Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այլընտրանքային ճանապարհների կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է՝ Իրանի դեսպանին հայտնել է փոխվարչապետը

Սեպտեմբեր 29,2021 17:53

Սեպտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Փոխվարչապետը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Սուրեն Պապիկյանը միաժամանակ բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-իրանական հարաբերությունների խորացման գործում:

Փոխվարչապետն արձանագրել է, որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգը բավականին լայն է և պետք է ջանք չխնայել այն ամբողջովին սպասարկելու ուղղությամբ՝ ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ավարտին հասցնելու և նորերի մեկնարկն ազդարարելու համար: Փոխվարչապետը գնահատելի է համարել Իրանի պաշտոնական տեսակետը տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման շուրջ՝ նշելով, որ բազմակողմ աջակցության ու հետևողականության պարագայում խաղաղության օրակարգը հնարավոր է իրագործել:

Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն արտահայտելով, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունն ավելի է ընդլայնվելու: Դեսպանը վկայակոչել է վերջին ամիսներին երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և համագործակցության աճող դինամիկան՝ նկատելով, որ երկու երկրներում ձևավորվել են երիտասարդ գործիչների կառավարություններ, որոնք ակտիվ և եռանդուն աշխատանք կտանեն երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Նա տեղեկացրել է, որ Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ՝ հավելելով, որ կառուցվում է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը: Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն է տալու շրջանցել Տաթևի ոլորանները և անհամեմատ ավելի հարմար է լինելու մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար: Փոխվարչապետը նշել է, որ Որոտան-Գորիս հատվածում կառուցվելու են շրջանցիկ ճանապարհներ: Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հարցին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ծրագիրն արդեն թևակոխել է մրցույթի հայտարարման փուլ:

Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնք ընդգրկել են ճանապարհաշինության, էներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, հանքաարդյունաբերության բնագավառները: Անդրադարձ է կատարվել մշակութային հարաբերությունների զարգացմանը՝ ելակետ ունենալով երկու ժողովուրդների պատմական ինքնությունն ու բարեկամությունը:

Կարևորվել են առաջիկայում սպասվող երկկողմ բարձր մակարդակի փոխադարձ այցերը, որոնք կնպաստեն տնտեսական ասպարեզում փոխգործակցության խորացմանը, առկա հնարավորությունների առավելագույնս օգտագործմանը, առկախված ծրագրերի արագ իրագործմանն ու նոր նախաձեռնություններով հանդես գալուն: Այդ համատեքստում դիտարկվել է ԵԱՏՄ շուկայի ներուժի օգտագործումն ու ընդգծվել է «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությունը՝ որպես հուսալի, անվտանգ տարանցիկ ուղի դրանում ներգրավված բոլոր երկրների համար:

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930