Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորման արդյունքում հարգվելու և իրացվելու են Արցախի՝ ի վերուստ սահմանված անառարկելի իրավունքները». Գեորգի Պետրոսյան

Սեպտեմբեր 29,2021 17:49

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը Մինսկի խմբի համանախագահների սպասվող այցի շուրջ զրուցել է  ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի պատասխանատու Գեորգի Պետրոսյանի հետ։

-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախատեսվում է համանախագահների այց տարածաշրջան, այդ թվում՝ Ստեփանակերտ։ Ի՞նչ դիտարկում ունեք այս կապակցությամբ։

-Հայտնի հանգամանքների բերումով՝ ավելի քան մեկամյա բացակայությունից հետո ողջունելի է, որ Մինսկի խմբի համանախագահությունը վերջապես Արցախ այցելելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Նախ կարևոր է, թե ի՞նչ երթուղով են համանախագահները ժամանելու մայրաքաղաք Ստեփանակերտ։

-Սեպտեմբերի 24-ի հայտարարության մեջ համանախագահները «վերահաստատել են իրենց հանձնառությունը` շարունակել աշխատանքը կողմերի հետ` գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ՝ համաձայն իրենց մանդատի»։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող է նշանակել վերջին ձեւակերպումը։

-Նախ՝ մենք արձանագրում ենք, որ, ըստ համանախագահների, Արցախի հիմնահարցը դեռևս կարգավորված չէ՝ հակառակ անցած տարվա պատերազմի արդյունքին։

Դրական է, որ համանախագահությունը փորձում է հակամարտության կարգավորման համար համապարփակ լուծումներ փնտրել։ Բայց հարց է առաջանում, թե որո՞նք են, այսպես կոչված, «մնացյալ խնդիրները»։ Բանն այն է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները միայն չեն սկսվում և ավարտվում Արցախյան հիմնախնդրով։ Արցախյան հիմնախնդիրն էլ, որպես այդպիսին, բխում է հայության նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունից և այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է։

Պետք է նաև հասկանալ, թե այդպիսի մոտեցման շրջանակներում համանախագահությունը արդյո՞ք գործուն քայլեր ձեռնարկելու է ագրեսիայի արդյունքները վերացնելու համար, այդ թվում՝ Արցախում և Արցախից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առումով։

-Ի՞նչ ակնկալել համանախագահների առաջիկա այցից:

-Անկախ այցի անմիջական արդյունքից՝ արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորման արդյունքում հարգվելու և իրացվելու են Արցախի ՝ ի վերուստ սահմանված անառարկելի իրավունքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930