Նոր զարգացումներ են սպասվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում, մասնավորապես՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին տեղեկացրել էր, որ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում պայմանավորվել են Բաքվի եւ Երեւանի հետ՝ վերսկսելու աշխատանքային ուղեւորությունները տարածաշրջան. «Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ: Որքանով որ ես հասկանում եմ, նրանք համաձայնեցրել են իրենց ուղեւորությունների վերսկսումը տարածաշրջան՝ այցելելու Լեռնային Ղարաբաղ եւ տեղում զրուցելու Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ներառյալ հանդիպումները՝ Ստեփանակերտում»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը կարելի է դրական համարել, սակայն կարեւոր է դառնում այն օրակարգը, որը պետք է քննարկվի։ Հնչող տարբեր հայտարարություններից կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմն առաջ է մղում պատերազմի արդյունքները հայկական կողմին պարտադրելու եւ Արցախի 30-ամյա ինքնորոշմանն ուղղված պայքարը զրոյացնելու օրակարգը։ «France24»-ին տված հարցազրույցում Ալիեւը նշել էր, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքը առարկություն չի ունենա: Իսկ «հաղթանակի» էյֆորիայից դեռեւս դուրս չեկած Ալիեւը հազիվ թե այսքան «մեծահոգի» գտնվեր եւ համաձայներ հանդիպմանն առանց սեփական օրակարգը պարտադրելու։ Այդ մասին են վկայում նույն հարցազրույցում նրա հնչեցրած խոսքերը՝ Արցախի կարգավիճակի հետ կապված, որոնցում նա բացառել է Արցախում ապրող հայերին ինքնավարություն տրամադրելու հնարավորությունը՝ հավելելով, որ Բաքվի օրակարգում նման բան չկա։ Ցանկացած հայտարարություն այն մասին, որ արցախյան հակամարտությունը լուծված չէ, համարել է «անտեղի եւ վտանգավոր». «Թող նրանք, ովքեր ասում են, որ հակամարտությունը լուծված չէ, նշեն, թե ինչպես պետք է այն լուծվի: Ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են «Լեռնային Ղարաբաղ»: Ի՞նչ շրջանակում, ի՞նչ տարածքում, ի՞նչ տեսքով: Այս հարցերի պատասխանի ակնարկն անգամ չկա: Հետեւաբար, խոսել այն մասին, որ հակամարտությունը լուծված չէ, անարդյունավետ է եւ վտանգավոր: Դա նշանակում է, որ դրա լուծման համար անհրաժեշտ են այլ թշնամական գործողություններ»: Բաքվի բռնապետի այս հայտարարությունները ցույց են տալիս, որ նա սպառնում է նոր ագրեսիվ գործողությունների դիմել, եթե հայկական կողմը չընդունի ադրբեջանական պայմանները։
Մյուս կարեւոր հարցը, որ ծագում է համանախագահների այցի շրջանակներում, այն է, թե որ երկրի տարածքից են նրանք մուտք գործելու Արցախի Հանրապետություն։ Եթե Հայաստանի, ապա դա առանցքային նշանակություն կունենա հայկական շահի տեսանկյունից, իսկ եթե Ադրբեջանի՝ ապա հետագա զարգացումները վտանգելու են Արցախի անվտանգությունն ու ԽՍՀՄ օրենքներին համապատասխան արցախցիների ինքնորոշման երկարատեւ եւ արդար պայքարը, որը բխում է նաեւ միջազգային իրավունքի նորմերից։
Մտահոգիչ է նաեւ այն, որ, օրինակ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ԵԽԽՎ նիստում հայտարարել է, որ «բանակցություններ են սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ ուղղված երկու երկրների միջեւ վստահություն հաստատելուն», սակայն որեւէ նկատառում չկա՝ Արցախի կարգավիճակի հետ կապված։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: