Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախկինում դեմ եք քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին». Բոբ Մենենդեզը՝ ճնշում է գործադրում դեսպանի թեկնածու Ջեֆ Ֆլեյքի վրա

Սեպտեմբեր 29,2021 16:29

Երկկուսակցական մտահոգություններ բարձրաձայնվեցին Թուրքիայի նենգ գործողությունների վերաբերյալ

Վաշինգտոն – Սեպտեմբերի 28-ի հաստատման լսումների ժամանակ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ճնշում գործադրեց ԱՄՆ-ի նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքի (Հանրապետական, Արիզոնա) վրա, ով Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի հաջորդ թեկնածուն է, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատման ֆոնին Թուրքիայի շարունակական ժխտողականության վերաբերյալ, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Սենատոր Մենենդեզը հայտարարեց, որ «երկար տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանությունը հերքվել է այն իրագործողների ժառանգների կողմից: 2019թ.-ին Սենատն առաջին անգամ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս տարվա ապրիլին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, նախագահ Բայդենը միացավ մեզ՝ ճանաչելով այս ճշմարտությունը: Նախկինում դուք դեմ եք քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին: Դուք կմիանա՞ք այս կառույցին ու վարչակազմին՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատելու գործում»:

Սենատոր Ֆլեյքը պատասխանեց. «Այո»:

Սենատոր Մենենդեզը շարունակեց. «Եթե Ձեր թեկնածությունը հաստատվի, կկրկնե՞ք այդ հանձնառությունը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»:

Սենատոր Ֆլեյքը պատասխանեց. «Ես կանեմ»:

Բացի այդ, հանձնաժողովի նախագահը, իր գործընկերների հետ միասին, մի շարք մտահոգություններ հայտնեց ռուսական արտադրության լրացուցիչ S-400 հակաօդային համալիրներ գնելու Թուրքիայի շարունակական մտադրությունների վերաբերյալ, ինչը ռազմական վերլուծաբանները սահմանել են որպես ՆԱՏՕ-ի և ԱՄՆ անվտանգության համար վտանգ պարունակող: Նրանք նաև հարցեր բարձրաձայնեցին Թուրքիայի կողմից մարդու իրավունքների և մամուլի ազատության նկատմամբ հարգանքի ակնհայտ բացակայության վերաբերյալ՝ ունենալով ավելի շատ բանտարկված լրագրողներ, քան ցանկացած այլ երկիր, բացառությամբ՝ Կոմունիստական կուսակցության վերահսկողության տակ գտնվող Չինաստանի:

Հաշվի առնելով Թուրքիայի կողմից ռուսական սպառազինությունների շարունակական հետապնդումը և դրա վերաբերյալ ՆԱՏՕ-ի բացասական վերաբերմունքի նկատմամբ արհամարհանքը, երկկուսակցական հիմքով ընդգծվեց Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու ակտի (CAATSA) հաստատման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Բացի այդ, սենատոր Բեն Քարդինը (Դեմոկրատ, Մերիլենդ) հարցրեց, թե ինչպես է սենատոր Ֆլեյքը առաջ մղելու ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները, իսկ սենատոր Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ) մտահոգություններ հայտնեց, որ «նախագահ Էրդողանը Թուրքիային շեղել է ուղուց և սխալ ուղղությամբ է տարել՝ թե՛ ընդհանուր ՆԱՏՕ-ի հանձնառությունների, թե՛ տարածաշրջանում այլ նենգ գործողությունների, թե՛ սեփական պետության ներսում մարդու իրավունքների ոտնահարման ոլորտներում… Մենք նաև տեսել ենք, որ նա օգնում և աջակցում է Հայաստանի դեմ հարձակումներին»:

Սենատոր Քրիս Քունսը (Դեմոկրատ, Դելավեր) նշեց, որ սենատոր Ֆլեյքին «դժվար հավասարակշռող գործողություն» է սպասվում, քանի որ կան բազմաթիվ հարցեր, որոնց համար «Թուրքիային պետք է պատասխանատվության ենթարկել՝ սկսած Կիպրոսից՝ մինչև կրոնական փոքրամասնությունների ճնշումը, մինչև Հունաստանի հետ շարունակվող լարվածությունները ու մինչև Հայոց ցեղասպանության ճանաչումը»:

Իր գրավոր վկայության մեջ սենատոր Ֆլեյքը հայտարարեց. «Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես կխրախուսեմ Թուրքիային աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն, երկարաժամկետ լուծում գտնելու ջանքերին և կխրախուսեմ խաղաղ ու դիվանագիտական լուծումներ Արևելյան Միջերկրականի տարաձայնություններին»:

«Մենք ողջունում ենք հանձնաժողովի նախագահ Մենենդեզի նվիրվածությունը մարդու իրավունքներին, ժողովրդավարական արժեքներին և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատման կարևորությանը»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Բացի այդ, ԱՄՆ-ի համար չափազանց կարևոր է մնում շարունակել աջակցել հայ ժողովրդին՝ Ադրբեջանից և Թուրքիայից բխող շարունակական ագրեսիայի և սպառնալիքների պայմաններում»,– հավելեց Արդունին:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930