Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրանցի եւ հայ ժողովուրդների երկխոսության ու համերաշխ գոյակցելու բանաձևը կարող է օրինակ ծառայել մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար». դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի

Սեպտեմբեր 29,2021 18:25

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին այսօր հանդիպել է համալսարանականների հետ:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց ԻԻՀ պատվիրակությանը, որը գլխավորում էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման ներկա էին նաև Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, իրանագետ Գուրգեն Մելիքյանը:

«Ուրախ եմ, որ գտնվում եմ Մայր բուհում և հնարավորություն ունեմ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Իրանն ու Հայաստանը համագործակցության լայն դաշտ ունեն, որտեղ անելիքներ շատ կան: Մեծ սիրով պատրաստ ենք կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ու նախագծեր մշակել, որտեղ ներգրավված կլինեն ուսանողներ և երիտասարդ գիտնականներ: Տարածաշրջանում բավականին արագ են իրադարձությունները զարգանում, պետք է հետ չմնանք այդ զարգացումներից: Կրթությունն ու գիտությունը հենց այն ոլորտներն են, որոնց միջոցով երկխոսություն է ծավալվում ժողովուրդների միջև՝ հիմք հանդիսանալով այլ ոլորտների զարգացումների համար: Վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում ձևավորված Իրան-ՀՀ կապն ու համագործակցությունը տարածաշրջանում լավագույն մոդելն են: Ուսումնասիրելով ձեր կենսագրությունը՝ նկատեցի, որ մասնագիտությամբ աստվածաբան եք, ուստի ուզում եմ փաստել, որ չնայած արտաքուստ տարբեր կրոնների դավանող պետություններ ենք, սակայն գտել ենք երկխոսության ու համերաշխ գոյակցելու բանաձևը: Եվ այս մոդելը կարող է օրինակ ծառայել մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար»,- ասաց Աբբաս Բադախշան Զոհուրիին և շնորհավորեց Հովհաննես Հովհաննիսյանին ռեկտորի ժ.պ. պաշտոնը ստանձնելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ:

Ռեկտորի ժ.պ.-ն հակիրճ ներկայացրեց համալսարանական կրթական, գիտական և բարեկամական կապերն Իրանի գործընկեր բուհերի և գիտական կենտրոնների հետ, որոնք ամրապնդվել ու զարգացել են տարիների ընթացքում. «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, որի հետ պատմամշակութային, քաղաքական և գիտակրթական ամուր կապեր կան: ԵՊՀ-ն լուրջ աշխատանք է տանում բուհի միջազգայնացման ուղղությամբ: Իրանցի աշակերտների համար հետաքրքիր կարող է լինել մեր բնագիտական ֆակուլտետներ այցելությունը՝ Կենսաբանություն, Ֆարմացիա, որտեղ ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ կան: Կարող ենք նաև բաց դասախոսություններ անցկացնել հումանիտար թևի ուսանողների համար: Համագործակցության դաշտը մեծ է ու բազմաշերտ»:

Ռեկտորի ժ.պ-ն ընդգծեց, որ ԵՊՀ միջազգային համագործակցության գծով պատասխանատուները, ինչպես նաև Արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները պատրաստ են հանդիպելու դեսպանի մշակութային կցորդի հետ՝ հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերը քննարկելու և պատշաճ իրականացնելու համար:

Հովհաննես Հովհաննիսյանը նաև շնորհակալություն հայտնեց դեսպանին ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ Իրանի մոտեցման ու պետական մակարդակով վարած հավասարակշռված քաղաքականության համար:

Հովհաննես Հովհաննիսյանը հուշանվեր հանձնեց դեսպանին, որից հետո պատվիրակության անդամները հանդիպեցին Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Դեսպանը Իրանի ոչ վաղ անցյալին նվիրված դասախոսություն ներկայացրեց ուսանողներին, որի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկում ծավալվեց:

Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ սա դեսպանի առաջին պաշտոնական այցն է ԵՊՀ. «Դեսպանի հետ քննարկվեցին ոչ միայն իրանագիտության հետ կապված ընդհանուր հարցեր, այլև կոնկրետ ԵՊՀ-ի և իրանական գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունները»:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930