Լրահոս
Օրվա լրահոսը

Սարիբեկը դհոլը փոխարինեց զենքով ու չվերադարձավ

Սեպտեմբեր 30,2021 16:21

Սարիբեկ Մկրտչյանը Արցախյան 2-րդ պատերազմի առաջին հերոսներից է: Դեռ 6 տարեկան էր, երբ սկսեց հաճախել «Վահագն» դհոլահարների համույթ: Դհոլի հանդեպ սերը ժառանգել էր մորեղբորից: «Սարոս շատ էր սիրում երաժշտությունը: Որոշեց, որ պիտի նմանվի իր քեռուն: Երաժշտությունն իր տարերքն էր: Դհոլի դասերին նվագում էր, հետո գալիս էր ու տանն էր շարունակում նվագել: Նա երբեք չէր ափսոսում, որ ընտրել է հենց դհոլահարի մասնագիտությունը»,-պատմում է Սարիբեկի մայրը `Լիլիթ Ներսեսյանը:

19 տարեկանում հերոսացած Սարիբեկը ծնվել է 2000 թ.-ի հոկտեմբերի 23-ին, Երևանում։ Սովորել է Ն. Աղբալյանի անվան համար 19 դպրոցում, հետո ընդունվել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ։ Ծրագրավորումը իր 2-րդ մասնագիտությունն էր լինելու:

2 քույրերի մեծ եղբայրն էր: Տղան քույրերից յուրաքանչյուրին յուրովի էր սիրում: Մայրը նշում է, որ Սարիբեկն իրեն իսկական ավագ եղբոր պես էր պահում: Չնայած սերը ցույց չէր տալիս, բայց քույրերից ավագին` Լուիզային, միշտ պաշտպանում էր ու մենակ չէր թողնում: Իսկ փոքր քրոջը` Լիլիային, որից 14 տարի մեծ էր, Սարիբեկը առանձնահատուկ էր վերաբերվում:

2019 թվականի հունվարի 26-ն էր, երբ Սարիբեկը զորակոչվեց բանակ և ծառայության անցավ Կապանի զորամասում: Չնայած պիտի ծառայեր նվագախմբում, բայց բանակում Սարիբեկը կրտսեր սերժանտ և հրետանավոր դարձավ: Հետո նաև ստանձնեց հաշվարկի հրամանատարի կարևոր գործը: «Շատ նվիրված էր իր տեխնիկային: Երբ զինտեխնիկան մաքրելու ժամանակն էր գալիս, Սարոն էնպես էր մաքրում հրետանու ամեն մի դետալը, որ նույնիսկ հեռվից նայելիս հասկանում էի, որ դա Սարոյի հրետանին է»,- պատմում է Սարիբեկի ծառայակից ընկերներից Հակոբը: Ապա հավելում է. «Սարիբեկը շատ բարի տղա էր: Վարակիչ ծիծաղ ուներ: Ինքը, որ սկսում էր ծիծաղել, շուրջը հավաքվածներն էլ իր հետ հավասար ծիծաղում էին»:

Մինչև բանակ զորակոչվելը՝ Սարիբեկը մանկության ընկերոջ` Հարութ Առաքելյանի հետ, իրենց երաժշտական փոքրիկ ստուդիան էին բացել: Մայրը հիշում է, թե ինչպես էր Սարիբեկը համակարգիչը տանից տարել, որ ընկերների հետ ձայնագրեին իրենց երգերը: «Ստուդիան իրենց ձեռքբերումն էր ու Սարոս շատ էր հպարտանում դրանով: Ասում էր` մամ ջան, որ բանակից գամ՝ շատ լուրջ զբաղվելու եմ ստուդիայի աշխատանքներով»,-պատմում է Լիլիթ Ներսեսյանը:

Սեպտեմբերի 7-ն էր, երբ Սարիբեկը տեղափոխվեց Ջրական` զորավարժությունների և ընդամենը 20 օր հետո սկսվեց պատերազմը: Կռվի առաջին օրից նա անընդմեջ մասնակցել է Ջրականում ընթացող թեժ մարտերին: Միայն սեպտեմբերի 29-ին է խոսել ընտանիքի հետ, բայց թաքցրել է, որ մասնակցում է մարտերին:

Հերոս հրետանավորը զոհվեց սեպտեմբերի 30-ին ԱԹՍ-ի հարվածից, երբ փոխում էին իրենց կրակային դիրքը: Սարիբեկ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով։

Լիանա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930