Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավականին լուրջ խախտումներ են». ինչ իրավական քայլեր կարվեն պատվաստվել չցանկացող քաղաքացիների անունից. «Հրապարակ»

Սեպտեմբեր 30,2021 11:42

Որոշ փաստաբաններ, իրավաբաններ առաջիկայում պատրաստվում են իրավական քայլեր ձեռնարկել՝ նախարար Ավանեսյանի հայտնի հրամանը վիճարկելու համար։ Մի ճանապարհը Սահմանադրական դատարանն է, մյուսը՝ վարչական:

Մինչեւ հոկտեմբերի 7-ը ընդդեմ պատվաստման պարտադրանքին ստորագրահավաք կազմակերպող «Ազատ կամք» նախաձեռնության ղեկավար Արա Զոհրաբյանն ասաց, որ հոկտեմբերի 1-ին դիմելու են դատարան։ Ո՞ւմ անունից են ներկայացնելու հայցը։ «Մեկը ես եմ, մի քանի փաստաբան եւ նաեւ՝ ընթացքում ովքեր կմիանան»։

Փաստաբանների պալատի նախկին նախագահն ասաց, որ ՀՀ ներպետական օրենսդրության հետ կապված մի շարք խնդիրներ են արձանագրվել, որոնց մասին կխոսի հոկտեմբերի 1-ին՝ հայցը ներկայացնելիս։ «Բավականին լուրջ խախտումներ են»։ Զոհրաբյանին հարցրինք՝ անդրադարձե՞լ են հարցին, թե արդյոք պետությունը կամ մասնավոր գործատուն պատասխանատո՞ւ է ինչ-որ մեկի մահանալու պարագայում։ «Քանի որ պետությունն է այս պատվաստման հեղինակը եւ առաջամարտիկը, բնական է, որ եթե իրենց նույնիսկ փաստերով ապացուցվի, որ մարդը մահացել է պատվաստանյութից, դա թաքցնելու են։ Առավել եւս, որ մենք ասում ենք՝ փորձարկման համար բավարար ժամանակ չի անցել, թե պատվաստանյութն ինչ կարճաժամկետ կամ երկարաժամկետ բացասական հետեւանք կարող է ունենալ մարդու առողջության եւ կյանքի վրա։ Ասենք՝ պատվաստվեց եւ թրոմբից մահացավ։ Գուցե վակցինացիայի՞ց է առաջացել այդ թրոմբը կամ պրովոկացիայի է ենթարկել»,- ասաց Զոհրաբյանը։

Օրինակ է բերում․ Հակագլոբալիստների միության նախագահ Արտաշես Հովհաննիսյանն իր էջում գրել էր, որ օրերս մասնակցել է Բագրատաշենի անասնաբույժի հուղարկավորությանը, որը մահացել է թրոմբից՝ պատվաստումից 2 օր անց։ Ըստ Զոհրաբյանի․ «Դեպքեր ունենք, բայց միայն 2 դեպք կարող ենք հրապարակել, որովհետեւ դա բժշկական գաղտնիքին էլ է առնչվում, մենք մարդուց փաստաթուղթ ենք վերցնում, որ կարողանում ենք հրապարակել։ Մեկը պատվաստվելուց հետո քովիդով էր վարակվել եւ մահացել, մյուսը պատվաստվել է, պատվաստվելուց հետո նրա մոտ առողջության կտրուկ վատացում է արձանագրվել, 2 անգամ թոքի վիրահատություն է տարել, հիմա ծանր վիճակում է»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930