Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղահանվածներին ուղղված ֆինանսական միջոցները հափշտակելը, ՏԿԵՆ պաշտոնատար անձի կողմից ոչ պատշաճ հսկողություն իրականացնելը հանցավոր արարք է՝ նաև համընդհանուր պարսավանքի ենթակա. Արցախի ՔԿ-ն՝ ՏԿԵՆ-ին

Սեպտեմբեր 29,2021 16:55

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել էր ԱՀ դատախազությանն ու ԱՀ քննչական կոմիտեին «նախաքննության փուլում զերծ մնալ հաղորդագրություններ տարածելուց և չվերածվել հայաստանյան դեղին մամուլի մասնաճյուղերին»:

Նախ նշենք, որ ԱՀ քննչական կոմիտեն իր կազմավորման առաջին իսկ օրից որդեգրել է բաց և թափանցիկ աշխատելու գործելաոճ։ Ինչ վերաբերվում է ԱՀ քննչական կոմիտեի կողմից տարածված տեղեկատվությանը՝ տնտեսվարողի կողմից խարդախությամբ հափշտակելու, իսկ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնատար անձի /անձանց/ կողմից գործընթացի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու հետևանքով պաշտոնական անփութությամբ պետությանն առանձնապես խոշոր չափ կազմող գույքային վնաս պատճառելու վերաբերյալ դեպքերին, ապա նշենք, որ հրապարակումները ներկայացվել են նախաքննության շահերի խստիվ պահպանմամբ և անմեղության կանխավարկածի ապահովման տեսանկյունից, այսինքն, որևէ հրապարակման մեջ բացարձակապես չեն նշվել հանցագործության հնարավոր կատարողների անհատական տվյալները, այլ ներկայացվել են միայն հանցագործության դեպքերը:

Բացի այդ, նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ԱՀ օրենքի 8-րդ հոդվածով օրենսդիրը բնորոշել է տեղեկատվության տրամադրման այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք են պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք պարունակող, մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտող և հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։ Իսկ ահա նույն օրենքի 12-րդ հոդվածով տեղեկատվություն տնօրինողին հստակ պահանջ է ներկայացվում օրենքով սահմանված կարգով ապահովել տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը:

Առնվազն տարակուսելի է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, այսպես ասած, ԱՀ քննչական կոմիտեին ուղղված կոչը, քանի որ պետական սուղ միջոցներից տարբեր սոցիալական ծրագրերով տեղահանվածներին ուղղված ֆինանսական միջոցների խարդախությամբ հափշտակելը, իսկ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան պաշտոնատար անձի /անձանց/ կողմից գործընթացի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելը հանցավոր արարք է, որը ենթակա է նաև համընդհանուր պարսավանքի՝ հետապնդելով նաև կանխարգելիչ հատկություն, ուստի կհորդորենք ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն իրենց ժամանակը սոցիալական ցանցերում գրառումներ պատրաստելու և հրապարակելու փոխարեն ձեռնամուխ լինեն ամենայն պատասխանատվությամբ իրենց պարտականությունները կատարելուն:

ԱՀ քննչական կոմիտե

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության սեպտեմբերի 28-ի ֆեյսբուքյան գրառումը

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով իրականացվում է տեղահանվածների տեղավորման և վարձավճարների փոխհատուցման գործընթաց: Ամեն ամիս ստուգելով տնտեսվարողներին՝ նախարարությունը հայտնաբերում է բազմաթիվ խախտումներ, կազմում արձանագրություններ կամ կնքում համաձայնագրեր տնտեսվարողների հետ: Այդ եղանակով ամեն ամիս տասնյակ միլիոնավոր դրամների խախտում է հայտնաբերվում և վերականգնվում: Ստուգումները և ստուգայցերը մշտական գործընթաց են, որ իրականացվում են անընդհատ: Ներկայացնում ենք երկու տվյալ. հունվար ամսին հյուրանոցային ծառայությունների և սննդի համար 596 անձի հաշվով վճարվել է մոտ 180 միլիոն դրամ, իսկ հուլիս ամսին՝ մոտ 255 միլիոն դրամ 1960 անձի համար: Այսպիսով, վճարվող գումարը ավելացել է 30 տոկոսով, իսկ շահառուների թիվը ավելացել է ավելի քան երեք անգամ: Ակնհայտ է, որ ոլորտում եղել են գերշահույթներ, որը նախարարության համառ ջանքերի շնորհիվ զգալիորեն պակասեցվել է և դեռ պակասեցվելու է:

Մեզ համար ակնհայտ է, որ նման քաղաքականությունը բերելու էր նախարարության դեմ հարձակումների տարբեր շրջանակների կողմից: Կոչ ենք անում ԱՀ Դատախազությանը և ԱՀ Քննչական կոմիտեին նախաքննության փուլում զերծ մնալ հաղորդագրություններ տարածելուց և չվերածվել հայաստանյան դեղին մամուլի մասնաճյուղերի:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930