Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց սխրանքները չեն մոռացվի». Լանջաղբյուրում բացվեց եւ օրհնվեց պատերազմի զոհերի հուշաղբյուրը

Սեպտեմբեր 30,2021 17:26

Սեպտեմբերի 29-ին Լանջաղբյուր համայնքի միջնակարգ դպրոցի բակում բացվեց Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող հուշաղբյուրը: Այն օրհնվեց ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ աջակցությամբ թեմի հոգեւոր դասի: Հուշաղբյուրի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Լանջաղբյուր համայնքի ղեկավար Յուրիկ Բաղդասարյանը, մանկավարժներ , դպրոցականներ, Արցախյան պատերազմներում զոհված լանջաղբյուրցի զինծառայողների ծնողներն ու հարազատները:

Հանդես գալով բացման խոսքով՝ Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ Լանջաղբյուրը տվել է երկու, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ մեկ զոհ: 1992-1994 թվականների ընթացքում զոհվել են Լանջաղբյուրի դպրոցի նախկին սաներ Թաթոս Սհոյանը եւ Հովիկ Իսկանդարյանը, իսկ 2020 թվականին՝ Վաչիկ Ղարիբյանը: Հուշաղբյուրը կառուցվել է համայնքի ղեկավար Յուրիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ: «Մենք կորցրել ենք մեր դպրոցի լավագույն աշակերտներին, որոնք հայրենիքը պաշտպանել են իրենց կյանքի գնով: Նրանց սխրանքները երբեք չեն մոռացվի, իսկ ապրողներս կլինենք նրանց անունները հավերժացնող, մեր հայրենիքը շեն պահող մարդիկ»,-նշեց դպրոցի տնօրենը:

Օրհնության կարգ կատարելուց հետո ներկաներին ոգեկոչման խոսքով դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը: «Այս հուշաղբյուրը հարգանքի ու խոնարհումի առանձնահատուկ տուրք է այն հերոս տղաների սուրբ հիշատակին, որոնք հերոսաբար մարտնչեցին թշնամու դեմ: Այդ հերոսամարտերը հավետ կմնան մեր պատմության փառավոր էջերում, իսկ նրանց անունները հավերժ կհիշեն այս դպրոց ոտք դրած աշակերտները, ողջ համայնքը, գալիք սերունդները: Հավերժ փառք նրանց»,-ասաց Տեր-Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշաղբյուրին, ապա դպրոցի ռազմագիտության դասասենյակում մասնակցեցին անվանակոչության արարողությանը: Ռազմագիտության դասասենյակն այսուհետ կրում է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի սան Վաչիկ Ղարիբյանի անունը: Սենյակում ստեղծված հուշանկյունում տեղադրված են նրա անձնական իրերից: Այնուհետև դպրոցում կազմակերպվեց գրական-երաժշտական ցերեկույթ, որի ընթացքում դպրոցի շնորհալի սաները փառաբանեցին Արցախյան պատերազմների լանջաղբյուրցի հերոսներին, ներկայացրին նրանց անցած մարտական ու հերոսական ուղիները:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել