Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն (դատավոր Գագիկ Պողոսյան) այս պահին քննում է զենքի մատակարար-ընկերության հիմնադիր Դավիթ Գալստյանի (հայտնի որպես «Պատրոն Դավո») հանդեպ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը։ Նրա փաստաբան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում քրեական գործի վերաբերյալ հետեւյալն ասաց․ «Ամբողջությամբ նոր գործ է, որը հին գործի հետ կապ չունի։ Այսքան նյութ կա (ցույց է տալիս ձեռքի թղթապանակները)։ Մի հատ ներս մտնենք՝ հասկանանք ինչ է։ Հիմա նա ձերբակալված է, քննվում է կալանքի միջնորդություն։ Երեկ գիշերն են նյութերը մեզ տրամադրել։ Ամեն ինչ կատարվել է երեկ»։
Նիստը դռնփակ է․ Դավիթ Գալստյանը պաշտպանին հայտնել է, որ մեղադրանքը չի ընդունում։
Լրագրողները հետաքրքվեցին՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանությունը եւս ինքն է ստանձնե՞լ։ «Ոչ, ընդհանրապես կապ չունենք Դավիթ Տոնոյանի հետ»,-պատասխանեց Արմեն Հարությունյանը։
Հիշեցնենք՝ դեռեւս հունվարին հայտնի դարձավ, որ Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանը չորս քրեական գործերով է անցնում։ Նա կալանավորվել էր, ավելի ուշ՝ դատարանի որոշմամբ ազատ արձակվել։
Կարդացեք նաև
Այսօր էլ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումարի եւ հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը, որոնք մեղադրյալի կարգավիճակում են։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային