Վերջին շրջանում տարբեր տրամաչափի պաշտոնյաներ խոսում են Սյունիքով անցնող ճանապարհների` իբր Ադրբեջանի տարածքով անցնելու մասին եւ հղում անում Խորհրդային քարտեզներին, մինչդեռ Aravot.am-ի հետ զրույցում ԽՍՀՄ տարիների ժողտնտեսության ինստիտուտի քարտեզագրության բաժնի վարիչ, «Նահապետ» հրատարակչության տնօրեն, լուսանկարիչ եւ բացառիկ գիրք-ալբոմների հրատարակիչ Սեն Հովհաննիսյանը հակառակն է պնդում: Նրա խոսքով, իբր վիճելի հայտարարված ճանապարհային հատվածները Հայաստանի տարածքում են: Մասնագետը հղում է անում ԽՍՀՄ-ի տարիներին տպագրված քարտեզներին, որոնցից մեկն, օրինակ, գաղտնի գրիֆով 1953 թվականի ռազմական քարտեզ է:
«Վերջին ժամանակներս շատ է խոսվում Երեւան-Կապան ճանապարհի մասին, որ այն հանձնվելու է, կամ հանձնվել է Ադրբեջանին, տարբեր կարծիքներ կան, թե ճանապարհն ում է պատկանում: Ըստ պատմական քարտեզների, դրանք հայկական տարածքներ են: Բայց չգիտես ինչու, որոշ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում դրան:
Ես հաճախ եմ այդ ճանապարհով գնացել Կապան ու տեսել եմ, թե ինչպիսի ճանապարհաշինարարական աշխատանքներ էին կատարվում: Զարմանում եմ, որ մեր պատկան մարմինները չեն նշում, որ այդ ճանապարհները Հայաստանի տարածքում են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Սեն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
«Խորհրդային Միության տարիներին Երեւան-Կապան ճանապարհը չէր գործում, որովհետեւ Կապանից Երեւան անխափան գործող երկաթգիծ կար, նաեւ օրական մի քանի անգամ Կապան- Երեւան թռիչք, որը 35-40 րոպե էր տեւում: Հետագայում, երբ սկսվեց Տաթեւ ՀԷԿ-ի շինարարությունը, նոր այդ ճանապարհի վրա ուշադրություն դարձրինք` Կապանից մինչեւ Որոտան, որպեսզի համապատասխան տեխնիկան տեղափոխվի: Ճանապարհաշինարարական աշխատանքները կատարում էր Հայաստանը: Արցախյան պատերազմից հետո երկաթգծի շրջափակման հետեւանքով այդ ճանապարհը էլ ավելի կարեւորվեց: Հայ ճանապարհաշինարարները կատարում էին ամեն ինչ, որպեսզի ճանապարհն ավելի բանուկ լինի, դրա համար այն ընդլայնվեց մեր տարածքների հաշվին»,-մանրամասնեց մեր զրուցակիցը` եւս մեկ անգամ ընդգծելով ճանապարհի` Հայաստանի տարածքում լինելը:
«Ես նաեւ ականատես եմ եղել Մեղրի-Քաջարան ճանապարհի շինարարությանը, երբ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հաճախ գալիս էր ճանապարհաշինարարությանը հետեւելու: Մի անգամ Որոտանում էի` Տաթեւ ՀԷԿ-ի մոտ, երբ ինքը հերթական անգամ շքախմբով եկավ: Մի քանի հոգի հարցրին, թե ինչու չի ցանկանում Տաթեւով ճանապարհ բացել դեպի Կապան: Կարեն Սերոբիչը զարմացած նայեց հարց տվողին ու ասաց` իսկ մեր այս տարածքներն ո՞ւմ ենք թողնելու, չէ՞ որ Որոտանից մինչեւ Կապան մի փոքր բնակավայր Շուռնուխն է, ու այլ բնակավայր չկա»:
Սեն Հովհաննիսյանը նշեց, որ ինքն է ժամանակին Հայաստանի բնակչության քարտեզը Մինսկի քարտեզագրական ֆաբրիկայում տպագրել: Նա որոշ մանրամասներ հայտնեց. «1986թ ես աշխատում էի ժողտնտեսության ինստիտուտում` քարտեզագրության բաժնի վարիչն էի: Կարեն Դեմիրճյանը հանձնարարել էր Հայաստանի բնակչության քարտեզը կազմել, քարտեզը ղեկավարում էր ժողտնտեսության ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Ավագյանը:
ԽՍՀՄ տարիներին քարտեզ կազմելը դաժան ու հոգնեցուցիչ աշխատանք էր, բացի այդ, Հայաստանում քարտեզ չէին տպագրում, քարտեզները պետք է տպագրվեին Թիֆլիսում, Նովոսիբիրսկում եւ Մինսկում, միայն իրենք ունեին քարտեզագրական ֆաբրիկաներ: Սա մեծամասշտաբ մի քարտեզ է` 93-115 սմ չափերով, ստեղծվել էր ծառայողական նպատակների համար, ես եմ համակարգել եմ այդ քարտեզի տպագրության աշխատանքները:
Քարտեզի վրա մի մեծ խումբ էր աշխատում, բոլոր նախարարները վերջում իրենց կնիքները դնում էին քարտեզի վրա եւ ստորագրում` հավաստելու համար, որ այն համապատասխանում է իրականությանը: Մի անգամ մի հետաքրքիր դեպք եղավ, երբ Վիկտոր Համբարձումյանի մոտ տարա քարտեզի նախնական տարբերակը: Նա նայեց ու ասաց, որ սոցիալական միգրացիան տրված է քարտեզում, երեւում է, թե Հայաստանից ինչքան մարդ է մեկնում արտագնա աշխատանքի ու վերադառնում, բայց նշված չէ, թե ինչքան մարդ չի վերադառնում: Ասաց, որ քարտեզում պետք է դա եւս արտացոլված լինի: Քարտեզի վրա ուղղումները տուշով էի կատարել, Վիկտոր Համազասպովիչն ասաց, որ լավ կլիներ մատիտով աշխատել, որպեսզի հետո շտկումներ անելիս խնդիր չառաջանար, բայց Մոսկվան պահանջում էր անպայման տուշով աշխատել:
Երբ քարտեզը պատրաստ էր հրատարակման, ես մի քանի անգամ գործուղման գնացի Մինսկի քարտեզագրական ֆաբրիկա: Քարտեզն այնտեղ մանրամասն ստուգվելուց հետո տեղափոխվում էր Մոսկվա, այնտեղ եւս նայում ու կնիք էին դնում, որից հետո նոր հրատարակվում էր Մինսկում: Հիմա այդ քարտեզով Կապան-Գորիս ճանապարհը ամբողջովին անցնում է Հայաստանի տարածքով, դա պետականորեն ամենախիստ ու վերջին ճշտությամբ արված քարտեզ էր: Ըստ այդ քարտեզի` Կապանից մինչեւ Որոտան ոչ մի տեղ ճանապարհն Ադրբեջանի տարածքով չի անցնում, նույնն էլ վերաբերվում է Ճակատեն Կապան ճանապարհին: Ի դեպ, քարտեզը խմբագրել են ռուս հայտնի մասնագետներ` Կոսյակովը, Սվիրսկայան ու մյուսները: Այնպես որ, ոչ մի ճանապարհ էլ Ադրբեջանի տարածքով չի անցնում»,-փաստում է մեր զրուցակիցը:
Սեն Հովհաննիսյանն ասում է, որ պատրաստ է մասնագետներին ցույց տալ իր մոտ պահվող բացառիկ բնօրինակ քարտեզները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
հերթական փուչիկը