Առողջապահության նախարարությունը մտադիր է բյուջեում վերաբաշխում կատարել եւ բժշկական կազմակերպությունների 2021 թվականի պայմանագրային գումարներում փոփոխություններ կատարել։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ որպես չզեկուցվող։ Նախագծի նպատակն, ըստ հեղինակների, պետական բյուջեով նախատեսած միջոցների առավել արդյունավետ օգտագործումն է ծրագրային վերաբաշխումների միջոցով, ինչպես նաեւ ֆինանսավորման պատշաճ իրականացման ապահովումը:
Այս նախագծով առողջապահական մի շարք ծառայությունների գծով պետպատվերի համար հատկացվող գումարները նվազեցվում են, իսկ որոշ ծառայությունների համար էլ՝ ավելացվում։
Ըստ այդ՝ նվազեցվում է «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ»-ի հատկացումը՝ 180 մլն դրամով: Նախարարության պարզաբանմամբ՝ այս գումարը նվազեցվում է, քանի որ կանխատեսվում է, որ «Սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն» միջոցառման շահառուները մինչեւ տարեվերջ բյուջեով նախատեսված դեպքերի համեմատ 1343-ով նվազելու է։
Նվազեցվում է նաեւ «Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցները՝ 72,018 մլն դրամով:
Կարդացեք նաև
«Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցները նվազեցվում են 400 մլն դրամով` պայմանավորված դիմելիության, մասնավորապես նաեւ կորոնավիրուսային հիվանդության վարակով, անկման հետ, եւ կանխատեսվում է, որ այս ծառայությունից օգտվող զույգերի թիվը կնվազի 120-ով։
«Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցները նվազեցվում են 400 մլն դրամով։ Ըստ նախարարության, կանխատեսվում է մինչեւ տարեվերջ այս միջոցառման շահառուների թիվը 1294-ով նվազելու է։
Նվազեցվում են նաեւ «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցները՝ 140 մլն դրամով։ Այս դեպքում էլ նախարարությունը կանխատեսում է, որ մինչեւ տարեվերջ կանչերի թիվը կնվազի 473-ով:
«Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցներն առաջարկվում է նվազեցնել 155 մլն դրամով, նախարարությունը կանխատեսում է, որ այս միջոցառման շահառուների թիվը մինչեւ տարեվերջ 1175-ով կնազի:
«Սրտի անհետաձգելի վիրահատություններ» միջոցառման ֆինանսական միջոցները նվազեցվում է 190 մլն դրամով, այս շահառուների թիվն էլ կնվազի 253-ով:
«Հեմոդիալիզի եւ պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցները նվազեցվում են 44 մլն դրամով, շահառուների թիվն, ըստ կանխատեսումների, կնվազի 2438-ով:
«Թրաֆիքինգի զոհերին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցներն առաջարկվում է նվազեցնել 2 մլն դրամով: Առաջարկվող նվազեցումը պայմանավորած է միջոցառման շրջանակում շարունակաբար դեպքեր չարձանագրվելու հետ: Առաջարկվում է միջոցառման ամբողջ գումարը նվազեցնել, որը նախատեսված է 6 դեպքի համար:
Բյուջետային միջոցներն ավելացվում են մի շարք ծառայությունների համար։
Ըստ այդմ՝ «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» միջոցառման ֆինանսական միջոցներն ավելացվում են 160 մլն դրամով։ Ըստ նախարարության կանխատեսումների,մինչեւ տարեվերջ շահառուների թիվը կավելանա 20 հազարով։
«Մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) եւ զարգացման այլ խանգարումներով երեխաների գնահատման եւ վերականգնողական բուժման ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցներն ավելացվում է 120 մլն դրամով։ Մինչեւ տարեվերջ բյուջեով նախատեսված դեպքերի համեմատ կանխատեսվում է շուրջ 50000 դեպքի ավելացում:
«Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցներն ավելացվում է 30 մլն դրամով, շահառուների թիվը կավելանա 6000-ով։
«Հոգեկան եւ նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցներն առաջարկվում է ավելացնել 70 մլն դրամով: Ըստ նախարարության, առաջարկը պայմանավորված է բժշկական կազմակերպություններում պահպանման ծախսերի ավելացմամբ եւ միջոցառման շրջանակներում դիմելիության աճով եւ մինչեւ տարեվերջ կանխատեսվում է դեպքերի ավելացում 153-ով:
«Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցներն ավելացվում են 260 մլն դրամով, մինչեւ տարեվերջ բյուջեով նախատեսված դեպքերի համեմատ կանխատեսվում է շուրջ 1485 դեպքի ավելացում:
«Բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկենտոնուրիայի, լսողության եւ տեսողության (անհասների ռետինոպաթիա) խանգարումների, կոնքազդրային հոդի խախտման վաղ հայտնաբերման նպատակով նորածնային սքրինգների անցկացում» միջոցառման ֆինանսական միջոցներն ավելացվում են 45 մլն դրամով։ Այս ծառայությունից օգտվողների թիվն, ըստ պաշտոնական կանխատեսման, մինչեւ տարեվերջ կավելանա 25 հազարով։
«Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն» միջոցառման ֆինանսական միջոցներն առաջարկվում է ավելացնել 753,156,3 հազար դրամով։
Նախագծով նաեւ սահմանվում է, որ «Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման գծով մինչեւ տարեվերջ գերակատարումների համար առաջացած ծախսերը կփոխհատուցվեն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ