«Արմեն Չարչյանի վիճակն այնքան է մտահոգում, որ պարոն Չարչյանը համարյա խցում ժամեր չի անցկացրել եւ անընդհատ անցկացրել է իր ազատազրկումը բժշկական հսկողության ներքո թե՛ մեր բուժհաստատությունում, եւ թե՛ քաղաքացիական հաստատություններում»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ կալանավորված Արմեն Չարչյանին («Հայաստան» խմբակցության պատգամավոր) չի այցելում, նրա առողջական վիճակը վատ է, սա չի՞ մտահոգում նախարարին։
Նախարարի խոսքով՝ ինչ վերաբերում է առանձին ազատազրկված անձանց այցելելուն, ապա չկա հատուկ ցուցում կամ անհանգստություն, որ բժիշկները կամ կալանավայրի աշխատակիցները չեն կարողանում ապահովել, որպեսզի այդ պատճառով նախարարն այցելի․ «Իսկ այսպես քաղաքական ընտրությամբ որեւէ մեկին այցելելը կլինի շատ խտրական»։
Նախարարը վստահեցրեց, որ առաջին իսկ օրվանից հատուկ հոգածությամբ է վերաբերվել ոչ միայն պարոն Չարչյանին, այլ բոլոր այն ազատազրկվածներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ․ «Իսկ պարոն Չարչյանի դեպքում վստահեցնում եմ՝ հաշվի առնելով նաեւ նրա քաղաքական թիմի մտահոգությունները, նա ունի առանձնահատուկ ուշադրություն թե՛ հասարակության, թե՛ քաղաքացիական բժշկական հաստատությունների, եւ թե՛ մեր կալանավայրում։ Մեր հոգատարությունը նաեւ պարոն Չարչյանի նկատմամբ եղել է բացառիկ։ Ես ամենօրյա ռեժիմով ստացել եմ զեկուցումներ, զբաղվել ենք եւ ամեն ինչ արել ենք օրինականության սահմաններում։ Պարոն Չարչյանի առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ