Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման 2022-2024 թթ. ծրագիրը հաստատված է։ Ինչո՞ւ կայացվեց օտարման որոշումը, ի՞նչ է օտարվելու եւ, ընդհանրապես, ի՞նչ ունենք մեր այս պահուստում։ Պարզաբանումները՝ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության։
Նախ՝ ի՞նչ ունենք։ Պետական գանձարանը հստակեցրել է պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրաավաբանական անձանց հաշվեկշիռներում հաշվառված արժեքների առկայության, շարժի, որակական վիճակի մասին տվյալները: 96 կազմակերպություններից ստացված տեղեկությունները ճշգրտվել են։ Գանձարանի կողմից մշակութային օջախների, թանգարանների հաշվեկշիռներում գտնվող արժեքները տարանջատված եւ դասակարգված են ըստ պետական պահուստի արժեքների եւ ազգային պահուստի արժեքների (անձեռնմխելի են եւ ենթակա չեն օտարման): Ազգային պահուստի արժեքների ամփոփ տվյալներն են` ոսկի` 65.9 կգ, արծաթ` 1453.2 կգ, պլատին` 477.5 գրամ եւ պալադիում` 0.02 գրամ, թանկարժեք մետաղների համաձուլվածք` 196.6 կգ (2021 թ. հունվարի 1-ի դրությամբ):
Պետական մարմինների, պետական հիմնարկների, ՊՈԱԿ-ների եւ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում առկա պետական պահուստի արժեքների ամփոփ տվյալներն են` ոսկի` 1.3 կգ, արծաթ` 21.1 կգ, պլատին` 63.4 կգ, պալադիում` 0.2 կգ, իրիդիում` 10.9 կգ, ռոդիում` 0.3 կգ, օսմիում` 2.23 գրամ, ինչպես նաեւ սարքավորումների մեջ` ոսկի` 4.8 կգ, արծաթ` 462.9 կգ, պլատին` 3.5 կգ, պալադիում` 9.1 կգ, ռոդիում` 0.3 գրամ, իրիդիում` 0.1 գրամ (դարձյալ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ):
Պետական գանձարանում գտնվող պետական պահուստի արժեքների ամփոփ տվյալներն են` ոսկյա իրեր` 80.0 կգ, մետաղական ոսկի` 14.6 կգ, արծաթյա իրեր` 74.1 կգ, մետաղական արծաթ` 31.3 կգ, արծաթի եւ ոչ թանկարժեք մետաղի համադրությամբ զարդեր` 4.7 կգ, պլատին` 3.0 կգ, պալադիում` 1.4 կգ, օսմիումի օքսիդ` 4.32 գրամ, թանկարժեք քարեր (ադամանդ, ադամանդի հումք)` 3575.8 կարատ, թանկարժեք քարեր (ալմաստի քարեր եւ հումք)` 762 կարատ, թանկարժեք քարեր (զմրուխտ)` 256 կարատ, աճեցված (կուլտիվացված) մարգարիտ` 102.8 կգ, արհեստական քարեր` 4795 հատ, արհեստական քարերից շարաններ` 1.2 կգ, կիսաթանկարժեք քարեր` 417 կարատ: Պետական գանձարանում գտնվող պետական պահուստի արժեքների ընդհանուր արժեքը 01.01.2021 թ. դրությամբ շուրջ 2 մլրդ 156 մլն դրամ է։
Ընդհանրապես, թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստը նախատեսված է պետության եւ ազգային տնտեսության անհետաձգելի կարիքների բավարարման համար, որն արտակարգ իրավիճակների պայմաններում ապահովում է պետության եւ ազգային տնտեսության` թանկարժեք մետաղներով ու թանկարժեք քարերով ինքնաբավությունը: Այդ դեպքում ինչո՞ւ է այս հարստությունն օտարելու որոշում կայացվել։
Ըստ ֆիննախի՝ գանձարանում տարիների ընթացքում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպեսեւ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը՝ ապրանքային տեսքն ու արժեքը. «Եվ պետական պահուստների կառավարումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով նախարարությունը որդեգրել է մոտեցում, որ պահուստներում պետք է կուտակել միայն բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ եւ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր, ինչն էլ հիմք է դարձել պետական պահուստներից ոչ իրացվելի իրերի օտարման ծրագրի կազմման համար»:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: