Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել նմանատիպ շենքերի կազմաքանդման ծրագրային առաջարկները: Նշվում է, որ շենքերի և շինությունների վերաբերյալ ամփոփ տվյալների հավաքագրման և գույքագրման համար արդյունավետ միջոց է դրանց անձնագրավորումը: Մինչդեռ շատ դեպքերում դրանց տեխնիկական փաստաթղթերը պահպանված չեն, շենքերը չունեն անձնագրեր, արդյունքում դրանց կառավարումը, պահպանումը և շահագործումն իրականացնող մարմինները կամ սեփականատերերը չեն տիրապետում անհրաժեշտ տեխնիկական տվյալների:
Հայաստանի տարածքում կառուցված բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների գերակշիռ մասը կառուցվել է խորհրդային տարիներին: Դրանց մեծ մասի շահագործման ժամկետները գերազանցել են նորմատիվային սահմանափակումները, ունեն 40-70 և ավելի տարվա վաղեմություն: Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մինչ այժմ ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցների սահմանափակ լինելը կամ ներդրումային համապատասխան ծրագրերի սակավությունը խոչընդոտ է եղել թե՛ անձնագրավորման, թե՛ դրանից բխող գործընթացների նախաձեռնման և իրականացման համար:
Նմանատիպ խնդիրներ առկա են նաև գոյություն ունեցող հասարակական և արտադրական շենքերի պարագայում, երբ դրանց մի մասի սեփականատեր են 1-ից ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, իսկ տարիների վաղեմությամբ առկա են նաև սեփականատերերի իրավահաջորդների ճանաչման խնդիրներ, որոնք ևս իրավակարգավորման ենթակա են այլ օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների շրջանակներում:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։