Aravot.am-ի տեղեկություններով, Գորիսի ոստիկանություն է դիմել թոշակառու, 68-ամյա Վահրամ Ա.-ն՝ հաղորդում տալով, որ սեպտեմբերի 18-ին, երեկոյան, ժամը 22-ից մինչեւ 23.50 ընկած հատվածում իրենց տան բակում են եղել 18-ամյա Ռոբերտ Ճ.-ն, ոմն Նորո եւ մի խումբ այլ անձինք։
Ռոբերտ Ճ.-ն դանակով սպառնացել է սպանել Վահրամ Ա.-ին, եթե վերջինս դատարանում բողոքի սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքի համար, որն առանց իր համաձայնության վերցրել է Առուշ Առուշանյանը։ Նշենք, որ Առուշ Առուշանյանը Գորիսի համայնքապետն է, որը ներկայումս կալանավորված է եւ գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Նշված տարածքը ներկայումս օգտագործվում է որպես ավազահանք։
Հորը սպառնալու մասին տեղեկացել է նրա որդին՝ 29-ամյա Երեմ Ա.-ն, որն ընկերների հետ միասին, սեպտեմբերի 18-ին Գորիսում ծեծել են Ռոբերտ Ճ.-ին եւ նրա ընկերներին։
Երեմ Ա.-ի եւ իր ընկերների կողմից նշված դեպքով քննչական կոմիտեի Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Վահրամ Ա.-ն չցանկանալով միջադեպը հանրայնացնել, իրեն դանակով սպառնալու կապակցությամբ նախկինում ոստիկանություն չի դիմել։
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով, ձեռնարկվում են միջոցառումներ Ռոբերտ Ճ.-ին ոստիկանություն հրավիրելու, ինչպես նաեւ նշված միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Գործի հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ