Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թե որն էր Փաշինյանի սեփական կետը, հանրությունն այդպես էլ չհասկացավ, քանի որ նրա քայլերն ավելի շատ միտված էին բանակցային գործընթացի տապալմանը. «Փաստ»

Սեպտեմբեր 30,2021 09:30

Տարիներ շարունակ ձևավորվել էր բանակցային օրակարգ, որի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ապահովվում էր քննարկումների ու երկխոսության շարունակականությունը։ Թե բանակցությունները որքանով էին արդարացնում հայկական կողմի ակնկալիքները, այլ հարց է, սակայն այդ գործընթացի շարունակականությունը կանխում էր լայնամասշտաբ պատերազմի հեռանկարը։ Սակայն, երբ 2018 թվականին իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, բանակցային գործընթացի հունը լիովին փոխվեց։

Չնայած միջազգային ասպարեզում աշխատանքի փորձի բացակայությանը, Փաշինյանը համարձակվեց, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել, թե բանակցություններն ինքը սկսում է սեփական կետից, այսինքն՝ ի չիք է դարձնում նախկինում բանակցված ողջ փաթեթը։ Իսկ թե որն էր Փաշինյանի սեփական կետը, հանրությունն այդպես էլ չհասկացավ, քանի որ նրա քայլերն ավելի շատ միտված էին բանակցային գործընթացի տապալմանը։ Փաշինյանը անընդհատ կրկնում էր, թե Արցախյան հարցի յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովրդի համար, բայց այդպես էլ հրապարակայնորեն չէր որոշակիացնում, թե բովանդակային առումով ո՞րն է Արցախի հարցում իր պատկերացրած լուծումը։

Հայկական կողմի ամենամեծ բացթողումներից մեկը սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածություններից հրաժարվելն էր։ Դրանք Փաշինյանը փոխարինել էր Դուշանբեի վերելակային պայմանավորվածությամբ։ Հետաքրքրական է, որ Դուշանբեում Փաշինյանի ու Ալիևի զրույցը տեղի ունեցավ ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում և այդ հանդիպումը Մինսկի խմբի համանախագահությունը չէր նախապատրաստել։ Այսինքն, Փաշինյանը փորձեց անտեսել միջնորդական առաքելության նշանակությունը և դրանից դուրս պայմանավորվածությունների մեջ մտնել Ալիևի հետ։ Եթե իրենց անտեսում են, ապա դրանից հետո ինչպե՞ս կարող էին միջնորդները լուրջ վերաբերվել Փաշինյանի դիրքորոշումներին։

Այդ իսկ պատճառով էլ, երբ Հայաստանի գործող իշխանություններն արդեն գլխի ընկան սահմանային հետաքննության մեխանիզմների մասին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության կարևորությունը, դրանք արդեն դուրս էին մնացել միջնորդների բառապաշարից։ Բացի այդ, ողջ բանակցային գործընթացի ընթացքում Փաշինյանը միայն բողոքում էր, թե ինքը ծանր բանակցային ժառանգություն է ստացել, սակայն դրա հետ մեկտեղ «ունքն ուղղելու տեղը աչքն էլ էր հանում» ու իր անհավասարակշիռ պահվածքով ավելի բարդացնում իրավիճակը։ Օրինակ՝ նա անցյալ տարվա փետրվարին հանկարծակի որոշեց ֆեյսբուքյան էջում հրապարակել Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր կողմից հռչակված «Մյունխենյան սկզբունքները»։

Այդպես էլ անհասկանալի մնաց՝ դիտավորյա՞լ էր դա արվել, թե չհասկանալով. ի վերջո, ի՞նչ իմաստ ուներ այդ դրույթների հրապարակումը, երբ դրան ոչ ոք համաձայնություն չէր տվել, և այն չէր արտացոլվել միջնորդների հայտարարություններում։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը մի կողմից՝ Ալիևին կառուցողական էր համարում, իսկ մյուս կողմից էլ՝ գրգռում էր հակառակորդին, որպեսզի ռազմական գործողություններ սկսի։ Անցյալ տարի Տավուշյան մարտերից հետո Փաշինյանն այն ներկայացրեց որպես աշխարհացունց մի իրադարձություն, որի հիմքի վրա էլ հյուսվեց իշխանությունների «փիառ փուչիկը»։ Այդ կապակցությամբ Փաշինյանն անգամ Սարդարապատում հանդիսավոր միջոցառում կազմակերպեց ու շռայլորեն «Մարտական խաչ»-եր բաժանելով՝ հայտարարում էր, թե հայկական բանակը մարտունակ է և անպարտ առավել քան երբևէ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930