Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը դուրս եկավ բունկերից

Սեպտեմբեր 30,2021 12:20

Էրդողանի ծրագրերը՝ Սոչիի բանակցություններին հանդես գալ ուժի դիրքերից, հօդս են ցնդել

ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը առայժմ չարժանացած, փոքր-ինչ վիրավորված Թուրքիայի նախագահին օրերս Սոչիում ընդունեց ՌԴ նախագահը: Վերջին օրերին Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացված էր, քանի որ նրա շրջապատում կորոնավիրուսով վարակված մարդիկ էին հայտնաբերվել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Էրդողանի հետ հանդիպման նպատակով բացառություն արեց, ուրեմն, պետք է եզրակացնել, որ ռուս-թուրքական օրակարգում առկա խնդիրները անհապաղ քննարկման անհրաժեշտություն ունեին: Դատելով Պուտին-Էրդողան հանդիպման վերաբերյալ Կրեմլի կայքում զետեղված լուսանկարներից՝ ՌԴ նախագահը թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը թղթերի մի մեծ տրցակով էր ներկայացել:

Մինչ հանդիպումը ռուսական կողմը հայտնեց, որ ռուս-թուրքական հերթական բանակցությունների օրակարգում էին նաեւ հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ՝ Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանին վերաբերող թեմաները։ Էրդողանը Սոչիում արձանագրել է, թե Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ քայլերը Սիրիայում մեծ կարեւորություն ունեն, եւ որ այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է երկու երկրների հարաբերություններից. «Սիրիայի խնդրի վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ քայլերը մեծ նշանակություն ունեն»: Մինչդեռ ռուս-թուրքական հերթական բանակցություններից ընդամենը մեկ օր առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատեց ՌԴ իշխանություններին՝ Իդլիբում վերջին շրջանում իրականացված օդային հարվածների համար՝ նշելով. «Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ կնքված հուշագրի դրույթներին եւ ամենայն ճշգրտությամբ կյանքի ենք կոչում դրանք։ Չնայած այդ իրողությանը՝ վերջին շրջանում ՌԴ-ի կողմից Իդլիբում իրականացվող օդային հարվածների թիվը զգալիորեն աճել է։ Մենք հայտարարել ենք, որ դա չի համապատասխանում երկկողմ հուշագրի դրույթներին։ Այս խնդրի շուրջ բանակցություններն այժմ էլ շարունակվում են»։

Հետաքրքրականն այն է, որ Էրդողանը Պուտինի հետ բանակցությունների նախօրեին հայտարարեց, թե հանդիմանը շատ կարեւոր որոշում է կայացվելու, սակայն չմանրամասնեց ինչի մասին է խոսքը։ Վերլուծաբանները կանխատեսում էին, որ ամենայն հավանականությամբ, ռուսական սպառազինության ձեռք բերման շուրջ նոր համաձայնագրի շուրջ են կողմերը համաձայնության գալու: Օրեր առաջ Էրդողանն ամերիկյան CBS-ին տված հարցազրույցում նշել էր. «Անկարան մտադիր է ռուսական S-400-ների երկրորդ խմբաքանակը ձեռք բերել։ Որեւէ մեկը չի կարողանալու միջամտել եւ թելադրել մեզ, թե ինչպիսի պաշտպանական համակարգեր գնենք եւ որ երկրից։ Որեւէ մեկը չի կարող սրա վրա ազդել, միակ որոշողը մենք ենք»։ Նկատենք, որ Էրդողանի համար Սոչիի բանակցությունները խիստ կարեւոր են եղել, քանի որ չնայած բանակցությունների ձեւաչափին, Սոչի Էրդողանի հետ ժամանել էր նաեւ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, ինչպես նաեւ նրա գլխավոր խորհրդական եւ խոսնակ՝ Իբրահիմ Քալընը, որը կարեւոր ֆիգուր է համարվում իշխանական վերնախավում։ Սակայն Պուտինը Էրդողանի հետ հանդիպմանը նախապատրաստված էր եկել եւ Էրդողանի ծրագրերը՝ ռուս-թուրքական հերթական բանակցություններին հանդես գալ ուժի դիրքերից, հօդս են ցնդել: Ռուսները պատասխանեցին Սիրիայում թուրքական վերջին սադրանքներին՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում հարվածներ հասցնելով, եւ կան հիմնավոր կասկածներ, որ ռուսներն այդ հարվածները համակարգել են ամերիկյան կողմի հետ:

Դատելով այն հանգամանքից, որ Սոչիում ռուս-թուրքական բանակցություններից հետո Պուտինն ու Էրդողանը մամուլի ներկայացուցիչների առջեւ հանդես չեկան: Ավելին՝ Թուրքիա վերադարձող Էրդողանն էլ որոշում է լրագրողների հետ նախօրոք ծրագրված ճեպազրույցի լուսաբանումը թույլ տալ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, օրվա երկրորդ կեսին միայն: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ Սոչիում բանակցությունների արդյունքների մասին կամ կողմերը նախընտրեցին հրապարակավ չխոսել, կամ էլ՝ նշանակալի արդյունքներ պարզապես չկան, ռուս-թուրքական հակասությունները պահպանվում են: Հիշեցնենք նաեւ, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ Անկարան եւս մեկ անգամ հաստատեց թուրքական անփոփոխ դիրքորոշումը Ղրիմի հարցում: Սեպտեմբերի 22-ին Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, թե չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում. «Մենք կարեւոր ենք համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանումը, ներառյալ Ղրիմի տարածքը, որի միացումը մենք չենք ճանաչում: Մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք Ղրիմի թաթարների իրավունքները պաշտպանելու համար»։

Դառնանք Սոչիում Պուտինի հայտարարություններին՝ հիշեցնելով, որ հանդիպման նախօրեին Էրդողանը հրապարակավ նշել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը՝ ընդգծելով, որ առաջընթացի համար Հայաստանը պետք է տեսանելի քայլեր ձեռնարկի «Զանգեզուրյան միջանցքի» բացման ուղղությամբ։ Սակայն հետաքրքրականն այն է, որ ընդունելով հյուրին՝ Պուտինը չխոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, անգամ չարտաբերեց Լեռնային Ղարաբաղի անունը։ Այսինքն՝ Էրդողանի «զանգեզուրյան» ախորժակն էլ Սոչիում չբավարարվեց: Սակայն խոսելով Աղդամում տեղակայված, հրադադարի պահպանմանը հետեւող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի մասին՝ Պուտինն այն ներկայացրեց որպես կենտրոն, որը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին. «Արդյունավետ գործում է կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը՝ հայ-ադրբեջանական սահմանին»։ Պուտինը նաեւ հավելեց, թե այդ կենտրոնի ակտիվ գործունեությունը տարածաշրջանում՝ «կայունության եւ հակամարտող կողմերի հնարավոր հաշտեցման լրջագույն երաշխիք է»:

Պուտինի վերոնշյալ հայտարարությունը աբսուրդային է, քանի որ ռուս-թուրքական կենտրոնը կոչված է վերահսկելու ԼՂ-ում զինադադարի ռեժիմը: Գուցե մեզ անհայտ, Հայաստան-Ադրբեջան սահմանի իրավիճակի վերաբերյալ նույնպե՞ս ռուս-թուրքական պայմանավորվածություններ ու փաստաթղթեր կան, որ Պուտինն արդեն «Հայաստան-Ադրբեջան» է հիշատակում Էրդողանի հետ հանդիպմանը: Այս առումով, իսկապես, Պուտինի հայտարարությունը, մեղմ ասած՝ անհասկանալի է:

Բացի այդ, Հայաստանին շարունակաբար պայմաններ թելադրելու Անկարայի անփոփոխ դիրքորոշումը այդ ո՞ր օրվանից է Պուտինը համարում «հաշտեցման լրջագույն երաշխիք», սա նույնպես տարօրինակ է: Պարզ է, որ Պուտինը հասել է իր նպատակին՝ ԼՂ-ում տեղակայվել են ռուս խաղաղապահներ, ու այժմ Անկարային չնեղացնելու նպատակով երբեմն կարող է հիշատակել նաեւ ռուս-թուրքական համատեղ կենտրոնը, սակայն իրականում Պուտինը գիտի, թե որքան մեծ է Անկարայի ու Բաքվի դժգոհությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների առկայության մասով: Ալիեւն արդեն մի քանի անգամ հրապարակավ նշել է, որ սահմանված չէ նրանց մանդատը:

Իսկ ընդհանուր առմամբ, Պուտինը կշարունակի Անկարայի ու Բաքվի հետ հարաբերությունների խորացումը՝ Մոսկվայի շահերին համապատասխան, որը ոչ միշտ է համընկնելու հայկական շահերի հետ, ավելին՝ ՌԴ-ի ռազմավարական դաշնակից Հայաստանի շահերը Մոսկվայում հաշվի չեն առնում եւ անգամ չեն էլ հիշատակում: Կրեմլի քարոզչական գիծն ուղիղ մեկ տարի անփոփոխ է՝ «44-օրյա պատերազմի մեղավորը Հայաստանն է», «հայերը կորցրել են իրենց պատիվը», իսկ մենք կշարունակենք Անկարայի ու Բաքվի հետ մեր «առեւտուրը»: Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրերս «Национальная оборона» ռուսաստանյան պարբերականի հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանը զարգացնելու է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը եւ ռուսաստանյան սպառազինության նոր տեսակների ձեռքբերման հայտ է ներկայացրել: «Բոլոր ուղղություններով ՌԴ-ի հետ լավ աշխատանք է ընթանում, այդ թվում` ռազմատեխնիկական ուղղությամբ», ասաց նա՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը արդեն մի շարք հայտեր է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը համարվում է ռուսաստանյան սպառազինության ամենախոշոր գնորդներից մեկը, վերջին տարիներին հենց Ռուսաստանից է գնել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ զենք-զինամթերք, այդ թվում՝ հարձակողական զինատեսակներ։ 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում՝ 2011-2020թթ. Ադրբեջանը Հայաստանից 8,2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, որի 2/3-ը Բաքուն ստացել է ՀԱՊԿ անդամ Ռուսաստանից եւ Բելառուսից, ըստ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի։ Նկատենք, Մոսկվայից չեն հերքել Ալիեւի վերոնշյալ հայտարարությունը, իսկ դա նշանակում է՝ ռուսական ռազմական ոլորտի «բիզնեսը» Ալիեւի հետ շարունակվելու է, որն, ի դեպ, Մոսկվայից պահանջում է Հայաստանին չզինել:

Սրան գումարած նաեւ մի նոր համագործակցության հայտ… Ադրբեջանի կարեւոր դաշնակից Պակիստանի հետ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել ամրապնդել գործակցությունը ռազմական ոլորտում: ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը պաշտպանության եւ անվտանգության հարցերով ռուս-պակիստանյան ռազմախորհրդատվական կոմիտեի նիստից հետո հայտարարել է. «Բանակցությունների ընթացքում դրական գնահատական է տրվել երկկողմ զարգացող հարաբերություններին ռազմական ոլորտում եւ վերահաստատվել է ձգտումը՝ առավելագույն կերպով արդյունավետ գործի դնել եղած ներուժը ռազմական գործակցությունն ամրապնդելու համար»:

Հիրավի «նախանձելի» մթնոլորտ Հայաստանի համար… Մեր «բարեկամներն» ու հակառակորդները հայտնվել են մեկ նավում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930