Շուշիի պատմության թանգարանի տնօրենը՝ հայ-թուրքական «բարեկամության» ու Իրանից «յան տալու» սխալի մասին
«Թուրքիայի հետ բարեկամությունը գալիս է դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից: Ես միշտ ասել եմ, որ Թուրքիան Հայաստանի թիվ 1 թշնամին է: Մնում է նաեւ այսօր: Եվ խոսել հայ-թուրքական ինչ-որ բարեկամության մասին, երբ որ դու գիտես իրենց ծրագրե՞րը: Իրենց ծրագրերում Հայաստան չկա: Այս տարածքը պիտի մաքրվի հայերից, սա է իրենց ծրագիրը եւ մեծ թուրանը»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով իշխանությունների առաջ բերած խաղաղության օրակարգի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը:
Նա նշեց, որ անհավանական է Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել՝ իմանալով, որ 44-օրյա պատերազմում մեր դեմ կռվել են Թուրքիայի հատուկ նշանակության զորքերը, Պակիստանի հատուկ նշանակության զորքերը, Աֆղանստանի զորքերը. «Մեր դեմ կռվել են ու 24 հազար մարդ այդ երեք խոշոր պետություններից գտնվում էին անմիջապես Շուշիի տակ, ի՞նչ հայ-թուրքական բարեկամության մասին է խոսքը՝ այն դեպքում, երբ ինքը քո դեմ կռվել է: Հեն է մեզ բարեկամ երկիր ունենք՝ Իրանը: Չեմ հասկանում, ինչո՞ւ ենք մենք Իրանից անընդհատ յան տալիս, այն դեպքում, երբ Իրանը 30 տարի անընդհատ ապացուցում է, որ ինքը Հայաստանի բարեկամ երկիր է: Իրանով դուրս եկ համաշխարհային շուկա: Ո՞վ է ասել, որ Իրանը քեզ երկաթուղի թույլ չի տա իր տարածքով մինչեւ Պարսից ծոց կառուցելու համար: Հարց է՝ նման առաջարկություն արվե՞լ է Իրանի կառավարությանը՝ չի՛ արվել: Ես կատեգորիկ դեմ եմ Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերությունների մեջ մտնել: Եթե Ռուսաստանը բարեկամ է, ապա ինքը պետք է թույլ տա Իրանի միջոցով Կասպից ծովով դուրս գանք իր վրա: Խաղը այսպես պետք է տանենք: Այսօր մեծ շահեր ունի Չինաստանը, որովհետեւ Թուրքիայի վտանգը իրեն ուտում է: Մենք պետք է այդ շահերի վրա խաղանք»:
Արցախից տեղահանվածները կառավարության մոտ ցույց են անում՝ պահանջելով լուծել իրենց բնակարանային, սոցիալական խնդիրները: Աշոտ Հարությունյանն ասաց, որ այդ հարցը եւս կարելի էր լուծել այս ճանապարհով. «Մենք կառավարությունից պահանջում ենք տանիք՝ ըստ համայնքների՝ Երեւանի շրջակայքում 20 կմ շառավղով: Ժամանակավոր բնակատեղիների հիմնում պետք է լինի՝ Նոր Քաշաթաղ, Նոր Շուշի, Նոր Հադրութ: Այդ մարդկանց տներ են տալիս՝ պայմանով, որ տղամարդիկ համաձայնվում են գնալ գոնե ամսվա մեջ 10-15 օր մեր այնտեղի սահմանները պահել: Սա հետաքրքիր ծրագիր կարող է դառնալ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Արցախում: Կառավարություն, եկեք կառուցողական աշխատեք: Այսօր ինքը չի կարող առանց մեզ տնով ապահովելու՝ ասի՝ արի մոբիլիզացիա: Կասեմ՝ ախպեր, ես հլը տուն չունեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.09.2021