՝ Սիսիան-Քաջարան հատվածում: Ջրամբարների նախագծման, շինարարության մեկնարկի հետ կապված նույնպես բավականին բարձր նշաձողեր ենք դրել, և այդ նշաձողերը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է ակտիվ և արդյունավետ աշխատել»,-ասել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի բյուջեի համատեքստում կարևոր է համարել այն արտաքին քաղաքականությունը, որը Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է նոր միջավայրում. «Եվ այդ արտաքին տարածաշրջանային քաղաքականությունը մենք ձևակերպում ենք այսպես՝ Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու անհրաժեշտությունը և հրամայականը: Մենք կարծում ենք, որ իրոք այսպիսի նպատակադրման հասնելու հնարավորություն կա: Իհարկե, որևէ մեկը չպետք է հույս ունենա, թե դա հնարավոր կլինի անել մեկ-երկու օրում կամ մեկ-երկու քայլով, գործողությամբ: Սա հետևողական աշխատանք է, որն ինչպես ասել եմ՝ մեզնից պահանջում է հետևողականություն, շրջահայացություն, սառնասրտություն և ամուր նյարդեր: Մենք այս առումով պետք է քայլ-քայլ առաջ գնանք մեր տարածաշրջանում և ընդհանրապես միջազգային միջավայրը Հայաստանի Հանրապետության շուրջ առավել բարենպաստ դարձնելու համար»:
Կապիտալ ներդրումների հետ կապված՝ վարչապետը նշել է, 350 միլիարդ դրամի պլանավորումն աննախադեպ ծավալ է երրորդ հանրապետության պատմության մեջ: «Այս նպատակի իրագործումը կախված է երկու խոշոր սուբյեկտից: Առաջին սուբյեկտը կառավարությունն է, երկրորդ սուբյեկտը մասնավոր հատվածն է: Առաջիկայում պլանավորել ենք այս թեման քննարկել: Ես ուզում եմ նաև բոլորիդ ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա, որ նախարարություններն այսօրվանից արդեն պիտի սկսեն 2022 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի իրագործման գործընթացը, մասնավորապես՝ կապիտալ ներդրումների մասով: Ես ակնկալում եմ, որ բոլոր այն մրցույթները, որոնք նախատեսված են 2022 թվականին ծրագրեր իրականացնելու համար, ինչպես թույլ է տալիս մեր օրենսդրությունը՝ օր առաջ կհայտարարվեն, որպեսզի հունվարի դրությամբ մրցույթներում արդեն ունենանք հաղթողներ», -ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի զարգացման խթանումը. «Ձևավորվեն այնպիսի կարողություններ, կատարվեն ներդրումներ, որոնք հնարավորություն կտան, որ նախ մրցույթների դրված ծրագրերի մասնակիցները լինեն որակավորված և հետագայում այդ ծրագրերն իրականացնեն պատշաճ ժամանակում և պատշաճ որակով: Սա շատ կարևոր նպատակադրում է: Պետք է ասեմ, որ սրա համար ամենակարևոր նախադրյալը հետևյալն է. կարծում եմ՝ այսօր մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում պետական գնումների գործընթացները, մրցույթները տեղի են ունենում հնարավորինս թափանցիկ, արդար, ազնիվ: Սա այդ ոլորտում ներդրումներ անելու ամենակարևոր խթանն է, որովհետև մարդիկ գիտեն, որ որևէ մրցույթում հաղթելու համար պետք է ոչ թե նախապես պայմանավորվել, այլ պետք է նախապես ներդրումներ անել, որակավորվել և հիմնավորել, որ իրենք ի վիճակի են այդ ծավալի աշխատանքը որակով և ժամանակին անել: Այս առումով կարծում եմ, որ մենք մեր, ինչպես նաև մասնավոր հատվածի նշաձողերը պետք է բարձրացնենք: Մենք հիմա նախատեսում ենք օրենսդրական փոփոխություններ, ինչպես, օրինակ, հարկային համակարգում ունենք: Օրինակ՝ ունենք օրինապահ հարկատու կամ հարկ վճարող համակարգ և հարկ վճարողներին ռեյտինգավորում ենք ինչ-որ իմաստով: Մենք հիմա պատրաստում ենք օրենսդրական փոփոխություն, որով պետական ներդրումների գործընթացը պատշաճ իրականացնող մասնավոր ընկերությունները ինչ-որ առումով կստանան կառավարության հատուկ գործընկերոջ կարգավիճակ, և նրանց հետ հարաբերությունները կպարզեցվեն, որպեսզի կարևոր պետական նշանակության ծրագրերի իրագործումը և այդ գործընթացն ավելի արագ և որակով հնարավոր լինի կազմակերպել»:
Վարչապետն անդրադարձել է նաև պետական միջոցների արդյունավետ օգտագործման հարցին և նշել. «Այդ ժամանակ մենք որպես կանոն հաշվի ենք առնում որակը, գինը, բայց գնագոյացման տրամաբանության մեջ հաշվի չենք առնում խնդրի ամենաթանկարժեք մասը՝ խոսքը ժամանակի մասին է: Ի վերջո մենք խոսում ենք նյութական արժեքների մասին, որոնք կարող ենք կոնկրետ գնանշել, նույնիսկ հաշվարկել, թե ինչ արժե ամեն շենքը, ամեն կիլոմետրը և այլն, բայց պետք է արձանագրենք, որ ամենաթանկարժեք բանը, ի վերջո, ժամանակն է: Այս առումով պետք է կարողանանք նույնիսկ պետական գնումների համակարգում այնպիսի ենթատեքստ ձևավորել, որ ժամանակը նույնպես, որպես շատ կարևոր նյութական արժեք, գնահատվի, և ծրագրերն իրականացնելիս գին-իրականացում հարաբերակցությունը դիտենք այս ընդհանուր համատեքստի մեջ»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությանը շատ կարևոր աշխատանք է սպասվում. «Կարծում եմ՝ հիմա մենք շրջադարձային կետում ենք և մեր ամենօրյա աշխատանքի որակը բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականությունից, վերջացրած գյուղատնտեսությունում, էական, ճակատագրական նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար:
Կրկին ուզում եմ ընդգծել՝ կառավարությունն ամենևին էլ չի ուզում շրջանցել կամ չառերեսվել այն մարտահրավերներին, որոնք առկա են: Ընդհակառակը, տրամադրվածությունն է առերեսվել այդ մարտահրավերներին, զբաղվել այդ մարտահրավերի լուծմամբ՝ որպես նպատակ ունենալով Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը»:
Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը: Ըստ հիմնավորման, սահմանափակումներ են դրվել նաև կանխիկ միջոցների ծախսային և եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում՝ այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ: Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ ՀՀ տարածքում անձանց միջև 2022 թ. հունվարի 1-ից ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը և այլ գործարքները իրականացվելու են անկանխիկ ձևով՝ աստիճանակարգված ձևով: Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երևան քաղաքի և մարզերի միջև ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով անկանխիկ վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի և սահմանվել են (Երևան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ:
Օրինագծերի փաթեթով քաղաքացիների համար կստեղծվեն պայմաններ՝ անկանխիկ վճարումների իրականացման համար: Մասնավորապես՝ նախատեսվել է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրման դրույթներ: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ուժեղացնել հարկային վարչարարությունը և պայքարել ստվերային տնտեսության դեմ: Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաև անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը և (կամ) ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ: Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել ստվերային և դրանով պայմանավորված ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ և այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին: Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նաև միջազգային շուկայում շարունակաբար զարգացող, տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների/միջոցների (QR կոդեր, անհպում և այլ տեխնոլոգիաներ, ակնթարթային վճարումներ)՝ տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետական վճարումների ոլորտում, ներդրման և բնակչության լայն խավերի կողմից կիրառման համար՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության որդեգրած՝ ՏՏ ոլորտի առաջատար մշակող և կիրառող երկիր ստանձնելու ստրատեգիկ նպատակին:
Անդրադառնալով օրինագծին՝ վարչապետ Փաշինյանը այդ համատեքստում կարևորել է հակակոռուպցիոն իմաստը: «Անկանխիկ գործարք նշանակում է հետագծելի գործարք: Եվ մենք այս առումով հակակոռուպցիոն քաղաքականության մեջ մեր հետևողականությունն ենք դրսևորում և այս ճանապարհով շարունակելու ենք գնալ: Գործարքների հետագծելիությունը մեզ համար պետական բյուջեի եկամուտներն ապահովելու առումով նույնպես լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում, որովհետև այս պարագայում հարկերից խուսափելը, շրջանցելը ավելի դժվար է դառնում և վարչարարությունն ավելի հեշտ է դառնում: Անկանխիկի շրջանառությունը, իհարկե, էականորեն մեծացնում է նաև պետական ֆինանսների օգտագործման արդյունավետությունը»,-ասել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն օրենսդրական նախաձեռնությունը կարևորել է նաև թվայնացման համատեքստում. «Ժամանակակից աշխարհում կա այսպիսի մի հասկացություն, որը գուցե առաջին հայացքից այնքան էլ լավ չի հնչում, բայց շատ կարևոր է՝ թվային հասարակության ձևավորման աշխատանքը: Դա արդյունավետ, ժամանակակից և զարգացող հասարակության հոմանիշն է, և անկանխիկ շրջանառության մեծացումը մարդուն դարձնում է ավելի ընկալունակ թվային ոլորտի, կառավարման և բարեփոխումների նկատմամբ»:
Այդ առումով վարչապետն ընդգծել է հիմնական չորս անելիքները ոլորտում. «Առաջինը՝ մենք պետք է լրջորեն խթանենք Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից չափանիշներին համապատասխանող նույնականացման քարտերի շրջանառումը, երկրորդը՝ ներդրված է և պիտի էականորեն հեշտացնենք և հասանելի դարձնենք էլեկտրոնային ստորագրությունների կիրառումը, երրորդը՝ պետք է այս երկու համակարգերը կապենք բջջային հեռախոսի հետ, հեռախոսահամարի հետ: Եվ չորրորդ՝ պետք է այս ամենը կապենք մարդու ֆինանսական գործունեության հետ: Այս չորս ուղղություններով զարգացումը շատ կարևոր է, որպեսզի մարդը կարողանա բջջային հեռախոսով կատարել վճարումներ, ստանալ և վճարել գումարներ, կնքել գործարքներ»:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումը հարակից նպաստավոր արդյունքներ է ունենալու, տնտեսության, կրթության, պետական կառավարման ոլորտներում ունենալու ենք բոլորովին այլ իրավիճակ: «Այս ամենն ասում եմ՝ ունենալով նախկին փորձը: Գիտեմ, պիտի հիմա ամենատարբեր փաստարկները բերեն, թե ինչքան կարևոր է կանխիկի շրջանառությունը չկրճատելը: Այո, այդպիսի փաստարկներ հնչելու են, ընդ որում՝ հղում է արվելու սոցիալապես ամենախոցելի խավերի շահերին, բայց մենք առավելագույնը կանենք: Նախ՝ սոցիալապես ամենախոցելի խավերի շահերին առավել արդյունավետ սպասարկման համար նույնպես թվայնացումը, ընդհանուր առմամբ չափազանց կարևոր է: Եկեք արձանագրենք՝ սա երկարատև քննարկումների արդյունքում կայացրած քաղաքական որոշում է, որը հերթական, բայց վերջին քայլը չէ: Մենք պետք է ամեն ինչ անենք Հայաստանի Հանրապետությունում կանխիկի շրջանառությունը նվազագույնի հասցնելու համար»,-ասել է կառավարության ղեկավարը:
Գործադիրը հավանություն է տվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունումը կնպաստի Երևան քաղաքի կառավարման և Երևանի քաղաքապետին քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում վերապահված իրավասությունների իրականացման արդյունավետության բարձրացմանը: Նշված ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ոլորտի բոլոր ստորաբաժանումների համակարգումը մեկ անձի կողմից իրականացվելու, ինչպես նաև ոլորտի զարգացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով՝ առաջարկվում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: Հիմնավորման համաձայն՝ նման որոշումը հնարավորություն կտա քաղաքապետին արդյունավետ համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները: Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:
2020 թվականի նոյեմբերից հետո Արցախին հատկացվել է մոտ 100 միլիարդ դրամի դրամական աջակցությունն
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ, նախկինում ընդունած որոշումներում՝ Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետբյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 473 մլն դրամ
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս որոշմամբ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամի: «Սա շատ կարևոր է, և մենք շարունակելու են այս գործընթացը մի նկատառմամբ, որ զուտ սոցիալական աջակցության տրամաբանությունն պիտի ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման տրամաբանությամբ՝ տնտեսական գործունեությունը և ակտիվությունն Արցախում խթանելու նպատակով»,-ասել է կառավարության ղեկավարը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ Սյունիքի մարզպետարանին կհատկացվի 1 մլրդ դրամ՝ Վարչապետի համապատասխան որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից ՀՀ Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ, և մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։
Հիմնանորոգումից հետո ավագ դպրոցները կունենան կրթության համար բարենպաստ և արդի պահանջներին համապատասխանող շենքային պայմաններ
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից գումար վերաբաշխել և հատկացնել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հիմնանորոգվող ավագ դպրոցները գույքով ապահովելուն: Ըստ հիմնավորման՝ ծրագիրը 2018 թվականից ի վեր ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է Համաշխարհային բանկի աջակցությամբ և պետբյուջեից համաֆինանսավորմամբ (համապատասխանաբար 80 տոկոս և 20 տոկոս հարաբերակցությամբ): Միջոցառման շրջանակում ընտրվել է թվով 8 ավագ դպրոց, որոնցում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այդ դպրոցներն են՝ Երևանի Հայկական Մանկավարժական Համալսարանի հենակետային ավագ դպրոց վարժարանը, Գեղարքունիքի մարզի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցը, Երևանի թիվ 42, թիվ 142 ավագ դպրոցները, Սյունիքի մարզի Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը, Շիրակի մարզի թիվ 3 ավագ դպրոցը, Գյումրու Ակադեմիական վարժարանը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 5 ավագ դպրոցը։ Գյումրու Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մնացած դպրոցներինը՝ գտնվում են ավարտական փուլում։ Հիմնանորոգումից հետո վերոնշյալ ավագ դպրոցները կունենան կրթության համար բարենպաստ և արդի պահանջներին համապատասխանող շենքային պայմաններ։
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում ժամանակակից հետազոտություններ իրականացնելու համար ձեռք կբերվի Իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանք և Ռենտգենյան դիֆրակտոմետր: Գործադիրն ընդունել է «Գնման գործընթացները կազմակերպելու մասին» որոշում: Ժամանակակից գիտական սարքավորումների ձեռքբերմամբ ինստիտուտում հիմնված Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնում ստեղծվելու է նանոճարտարագիտության տեխնոլոգիական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, եզակի գիտական և տեխնոլոգիական նշանակություն ունեցող լաբորատորիա, ինչով հնարավորություն է ընձեռվելու ատոմային մակարդակում կառավարել նանոկառուցվածքների ստացման ողջ ցիկլը:
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև՝ «Հանձնման մասին» 1957թ. դեկտեմբերի 13-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելուն ուղղված» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը կնպաստի երկու պետությունների միջև ավելի արդյունավետ համագործակցության խթանմանը՝ հանձնման հետ կապված հարցերով, մասնավորապես, aut dedere aut judicare (կա՛մ հանձնել, կա՛մ պատժել) սկզբունքի առումով: Համաձայնագրով յուրաքանչյուր պայմանավորվող կողմ մյուս պայմանավորվող կողմի հարցման հիման վրա իր տարածքում ճանաչում և կատարում է մյուս պայմանավորվող կողմի դատարանների՝ իր պետության քաղաքացիների նկատմամբ կայացված՝ ազատազրկման ձևով պատիժ կամ, ի թիվս այլ պատժամիջոցների, ազատազրկում նախատեսող վերջնական դատավճիռը այն դեպքում, երբ հայցվող անձի հանձնման պահանջը մերժվել է կամ չի կարող բավարարվել բացառապես նրա քաղաքացիության պատճառով, ինչպես սահմանված է «Հանձնման մասին» 1957 թվականի դեկտեմբերի 13-ի եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով: Համաձայնագրի վավերացումը կդյուրացնի «Հանձնման մասին» 1957 թվականի դեկտեմբերի 13-ի եվրոպական կոնվենցիայով երկու պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը՝ հնարավորություն ստեղծելով ճանաչել և կատարել մյուս պայմանավորվող կողմի դատարանների կողմից իրենց քաղաքացիների վերաբերյալ կայացրած վերջնական դատավճիռները:
Այլ որոշումներ
Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել 2021 թ. հոկտեմբերի 3-ից 9-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերի մրցանակային ֆոնդի համալրման և մրցույթում հաղթող ճանաչված ֆիլմերի պարգևատրման գործընթացը: Միջոցառման շրջանակում՝ կինոփառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված տեղական և օտարերկրյա ֆիլմերի ցուցադրության արդյունքում, մրցույթում հաղթող ճանաչված ֆիլմերի պարգևատրման նպատակով կինոփառատոնը շնորհում է միջազգային մրցանակներ (այդ թվում գումարային), որոնք հանդիսանում են կինոփառատոնի ավանդական բաղադրիչը: Ըստ այդմ՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և մրցանակային ֆոնդին աջակցման նպատակով առաջարկվում է կատարել վերաբաշխում «ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Տիտոգրադյան 133/2 հասցեում գտնվող քոլեջի մասնաշենքը, ինչպես նաև դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված 0.211543 հա մակերեսով հողամասը ներկայացնել օտարման աճուրդով՝ մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ նվազեցված հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի չափով՝ 49 798 536 դրամ՝ սահմանելով նաև, որ գնորդը պարտավոր է վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ 34 220 464 դրամ։ Առաջին մրցույթի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում նախատեսվում է կազմակերպել ևս երեք մրցույթ` յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի վաճառքի գնի 15 տոկոսի չափով։ Սահմանվել է նաև, որ գնորդը պարտավորվում է ամբողջովին ապամոնտաժել գույքը և կառուցել նոր գույքային համալիր՝ համաձայն մրցութային հայտում իր կողմից ներկայացվող գործարար ծրագրի։
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել են նաև 2022 թվականի մի շարք տարեկան ծրագրեր, միջոցառումների ցանկեր ու ժամանակացույցեր:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ