Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 28-ին թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովից Գորիսի ոստիկանություն ստացվել է Գորիսում կայանալիք համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված «Առուշանյան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Իրինա Յոլյանի դիմումը, որ Գորիս համայնքի տարածքում պատռել են իրենց քարոզչական նյութերը։ Մասնավորապես դիմում նշված է, որ պատռել են Գորիսի Սալ-քար, Մաշտոցի 1, 3 հասցեներում, Վերիշեն բնակավայրի տարբեր հատվածներում փակցված քարոզչական նյութերը։ Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, ձեռնարկվում են միջոցառումներ պաստառը վնասողի անձը պարզելու ուղղությամբ:
Իրինա Յոլյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ իրենց համակիրներն են ահազանգել պաստառները պատռելու մասին։ «Մենք գնացինք այդ հետքերով, պարզեցինք, որ թույլատրելի տեղերում փակցված պաստառներն են պատռել, ներկ են լցրել դրանց վրա։ Ըստ կարգի դիմեցի՝ տարածքային ընտրական հանձնաժողովին»,-ասաց Յոլյանը։ Մեր այն դիտարկմանը, թե տեղյակ է արդյո՞ք, այլ քաղաքական ուժերի քարոզչական նյութեր էլ են վնասել, տիկին Յոլյանը պատասխանեց՝ «տեղյակ չեմ, ոչինչ չեմ կարող ասել»։
Կարդացեք նաև
Մեկ այլ ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գորիսի ավագանու թեկնածու Վալերի Մանուչարյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Քարահունջում պատռել են «Քաղաքացիական պայմանագրի» պաստառները։
«Այս պաստառները փչացնող փչացածներին հորդորում եմ՝ զերծ մնալ նման լկտիությունից ու չստիպել, որ կոռեկտությունս մի կողմ դնեմ եւ այլ կերպ արտահայտվեմ. վերջիվերջո ավագանու անդամի թեկնածու մարդ եմ…»,-գրել է նա իր էջում։ Aravot.am-ի հետ զրույցում ավագանու թեկնածուն նշեց, որ իրենց պաստառները փակցված էին թույլատրելի տեղից՝ «Առուշանյան» դաշինքի պաստառների հարեւանությամբ։ «Կոնկրետ Քարահունջում այդ դաշինքի պաստառները նորմալ վիճակում են, իսկ մեր պաստառները պատռել են»,-ասաց Վալերի Մանուչարյանը։ Վերջինս չի դիմել տարածքային ընտրական հանձնաժողովին, այլ փաստի մասին տեղյակ է պահել դիտորդներին։
Լուսանկարները «Առուշանյան» դաշինքի եւ Վալերի Մանուչարյանի ֆեյսբուքյան էջերից:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ