Հանուն Հանրապետության Կուսակցության պատվիրակությունը նախագահ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դեսպանատանը, տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում ՄԹ Արտակարգ եւ Լիազոր դեսպան Ջոն Գալահերի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաեւ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը եւ արտաքին կապերի քարտուղար Առնոլդ Բլեյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին լայն շրջանակի հարցեր, կապված տարածաշրջանային անվտանգության, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հետ, ինչպես նաեւ՝ հետպատերազմական զարգացումները եւ մարտահրավերները, նրանց հաղթահարման ուղիները, հայ-բրիտանական հարաբերությունների ներկան եւ ապագան։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարներին։
Կուսակցության պատվիրակությունը կարեւորեց հայ-բրիտանական ընդհանրությունը ժողովրդավարական արժեքների հենքի վրա, ինչպես նաեւ պաշտոնական Լոնդոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահության ջանքերին սատարելուն, տարածաշրջանում տեւական խաղաղություն եւ կայունություն հաստատելուն, Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված դիրքորոշումը։ Նաեւ խիստ կարեւորվեց Հայաստանի մասնակցությունը ս․թ․ նոյեմբերին Մեծ Բրիտանիայում կայանալիք՝ կլիմայի խնդիրներին նվիրված COP26 համաշխարհային գագաթնաժողովին ամենաբարձր մակարդակով։
Կողմերը համընկնող դիրքորոշումներ հայտնեցին, կապված Հայաստանի ժողովրդավարական ապագայի, խաղաղ եւ բարգավաճող տարածաշրջանի տեսլականի հետ, եւ Մեծ Բրիտանիայի դեսպանը վերահաստատեց իր երկրի պատրաստակամությունը սատարելու Հայաստանի՝ խաղաղության, բարեփոխումների եւ ժողովրդավարության օրակարգին։
Կարդացեք նաև
Այդ համատեքստում կարեւորվեց դրան համախոհ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, հանրային ճանաչում ունեցող շրջանակների, փորձագիտական հանրության հետ քննարկումների խորացման եւ շարունակական համագործակցության հաստատման անհրաժեշտությունը։
Քննարկվեցին Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացման, տնտեսական, կրթական, գիտական, տեխնոլոգիական, հաղորդակցությունների, վերականգնվող էներգիայի եւ այլ ոլորտներում հայ-բրիտանական համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները։
Հանդիպումն անցավ ջերմ եւ անկեղծ մթնոլորտում, երկուստեք նշվեց հետաքրքրություն քննարկումները շարունակելու վերաբերյալ, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց խորհրդակցություններին հաղորդել պարբերական բնույթ։
«Հանուն Հանրապետության» կուսակցության մամլո ծառայություն