Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրականությունը հոգեւոր վահան է, կրակելիս առաջին գնդակները դիպչում են գրականության սրտին»

Սեպտեմբեր 30,2021 13:00

Ասում է «Ի վերջո սերը» գրքի հեղինակ Ռազմիկ Գրիգորյանը

– Ընթերցողներին առաջին անգամ ներկայացաք անտիպ նամականի-գրքով: Ինչպե՞ս ընդունվեց, ինչո՞ւ հենց նամակներ…

– Նամակն անկեղծ զրույց է, երբ զրուցում ես ինքդ քեզ հետ եւ պատասխան չես ակնկալում, բայց որպեսզի ինքդ քեզ հետ սկսես զրուցել, պետք է մեկը գա, նույնիսկ եթե մեկ վայրկյան հետո գնա։ Նամակի առաջին էջը միշտ ուրիշն է բացում, որ կարողանաս ինքդ քեզ հետ լռել ու զրուցել։ Դրա համար «Նամակներ» գրքի հենց առաջին էջին գրված է` «Աղջկան, որ եկավ»…
Եվ առհասարակ, մեզանից հեռացող մարդիկ անցնում են նամակների միջով, նույնիսկ եթե այդ նամակները թղթի վրա չեն գրվում, բայց յուրաքանչյուր հեռացողի հետեւից մենք մեկ նամակ ծրարում ենք մեր մեջ։

– Օրերս լույս տեսավ նաեւ ձեր չորրորդ՝ «Ի վերջո սերը» գիրքը: Ինչպե՞ս ծնվեց, ի՞նչ է բերել իր հետ, ով է հերոսը…

– «Ի վերջո սերը» իմ տասը տարվա աշխատանքն է։ Այն ծնվեց մեր երկրի համար շատ բարդ շրջափուլում, տասը տարում մենք երկու պատերազմ տեսանք՝ 2016թ. ապրիլյան պատերազմը եւ 2020թ. 44-օրյա պատերազմը, եւ այս ամենից չէր կարող անմասն մնալ գիրքը։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ գրականությունը հոգեւոր վահան է, եւ երբ կրակում են երկրի վրա, առաջին գնդակները դիպչում են հենց գրականության սրտին։ Այդ գնդակներից կան նաեւ այս գրքում, որոնց հաղթում է հավատը վաղվա օրվա նկատմամբ, որ շատ պատմվածքներում արտահայտված է։ Գրքիս հերոսը մարդն է, որը փորձում է չհեռանալ լույսի ճանապարհից, որքան էլ դա դժվար լինի, որքան էլ իր ճանապարհին պատահող ինչ-որ արգելքներ փորձեն շեղել իրեն այդ ճանապարհից։ «Ի վերջո սերը» պատմվածքից այս տողերը կարծում եմ հենց ձեր հարցի պատասխանն են. «Նա ամեն օր վաղ էր արթնանում եւ Աստծո հետ դուրս էր գալիս փողոց, որ փակեր «հավատացյալների ճամփան», որպեսզի նրանք շրջվեին դեպի լույսը: Մարդիկ միշտ իրեն էին տրորում, որովհետեւ Աստծուն չէին տեսնում եւ առաջ էին շարժվում հազարավոր վերքեր թողնելով ճանապարհին, որոնցից ամեն մեկը վաղվա մի ճակատագիր էր եւ հատուցում»։

– Ի՞նչ կարող է տեսնել ընթերցողը՝ բացելով ձեր նոր գիրքը:

– Այդ հարցին կարող է պատասխանել ընթերցողը։ Կարծում եմ՝ այս գրքում հնարավոր է տեսնել պայքար, հավատ եւ մարդկանց, ովքեր գեղեցիկ ապրելակերպով փակել են նյութական աշխարհի մուտքը իրենց կյանք։

– Պոեզիան եւ արձակը ձեզ համար…

– Պոեզիան ինձ համար Աստծո հարությունն է մարդու հոգում։ Երբ կարդում ես Չարենց, Դանթե, Սեն Ժոն Պերս, Գեորգ Թրակլ, թվում է, թե ինքդ քեզ համար դասական երաժշտություն ես նվագում եւ լսում, իսկ արձակն այն մակույկն է, որ քեզ տանում, բարձրացնում, հասցնում է այն կետին, որտեղից կարողանում ես ինքդ քեզ համար երաժշտություն ստեղծել։

– Ինքնաքննադատությամբ զբաղվո՞ւմ եք: Եթե այո, ապա ինչքանո՞վ է օգնում սեփական տողը հղկելու համար:

– Այո, եւ ինչպես ասացի, այս գիրքը տասը տարվա աշխատանքի արդյունք է, եթե չլիներ ինքնաքննադատությունը, այս գիրքը կհրատարակվեր վեց կամ յոթ տարի առաջ։ Ինքնաքննադատությունը օգնում է, որ չկործանվես նախ եւ առաջ, ես, օրինակ, բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ ինքնաքննադատության պակասից ստեղծագործողները ուղղակի կործանվել են։ Դա չափ է, որը քեզ պահում է հողի վրա, երբ դու կարողանում ես քեզ կողքից դիտել, եւ սառնասրտորեն հեռացնել այն, ինչ ավելորդ է, եթե այդ ավելորդը անգամ գեղեցիկ է։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930