Մամուլն այսօր գրեց, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տունը խուզարկել են։ Hraparak.am-ի տեղեկություններով՝ նա ձերբակալվել է, եւ շուտով նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն։ Պատկան մարմինների լրատվական ծառայություններից տեղեկությունը ճշտել չհաջողվեց։ Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ խուզարկությունները կապված են զենքի մատակարար-ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) գործի եւ զենքի մատակարարումների հետ կապված մեկ այլ քրեական գործի հետ։
Զրուցեցինք պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Նա հերքեց տեղեկությունը, թե այսօր նաեւ իր տունն են խուզարկել։
«Այդ գործի շրջանակում ես հարցաքննվել էի։ Ելնելով նախաքննական գաղտնիքից եւ անմեղության կանխավարկածից՝ շատ բան չեմ կարող ասել։ Միայն կարող եմ ասել, որ խոսքն ավիացիոն ռազմամթերքի մասին է։ 2011թ․-ին մատակարարող կազմակերպության մատակարարած խմբաքանակի գրեթե 30%-ը ՊՆ-ի եւ գլխավոր շտաբի մասնագետներն ընդունել են, իսկ 70%-ն անսարքության, ոչ պիտանի լինելու պատճառով չենք ընդունել։ Մատակարարի խնդրանքով վերցրել ենք ի պահ, որովհետեւ այդ ռազմամթերքը չի կարելի պահել քաղաքացիական շինություններում։ Դա ընդունված չէ՝ իրենց չափերի, հրավտանգ լինելու պատճառով։ Դա եղել է այն պայմանով, որ իրենք ձեռք կբերեն թույլտվություն եւ տարանցիկ փոխադրմամբ կտանեն այլ երկիր եւ իրենք կորոշեն, թե ինչ են անում։ Այն ժամանակ մենք դա չենք ընդունել եւ դրա համար չենք վճարել։ Հետագայում իրենք ընդունել են, կարծեմ՝ 2018թ․-ին, դա իրենք թող պարզաբանեն»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանը հստակեցրեց՝ ինքը նկատի ունի ավիացիոն ռազմամթերքի հետ կապված գործը եւ ոչ Դավիթ Գալստյանի։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ տեղեկություններ ունի՞ այն մասին, որ Դավիթ Տոնոյանին ձերբակալել են։ Պատասխանը բացասական էր։
Հավելենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Armlur.am-ի հետ զրույցում իր բնակարանում խուզարկության մասին տեղեկությունները «լկտի սուտ» է որակել։
ԶՈՒ Գլխավոր շտաբի մամուլի պատասխանատու Սամվել Ասատրյանն էլ Hraparak.am-ին հայտնել է, որ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ` հայտնի գործի շրջանակներում․ այլ անձանց մասով նա տեղեկություններ չունի։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ