Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդությունը դատարան է ներկայացվել ոչ պատշաճ սուբյեկտի կողմից

Սեպտեմբեր 30,2021 14:30

ՀՀ ոստիկանության պետի տեղակալը չի հանդիսանում ոստիկանության ղեկավար

Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը պաշտպանում է «մասնավոր հաղորդակցության» գաղտնիությունը՝ անկախ հաղորդակցության բովանդակությունից եւ անկախ դրա ձեւից: Դա նշանակում է, որ 8-րդ հոդվածի պաշտպանությունը վերաբերում է բոլոր այն «փոխանակումների» գաղտնիությանը, որոնց միջոցով անհատները հաղորդակցվում են միմյանց հետ: Ազգային դատարանների խնդիրն է վերահսկել եւ ապահովել, որպեսզի իրավասու մարմինների գործունեությունը չխախտի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքները: Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն էլ՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքների նկատմամբ միջամտությունը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ «դա նախատեսված է օրենքով եւ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում անկարգությունների կամ հանցագործությունների կանխման համար»:

Ուստի միջամտությունը թույլատրած որոշումը պետք է ցույց տա, թե ինչպես են ազգային դատարանները կիրառել 8-րդ հոդվածի 2-րդ մասը: Չնայած, ՄԻԵԴ-ը գործերից մեկով եզրակացրել էր, որ «օրենքով նախատեսված պայմանները եւ սահմանափակումները, ըստ երեւույթին, չափազանց թույլ են եւ լի սողանցքներով», եւ դա ցայտուն օրինակ է, թե ինչպիսին կարող է լինել նաեւ ազգային դատարանների կողմից իրականացված վերանայման արդյունքը: Եվրոպական դատարանի գնահատմամբ, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը եւ վերահսկման այլ ձեւերը լուրջ միջամտություն են անձնական կյանքի եւ հաղորդակցության նկատմամբ եւ համապատասխանաբար պետք է հիմնված լինեն հատկապես հստակ օրենքի վրա:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռ. Բարսեղյանի նախագահությամբ, սեպտեմբերի 17-ին բավարարել է փաստաբան, իքս քրեական գործով ներգրավված պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը: Դատարանը բեկանել է եւ մերժել նրա պաշտպանյալի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը:

Արարատի քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում անցյալ տարվա նոյեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պետ Վ.Գրիգորյանը «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա.Հովհաննիսյանին: Վերջինս դեկտեմբերի 3-ին որոշում է կայացրել՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին:

Արարատի բաժնից ստացված Լիպարիտ Սիմոնյանի պաշտպանյալի նկատմամբ հեռախոսային խոսակցությունների ձայնագրառումները պարունակող լազերային սկավառակները օրեր հետո քննիչի կողմից ճանաչվել է իրեղեն ապացույց, եւ դրվել մեղադրյալի մեղադրանքի հիմքում (Անմեղության կանխավարկածը պահելով չենք հրապարակում ոչ քրեական գործի համարը, ոչ մեղադրյալի, տուժողի տվյալները-Ռ.Մ.): Այս գաղտնի արված ձայնագրությունները պետք են եկել նաեւ այն ժամանակ, երբ պետք է երկարացվեր մեղադրյալի նկատմամբ կալանքի տակ պահելու ժամկետը:

Լիպարիտ Սիմոնյանը քննիչի որոշումը բողոքարկել է Արարատի մարզի դատախազին, ավագ դատախազ Հ. Սարգսյանը մերժել է ներկայացված բողոքը: Այն բողոքարկվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Ի դեպ, նմանատիպ բողոքների ժամանակ, պաշտպանական կողմը ուշադրություն է հրավիրում (ինչպես այս դեպքում է) այն հանգամանքի վրա, որ առաջին ատյանի դատարանի որոշումներից պարզ չէ, թե քննարկվող դեպքում հետաքննության մարմնի կողմից միջնորդությանը կից դատարան ներկայացվե՞լ է որեւէ նյութ, թե՞ ոչ, եւ եթե ներկայացվել է, ապա ի՞նչ նյութեր են, դրանք վերադարձվե՞լ են հետաքննության մարմնին, թե՞ կցվել են գործի նյութերին. «Բողոքարկվող որոշմամբ առհասարակ վերլուծության չի ենթարկել եւ չի մեջբերել որեւէ նյութ, որից կարելի էր հանգել դատարանի որոշման մեջ նշված որեւէ հետեւության»:

Այս գործով միջնորդությունը դատարան է ներկայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ եւ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածներով չնախատեսված, ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, քանի որ ՀՀ ոստիկանության պետի տեղակալը չի հանդիսանում ՀՀ ոստիկանության ղեկավար: Պաշտպանը հղում էր կատարել հիմքին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 11 հունիսի 2018 թվականի N 751-Լ որոշմանը:

Գաղտնալսման համար մեկ այլ հիմք էլ են ստեղծել. վերջինս իբր կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 1-ին մասով (այս գործով տուժողի կողմից սպանության նախապատրաստություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել, ինչպես նաեւ առկա չեն փաստական տվյալներ նույնիսկ նյութեր նախապատրաստելու համար-Ռ.Մ.), ինչը նշանակում է գործով տուժող ճանաչվածի հեռախոսային խոսակցությունները ձեռքի հետ լսելու արդյունքում ապացույցներ ձեռք բերել մեղադրյալի դեմ: Հետաքննության մարմինը, հստակ պատկերացնելով, որ տուժողի նկատմամբ չի կարող իրականացվել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, եւ տուժողի նկատմամբ նման միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը դատարանի կողմից կմերժվի, որոշել են «ստեղծել» իրավական հիմք տուժողի նկատմամբ «օրինական կարգով» հեռախոսային խոսակցությունների վերահսկումն անցկացնելու համար:

Դատարանից Լ. Սիմոնյանը խնդրել էր բողոքի օրն իրեն տրամադրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից՝ ՀՀ ոստիկանությունից, եթե այդպիսիք ներկայացված են եղել դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930