Լրահոս
Օրվա լրահոսը

Պտղնեցիները` կատաղած շների, չեղած տրանսպորտի ու ասֆալտապատման խնդիրների մասին

Սեպտեմբեր 30,2021 15:00

Կոտայքի մարզի Ներքին Պտղնի համայնքը, որն աշխարհագրորեն ե՛ւ Երեւանին է մոտ ե՛ւ մարզկենտրոնին՝ Աբովյանին, մի շարք խնդիրներ ունի, որոնք տարիներ ի վեր այդպես էլ չեն լուծվում՝ չնայած որ բնակիչները դրանց մասին պարբերաբար ահազանգում են:

Օրերս համայնքի բնակիչները կրկին դիմել էին «Առավոտին»: Պտղնեցիների խոսքով, տրանսպորտի հարցն իրենց համայնքում ոչ մի կերպ չի լուծվում: Ուր ասես, որ չեն դիմել՝ Երեւանի քաղաքապետարան, որպեսզի գոնե քաղաքային տրանսպորտի գծերից մեկը երկարացվի մինչեւ Ներքին Պտղնի, քանի որ այդ համայնքից դեպի մայրաքաղաք եւ հակառակ ուղղությամբ մշտապես քաղաքացիների հոսք կա, դիմել են նաեւ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարություն, սակայն որեւէ պետական գերատեսչություն բնակիչների տրանսպորտի հարցը չի լուծել:

Նշենք, որ համայնքի գործող տրանսպորտը մեկն է, որը երթեւեկում է քաղաք Աբովյանի եւ հակառակ ուղղությամբ: Բնակիչների հավաստմամբ այն գործում է մինչեւ ժամը 17-ը: Վերադարձի կամ Երեւան գնալու համար բնակիչները ստիպված են լինում օգտվել տաքսի ծառայությունից, որը, նրանց խոսքով, զգալի գումար է կազմում:

Ներքին Պտղնի համայնքի ղեկավարի տեղակալ Երջանիկ Միսակյանն ի պատասխան «Առավոտի» հարցերին, ասաց, որ Աբովյան-Պտղնի երթուղին գործում է ժամը մեկ: Երթուղին Պտղնիից մտնում է Երեւան քաղաքի Ռադիոկայմ կոչվող տարածք եւ նոր միայն գնում Աբովյան:
«Երեւանից տրանսպորտ ունենալու համար բազմիցս դիմել ենք տրանսպորտի նախարարություն, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտային բաժին եւ ստացել բացասական պատասխան բնակիչների տեղաշարժի քիչ լինելու պատճառով»,-ասում է պարոն Միսակյանը: Այսինքն՝ ըստ համայնքապետի տեղակալի, տրանսպորտի ոլորտի պատասխանատուները գտել են, որ ուղեւորներն այն քանակի չեն, որպեսզի տվյալ երթուղագծում փոփոխություն մտցվի: Պտղնեցիներին հուզող մեկ այլ խնդիր էլ թափառող շների հարցն է, որը նույնպես չի լուծվում: Բնակիչների խոսքով փողոցներում հաճախ են հանդիպում շներին, որոնք վտանգ են ներկայացնում հատկապես երեխաների համար: Պտղնեցիների խոսքով, մարդկանց վրա հարձակման դեպքեր են եղել, սակայն այս հարցով էլ զբաղվող չկա: Բնակիչները մտահոգված են, որ իրենց համայնքի թափառող շներն, ի տարբերություն մայրաքաղաքի թափառող շների, կատաղության դեմ ներարկված չեն, ստերջացված չեն, ուստի կծելու դեպքում ծանր հետեւանքներն անխուսափելի են:

Համայնքի ղեկավարի տեղակալն այս առնչությամբ էլ ասում է, որ շների հարցը միայն իրենց համայնքում չէ եւ առաջիկայում ձեռնամուխ կլինեն խնդիրը լուծելուն եւ կդիմեն թափառող շների հավաքման համապատասխան կազմակերպությանը:

Ներքին Պտղնիի ծայրամասային փողոցները ասֆալտապատման կարիք էլ ունեն: Ինչպես մեզ հետ զրույցում ասացին բնակիչները, իրենց համայնքի կենտրոնական փողոցները քիչ, թե շատ ասֆալտապատված են, սակայն ծայրամասերում ասֆալտը բացակայում է: Ի պատասխան բնակիչների դժգոհություններին, համայնքապետարանից հայտնել են, որ դրա համար գումարներ են պետք, որի հնարավորությունը համայնքապետարանը չունի:

Բնակիչների տեղեկացմամբ՝ համայնքապետարանի ներսում ժամանակին գործել է գրադարան, սակայն այժմ գրադարանավարուհի չլինելու պատճառով այն չի գործում:

Սրա առնչությամբ էլ համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ համայնքապետարանում գրադարանը գործում է. «Վերջին շրջանում սուբվենցիոն ծրագրերով համայնքում կատարվել է ոռոգման ջրի ջրագծի կառուցում, մշակութային դահլիճի վերանորոգում, կատարվել է 3-րդ փողոցի մասնակի ասֆալտապատում եւ 1-ին փողոցի նորոգում ասֆալտապատմամբ»:

Առաջիկա անելիքների մասին էլ մեր զրուցակիցն ասաց. «Համայնքում աշխատանքները կատարվում են բյուջեի սուղ պայմաններով, գումարի առկայության դեպքում թեկուզ մաս-մաս կկատարվեն այլ աշխատանքներ»:

Կառավարության հրապարակած նախագծից տեղեկանում ենք, որ Համայնքների խոշորացման ծրագրով Պտղնին էլ այս փուլում խոշորացվող համայնքներից է, այն կմիավորվի նույն մարզի Աբովյան, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի համայնքներին՝ դառնալով մեկ համայնք:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930