Այսօր կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անում ընդդեմ առողջապահության նախարարի որոշման, ըստ որի՝ աշխատողները հոկտեմբերի 1-ից աշխատանքի ներկայանալիս պետք է կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր ներկայացնեն կամ էլ ՊՇՌ թեստի բացասական արդյունք։
Նշենք, որ այսօր արդարադատության նախարարությունը հայտնել է, որ նախարարության աշխատակազմը, համաձայն առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14․10․2021 թվականից։
Ցույցի մասնակից Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի փաստաբան Քրիստինե Ավագյանը (լուսանկարում) լրագրողների հետ զրույցում ասաց․ «Արդեն բավականին երկար ժամանակ է, որ քաղաքացիներ են դիմում՝ անդրադառնալով նրան, որ գործատուները տեղեկացնում են՝ պետք է հոկտեմբերի 1-ից ներկայացնել կամ ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստումը հավաստող փաստաթուղթը։ Մենք տեղեկացրել ենք, որ աշխատանքային օրենսգրքի 108 հոդվածով հստակ սահմանված են այն պայմանները (ոգելից խմիչքի առկայությունը, թմրամիջոցներն ու հոգեներգործուն նյութերը, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքեր), որոնց դեպքում գործատուն կարող է թույլ չտալ անցնել աշխատանքի։ Քաղաքացիներին, զգուշացնենք, որ իրենք ներկայանան աշխատանքի, գրավոր տեղեկացնեն, որ պատրաստ են աշխատանքը կատարել, մնացած մասով իրենց որեւէ վտանգ չպետք է սպառնա»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ