Ի՞նչը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը
Փորձագետները, որոնց հետ մենք խորհրդակցել ենք, որպես Հայաստանի արտաքին քաղաքականության միակ, ամենակարեւոր նպատակ առաջարկել են հետեւյալը։ Պարզ է, որ դրանք չեն ներկայացվում ըստ կարեւորության առաջնահերթության. առաջարկված այդ նպատակները, ավելի շուտ, խմբավորվել են փոխադարձ համատեղելիության եւ փոխլրացման սկզբունքով:
Նպատակներ, որոնք բավականաչափ ընդհանուր են՝ բոլորին ընդունելի լինելու համար.
Կարդացեք նաև
Ա. Հայաստանի ժողովրդի անվտանգությունն ու բարգավաճումը,
Բ. Մարդկանց կենսապայմանների բարելավումը այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են՝ ցանցերի, ենթակառուցվածքների եւ շրջակա միջավայրի զարգացման ծրագրերը,
Գ. Հայկական պետության երկարաժամկետ կենսունակությունը,
Դ. Տնտեսության եւ օտարերկրյա ներդրումների բազմազանեցումը (diversification)՝ Հայաստանը տարածաշրջանային հանգույց եւ արտահանող երկիր դարձնելու համար,
Ե. Միջազգային սահմանների անվտանգության ապահովումը,
Զ. Ռազմական, ֆինանսական եւ քաղաքական հուսալի համակարգերի ստեղծումը,
Է. Մեծ տերությունների հետ վերաիմաստավորված հարաբերությունները,
Ը. Վրաստանի եւ Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը:
Նպատակները, որոնք ինչ-որ կերպ հակվում են դեպի ավելի շատ ինքնիշխանություն, տարածաշրջանայնություն եւ բնականոնություն որոնելուն, ներառում են.
Թ. Բարձրացնել Հայաստանի վարկը՝ որպես կայունության ու խաղաղության նախատիպի
(model):
Ժ. Միջազգային ասպարեզում Հայաստանի արժեքի բարձրացում, որպեսզի այլ երկրներն ավելի հոգատար վերաբերվեն:
Ի. Անմիջական հարեւանների հետ հարաբերությունների բարելավում եւ կարգավորում, այդ թվում՝ խաղաղության ձգտում եւ բաց սահմաններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:
Լ. Անվտանգություն՝ տարածաշրջանային ինտեգրման, տարածաշրջանային տնտեսական զարգացման եւ հաղորդակցության ծրագրերին մասնակցելու միջոցով. ինչն իր հերթին կօգնի ժողովրդագրությանը:
Խ. Ինտեգրում ԵՄ եւ ԱՄՆ կառույցներին (բացառությամբ ռազմական հարթության):
Ծ. Ինքնիշխանության պահպանում, վերականգնում այն ամենի, ինչ հնարավոր է եւ նոր դաշինքների կնքում:
Կ. Հայաստանի իմիջի (վերա)հաստատում՝ որպես ինքնիշխան ժողովրդավարական պետություն:
Հ. Ռուսաստանից ավելի շատ անկախության ապահովում՝ առանց հարաբերությունները խզելու:
Ձ. Սեփական որոշումներ կայացնելու կարողության բարձրացում, Ռուսաստանի ազդեցության հավասարակշռում բազմակողմ կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը:
Ղ. Ապահովել, որ Հայաստանը մասնակցի եւ օգուտներ ստանա Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մշակվող տարածաշրջանային նախագծերից, որոնք որոշում են տարածաշրջանի ավելի մեծ խնդիրները: Ղարաբաղի ապագան նախագահ Պուտինի ձեռքերում է:
Ճ. Արտաքին քաղաքականության օրակարգից հանել Ցեղասպանության ճանաչման եւ Ցեղասպանության հատուցումների պահանջները:
Նպատակներ, որոնք հակված են հակառակ ուղղության՝ կոչ անելով ավելի շատ ապավինել Ռուսաստանին եւ արտահայտելով վախ Թուրքիայից.
Մ. Ավելի սերտ հարաբերությունների ապահովում Չինաստանի, Հնդկաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի եւ Հունաստանի հետ՝ Թուրքիայի դեմ հնարավոր ընդհանուր ճակատ ձեւավորելու համար:
Յ. Դիվանագիտական եւ ռազմական անվտանգություն Թուրքիայից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ ներդաշնակեցման եւ Ռուսաստանի հետ հետագա ինտեգրման միջոցով (առանց կայազորային պետություն դառնալու):
Ն. Ուժեղ բանակի կառուցում՝ Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտպանության համար:
Շ. Ապահովել, որ Հայաստանը չօգտագործվի տարածաշրջանային նախագծերի իրականացման համար, քանի որ դրանք օգուտ կտան միայն այլ պետությունների:
Ո. Ձգտել Հայոց ցեղասպանության ճանաչման:
Նպատակներ, որոնք առաջնային են համարում Ղարաբաղը.
Չ. Ղարաբաղը շարունակում է մնալ որպես Հայաստանի օրակարգի առաջնային հարց, հետեւաբար՝ լուծել հակամարտությունները Ղարաբաղի ղեկավարների միջեւ, կանխել վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմի գործած ռազմական հանցագործությունների մեղադրանքները, կանխել Ղարաբաղի փախուստը-հեռանալը Հայաստանի «թեւի տակից», ունենալ երկրորդ ծրագիր՝ նկատի ունենալով ռուս խաղաղապահների Ղարաբաղը լքելու հնարավորությունը:
Նպատակներ, որոնք կենտրոնանում են մեթոդի վրա.
Պ. Ուսանողներին եւ փորձնակներին (interns) ուղարկել Արեւմտյան համալսարաններ, հետազոտական կենտրոններ, վերլուծական կենտրոններ եւ հաստատություններ:
Ջ. Որոշումների կայացման հիմք դարձնել ողջամիտ եւ իրատեսական վերլուծությունները, եւ ըստ այդմ միայն մշակել արտաքին քաղաքականությունը:
Ռ. Բացել դիվանագիտության ազգային դպրոց եւ կատարելագործել կառավարման դպրոցի չափորոշիչները:
Սկզբունքորեն, ամենակարեւորը համարվող ցանկացած նպատակ պետք է լինի այն, որին պետք է ստորադասվեն բոլոր մյուսները, եւ որին պետք է ուղղված լինեն բոլոր միջոցները: Ինչպես երեւում է, այդ դերի հավակնորդներն ընդգրկում են հարցերի լայն սպեկտր, եւ դրանց հարկավոր է առաջնահերթություն տալ: Շատ նպատակներ հակասական են կամ փոխբացառող: Լավագույնը, որ կարելի է ասել, այն է, որ հայ քաղաքական միտքը, որը մինչեւ 2020 թ. պատերազմը չէր փայլում հարակցությամբ (coherence), ներկայումս ավելի մեծ խառնաշփոթի մեջ է:
Հայոց պետությունը նույնիսկ չունի ներքին տարաձայնությունների քննարկման համար հստակ ձեւակերպված շրջանակներ (frameworks):
Որո՞նք պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Որո՞նք պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթ նպատակները: Ինչպե՞ս պետք է Հայաստանը դիմակայի այդ նպատակների ներկայացրած մարտահրավերներին: Եվ Հայաստանն ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնի արտաքին քաղաքականություն մշակելիս՝ ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնավոր դեպքերում:
Բոլոր մասնակիցներն իրատեսական դիտարկումներ են արել անմիջապես հետպատերազմական իրավիճակի վերաբերյալ եւ դառնությամբ բացահայտել անցյալի սխալները: Ըստ նրանց՝ նոր համատեքստը հայերին մղում է կասկածի տակ դնելու գերակշռող գաղափարախոսություններն ու պետության գործերի վարման եղանակը, եւ ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրելու՝ սոցիալական, հոգեբանական առողջապահական, քաղաքական ու անվտանգության մակարդակներում:
Մասնակիցները այն կարծիքին են, որ անհրաժեշտ է լրջորեն հաշվի առնել հետեւյալ գործոնները.
Ռուսաստանի՝ ամենուրեք ռազմական ներկայությունը,
Ադրբեջանի տարածքային առաջխաղացումները,
Թուրքիայի նեոկայսերական հավակնությունները,
Իրանի եւ Վրաստանի կաշկանդված չեզոքությունը,
Բայց նաեւ՝ արեւմտյան պետությունների երես թեքելը:
Սակայն ոչ բոլոր մասնակիցներն են նույն շեշտադրումներով մոտեցել այս գործոններին եւ միեւնույն նշանակությունը վերագրել յուրաքանչյուրին: Ընդհանուր համաձայնություն կա այն հարցի շուրջ, որ Հայաստանը պետք է վերագնահատի իր հարաբերություններն այլ երկրների հետ, նոր մոտեցումներ մշակի եւ փնտրի նոր գործընկերներ, որոնք Հայաստանի հետ նույն շահերն ունեն: Գործուն դիվանագիտության հետ մեկտեղ, Հայաստանը պետք է բանակցի եւ տեղադրի էական պաշտպանական համակարգեր՝ ապահովելու համար հայ ժողովրդի երկարատեւ ներկայությունը սեփական հայրենիքում:
Մասնակիցների մեծ մասը համաձայն է նաեւ, որ նախկին սխալ դատողություններն ու կորցրած հնարավորությունները վերլուծելու անկարողությունը, ինչպես նաեւ անցյալում սխալ քաղաքականության համար պատասխանատվության սեփական բաժնի մերժումը դրսեւորվել են ռեւանշիզմի վտանգավոր մտածելակերպով: Մտային այս վտանգավոր վերաբերմունքը կարող է հեշտությամբ հանգեցնել նրան, որ անցյալի գործելակերպի եւ համոզմունքների քննադատները համարվեն «վատ» հայեր, նույնիսկ՝ դավաճաններ, իսկ Հայաստանում քաղաքացիական հասարակության ու առաջադեմ խմբերը անվտանգայնացվեն (securitization) եւ համարվեն ազգային անվտանգության սպառնալիք: Իրական վտանգ կա, որ արմատացած պահպանողականությունն ու հայրիշխանությունը, զուգորդված ռեւանշիզմով ու հակաարեւմտականությամբ, կնպաստեն հասարակության ռազմականացմանը եւ կմարմնավորեն Հայաստանի վատագույն ապագան: Նման հոգեբանական ու քաղաքական մթնոլորտը տեղ չի թողնի մրցակցային քաղաքականության, հանրային ազատ խոսույթի ու երկխոսությունների համար: Եթե այս մտայնությունը գերիշխի, կարելի է սպասել նոր աղետների:
Ստորեւ ներկայացվող ցուցակում թվարկվում են մտահոգության ընդհանուր ոլորտները եւ տարբեր ընտրանքներ, որոնք հնարավոր են կամ առաջարկվում են որպես հետագա քաղաքականություն:
Հիմնական հարցը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն են եւ դրանց ազդեցությունը երկրի՝ քաղաքականություն մշակելու կարողության վրա: Ընդհանուր առմամբ, նկատվել է, որ 2020 թ. պատերազմում կրած պարտությունը մեծացրել է իր անվտանգության համար Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից եւ դրանով իսկ սահմանափակել երկրի հնարավորությունները:
Հայաստանը կարո՞ղ է կամ պե՞տք է ունենա սեփական արտաքին քաղաքականություն
Հնարավորությունները տարբեր են, գոնե՝ տեսականորեն:
Մասնակիցների առաջին խումբը հակված է կարծելու, որ Հայաստանը պետք է որդեգրի ավելի շատ «արեւմտյան կողմնորոշում», եւ, հետեւաբար.
Ա. Վերափոխի Արեւմուտքի նկատմամբ իր արտաքին քաղաքականությունը,
Բ. Վերականգնի ինքնուրույն՝ Ռուսաստանից ավելի քիչ կախվածությամբ որոշումներ կայացնելու իր ունակությունը,
Գ. Նախաձեռնի քննարկումներ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ հետագա կարգավորման ներուժն ուսումնասիրելու նպատակով,
Դ. Լիովին ինտեգրվի ՀԿ-ում տնտեսական, տրանսպորտային եւ անվտանգության շահերին, եւ օգուտներ քաղի տարածաշրջանում զբաղեցրած իր աշխարհագրական դիրքից,
Ե. Կարելի չափով օգտագործի աշխարհագրական-ռազմավարական իր եզակի դիրքի առավելությունները՝ ապահովության եւ գերակայության հասնելու համար,
Զ. Խրախուսի եւ մասնակցի հաղորդակցության ուղիների բացմանն ու հետագա զարգացմանը: Փաստը, որ մյուսները կշահեն կամ ավելի շատ կշահեն, չի ժխտում այն փաստը, որ Հայաստանը նույնպես օգուտներ կստանա: Հայաստանի քաղաքականությունը չպետք է հիմնված լինի այն սկզբունքի վրա, որ այն, ինչ լավ է Հայաստանի համար, պետք է վնասի ուրիշներին, ոչ էլ այն սկզբունքի վրա, թե ինչ լավ է ուրիշների համար, չի կարող լավ լինել Հայաստանի կամ հայկական կողմի համար:
Վերը նշված ընտրանքից տարբերվելով՝ մի այլ խումբ պիտի նախընտրեր.
Է. Ձգտել հավասարակշռելու Ռուսաստանի նշանակությունը որոշումների կայացման մեջ. արեւմտյան՝ ամերիկյան եւ եվրոպական ուժեղ աջակցությամբ,
Ը. Վերականգնել ինքնավար որոշումներ կայացնելու իր կարողությունը՝ ավելի քիչ կախվածություն ունենալով Ռուսաստանից եւ միշտ հաշվի առնելով իր սերտ կապը Ռուսաստանի հետ ու կախվածությունը նրանից,
Թ. Ձգտել Վրաստանի ու Ադրբեջանի հետ հավաքական անվտանգության պայմանագրի. մի համաձայնություն, որը երաշխավորված լինի Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի կողմից եւ ունենա արեւմտյան տերությունների հնարավոր աջակցությունը,
Ժ. Գիտակցել, որ սա մի տարածաշրջան է, (1) որն ունի կարեւոր աշխարհառազմավարական դիրք՝ ավելի ուժեղ հարեւանների եւ խոշոր տերությունների համար, (2) որ այդ տերությունները եւ տարածաշրջանի մյուս երկու պետությունները կարող են եւ, փաստորեն, վերջին քառորդ դարում իրենց խնդիրները լուծել են առանց Հայաստանի, իսկ Հայաստանը բաց է թողել դրանցից օգուտ քաղելու հնարավորությունը:
Մասնակիցների մի երրորդ խումբ հակառակ խորհուրդն է տալիս.
Ի. Ձգտել Հայաստանի զարգացման՝ իր իսկ տեմպերով եւ իր առանձին ռեսուրսների միջոցով՝ իբրեւ միայնակ պետություն, որը կանգնած է որպես պատվար՝ ընդդեմ իր որոշ հարեւանների չարամիտ ծրագրերի, եւ գուցե ավելի լիարժեքորեն ինտեգրվել Ռուսաստանին,
Լ. Թույլ չտալ, ոչ էլ հեշտացնել հաղորդակցության ուղիների բացումը տարածաշրջանում, քանի որ դա օգուտ կբերի ուրիշներին, այդ թվում եւ Հայաստանի հակառակորդներին,
Խ. Սեփական որոշումներն ամբողջովին համապատասխանեցնել Ռուսաստանի որոշումների հետ:
Շարունակելի
«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության
քաղաքականությունները
ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)
«Առավոտ» օրաթերթ
29.09.2021օրաթ