Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ է կամայական կերպով որոշում վնասել պետությանը. ի՞նչ կլիներ, եթե պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը 6 օրով գնար ԵԽԽՎ նիստերին մասնակցելու. «Այլընտրանքային նախագծեր»

Սեպտեմբեր 30,2021 14:22

Մի ոչ մասնավոր պատմություն

Իրավիճակը, որ ուզում ենք դարձնել քննարկման առարկա, համարենք պայմանական, իսկ իրավիճակի կենտրոնում հայտնվում է պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը, որն ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ է։ Նա, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, պետք է մեկներ Ստրասբուրգ՝ մասնակցելու վեհաժողովի լիագումար նիստին, քաղաքական խմբի և հանձնաժողովի նիստերին, որտեղ քննարկվելու էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք զեկույցներ։ Պատվիրակության այս անդամն ունի լավ փորձ, գիտելիքներ, միջազգային կապեր, և սա  ընդունում են նույնիսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հնարավոր է չունեն անձնական համակրանք նրա նկատմամբ, բայց հասկանում են, որ պետության շահից է բխում ԵԽԽՎ պատվիրակության կազմում վեհաժողովին նրա մասնակցությունը։

Սակայն պատվիրակության այս անդամի՝ երկրից բացակայելու հնարավորությունը սահմանափակված է իրավական գործընթացի շրջանակներում։ Այլ հարց է «ինչո՞ւ»։ Դա քննարկման այլ առարկա է, և ավելի հանգամանալից անդրադարձի կարիք ունի, քանի որ քրեական գործերով անցնող այլ անձինք վերջին երեք տարվա ընթացքում, երբ ուզում գալիս են, երբ ուզում գնում, բայց առայժմ չկենտրոնանանք այս խնդրի վրա։ Նույնիսկ չենք կենտրոնանում այն տեսանկյունի վրա, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների զգալի մասը խափանման միջոցի տակ է։ Ինչևէ։

Որպեսզի պատգամավորը մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, դիմում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ՀՀ-ից բացակայելու թույլտվություն ստանալու հարցով։ Դիմում է նաև ՀՔԾ՝ վարույթում գտնվող մեկ այլ գործով բացակայելու թույլտվություն ստանալու համար։ Պետությունը, ի դեմս ԱԺ նախագահի, անում է իրենից կախված ամեն ինչ՝ ապահովելու պատգամավորի բնականոն աշխատանքը։ ՀՔԾ քննիչը տալիս է անհրաժեշտ համաձայնությունը։ Իսկ երբ գործը հասնում է Աննա Դանիբեկյանին, ապա նա շատ հանգիստ մերժում է դիմումը՝ առանց բավարար հիմնավորումների, առանց հիմնավոր պատճառների։

Աննա Դանիբեկյանն, ըստ էության, պատերազմ է հայտարարել ԵԽԽՎ-ին, որտեղ խիստ կարևորվում է վեհաժողովի անդամների և պատվիրակների կարգավիճակը։ Եվ Դանիբեկյանի որոշման պատճառով հարվածի տակ է դրվում մեր երկրի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը։ ԵԽԽՎ-ը շատ զգայուն է նման հարցերում, և սա անհետևանք չի կարող մնալ, այլ հարց է, որ Աննա Դանիբեկյանը դա չի գիտակցում։

Վեհաժողովում ընդունվում են բարդ զեկույցներ և բանաձևեր Հայաստանի վերաբերյալ։ Դանիբեկյանը հավանաբար չի էլ գիտակցում, թե պատվիրակության անդամի բացակայությունն ինչ հետևանքներ է ունենում նման դեպքերում։ Հավանաբար չհասկանալով, թե ինչ է անում, նա, ըստ էության, պատերազմ է հայտարարել մեր պետությանը։

Միջազգային հարթությունում պետության շահերը հավասարապես ներկայացնում են և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորները։ Իսկ դատավորի մոտ պետական մտածելակերպի կատարյալ բացակայության հետևանքով, ընդդիմադիր պատգամավորները (Արմեն Ռուստամյան, Հայկ Մամիջանյան), ի նշան համերաշխության, ևս չմասնակցեցին ԵԽ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։ Արդյունքում տուժում է բացառապես պետությունը։ Աննա Դանիբեկյանը, ըստ էության, Լյուդովիկոս 14-րդի պես հայտարարում է՝ պետությունը ես եմ։

Ի՞նչ շահեց մեր պետությունը Աննա Դանիբեկյանի կամայական որոշումից՝ ոչ մի բան։ Ի՞նչ կլիներ, եթե պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը 6 օրով գնար ԵԽԽՎ նիստերին մասնակցելու։ Պետությունը միայն կշահեր։ Եվ կշահի յուրաքանչյուր դեպքում, երբ գրագետ պատգամավորները կարողանան դրսում պաշտպանել Հայաստանի շահերը։

Պատերազմից հետո թվում է, թե շատ բաներ պետք է վերաիմաստավորվեին։ Բայց իրական կյանքը և իրական Ա. Դանիբեկյանը ուրիշ բան են ապացուցում։ Հիմա իրոք պետք է հասկանալ՝ դա տիկին Դանիբեկյանի անձնական որոշո՞ւմն է, թե՞ այլ տեղ է կայացվել։ Սա սկզբունքային խնդիր է։  Ո՞վ է կամայական կերպով որոշում վնասել պետությանը, խաղալ պետության հեղինակության հետ։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930