Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը 44-օրյա պատերազմից մեկ տարի անց բացարձակապես ոչ մի դրական ակնկալիք չունի: «Մենք դեռ կորուստների փուլում ենք եւ կորուստների թիվն ու ծավալները գնալով լայնանալու եւ շատանալու են: Սա է մեր իրավիճակը: Ու դա էլ է ապագա: Մեկ տարի է անցել, բայց պատասխանատվության ենթարկված ոչ մեկը չկա: Սովետական դատախազությունում մի այսպիսի արտահայտություն կար. «Երբ սկսում ես ինչ-որ բան հետախուզել, ամենակարեւորը՝ որ ինքդ քեզ չբացահայտես»: Այսինքն, հետախուզությունը պետք է այնքան գնա, մինչեւ հասնի մի փուլի: Հիմա նույն պատկերն է: Մարդիկ չեն կարող իրենք իրենց հանցանքները հանել ջրի երես եւ իրենք իրենց պատժեն պետական դավաճանության համար: Դա անհնար է: Պետական դավաճանը չի կարող պետական դավաճանության համար ինչ-որ մեկին բացահայտել, մեղադրել, դատապարտել եւ պատժել:
Այ, երբ որ այս քայլող խումբը կհեռանա իշխանությունից, կգան նոր ուժեր, նոր մտքեր, նոր մարդիկ, եթե, իհարկե, այն ժամանակ մենք ունենանք պետություն, պետականություն, հետեւաբար, նաեւ իշխանություն, այդ ժամանակ կբացահայտվեն դավաճանները եւ հանցանքները: Այդ ժամանակ կունենանք դատավճիռներ, ըստ որոնց կպատժվեն բոլոր հանցագործները: Հակառակ դեպքում մենք կսպասենք եւս 80 տարի, որից հետո մեր ծոռները այս մարդկանց անունները կբացահայտեն: Այսինքն, կանեն այն, ինչ արել ենք մենք 1988 թվականին»,-ասաց նա եւ հավելեց, որ ներկայումս ոչ մի բացահայտում պետք չէ ակնկալել, որովհետեւ բացահայտողները եւ բացահայտվողները նույն մարդիկ են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ