Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզից Երեւան հասնելու ոդիսականը

Սեպտեմբեր 30,2021 12:00

Թվում է, թե միայն համալսարան ընդունվելով եւ քննությունները հաջող հանձնելով՝ բոլոր խնդիրներն ավարտվում են: Հատկապես մարզերից ժամանող ուսանողները բախվում են մեծ խնդիրների, ինչպես, օրինակ, տրանսպորտի կամ կեցության խնդիրը։ Շատերը ստիպված են լինում տուն վարձակալել, ոմանք էլ այդ հնարավորությունը չունենալու պատճառով՝ ժամանակավոր բնակություն են հաստատում հեռու կամ մոտ բարեկամի տանը, իսկ ահա տրանսպորտի խնդիրը որոշ համայնքներում շատ լուրջ է։

Գեղարքունիքի մարզում գտնվող Գագարին գյուղում տրանսպորտի հարցը մտահոգում է քաղաքում սովորող գագարինցի ուսանողներին։ Առաջ գյուղից շարժվող ուսանողական տրանսպորտ կար, իսկ հիմա ուսանողների համար միակ հարմար տարբերակը Սեւան քաղաքից ընթացող մեքենաներն են եւ նոր գործող ուսանողական տրանսպորտը, իսկ դրա համար պետք է գյուղից դուրս գտնվող կանգառ հասնել։

Մերին, որը սովորում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ասում է. «Բարեկամի տանը չեմ ցանկանում մնալ, քանի որ ընտանիքիցս հեռու չեմ կարող ապրել, թեկուզ ժամանակավոր։ Գյուղից շարժվող ոչ մի հարմար տրանսպորտ չկա, որը ուսանողներին քաղաք կհասցնի, այդ իսկ պատճառով ստիպված ենք լինում ահագին ճանապարհ անցնել, որպեսզի հասնենք այն կանգառ, որը գյուղից դուրս է գտնվում։ Արդեն մի քանի օր է, ինչ Սեւան քաղաքին ուսանողական տրանսպորտ է հատկացվել, բայց դա գյուղի երեխաներին այնքանով հարմար չէ, որովհետեւ այստեղից շուտ է շարժվում, իսկ Երեւանից՝ ուշ, մենք էլ մեր դասերը ավելի շուտ ենք վերջացնում։ Ժամերը շատ հաճախ չեն համընկնում»։

Մեր հարցմանը՝ Գեղարքունիքի մարզպետարանը չունի՞ բավարար միջոցներ համայնքին ուսանողական տրանսպորտ տրամադրելու համար, գրավոր հետեւյալ կերպ արձագանքեցին. «Տեղեկացնում եմ, որ մարզի համայնքներից դեպի Երեւան քաղաք տանող կանոնավոր երթուղիները համարվում են միջմարզային եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ միջմարզային երթուղային ցանցը կազմակերպվում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Ձեր խնդրանքը բավարարել չենք կարող, քանի որ այն մեր լիազորությունների մեջ չի մտնում»: Գագարին գյուղի համայնքապետարան էլ զանգեցինք:

Այնտեղից էլ հետեւյալ կերպ արձագանքեցին. «Գյուղապետարանը չունի բավարար միջոցներ համայնքին ուսանողական տրանսպորտ տրամադրելու համար: Միակ հարմար տարբերակը մեր գյուղի ուսանողներին Սեւան քաղաքից շարժվող ուսանողական տրանսպորտում տեղ հատկացնելն է»:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930