Ինչպես հայտնել ենք, այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ վկա Հրաչյա Մայիլյանն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ 2017թ-ին առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին եւ գործով անցնող մյուս ամբաստանյալներին մեղավոր էր ճանաչել՝ Վրաստանից ՀՀ «Իգլա» զինատեսակ փոխադրելու եւ փողերի լվացման համար (ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանն այդ զինատեսակով մտադրվել էր խոցել նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը) ու դատապարտել ընդհանուր վեց տարվա ազատազրկման, իսկ որոշ ժամանակ անց վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումը, ուստի գործը քննվում է նորից։
Երբ նկատվեց, որ հակասություններ կան վկայի՝ դատարանում տված ցուցմունքի եւ նախաքննական մարմիններին տված ցուցմունքների մեջ, մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքները:
Սամվել Բաբայանը առարկեց. «Ինքը չի գրել քննչական վարչությունում: Մարդը կենդանի կանգնած է, կա իրենց հեռախոսային խոսակցությունը: Ասում եք՝ հրապարակենք նախաքննական ցուցմունքները, դա ընդունենք հիմք: Ես ասում եմ՝ չէ: Մարդը կենդանի կանգնած է, էս մարդուն խի՞ եք հրավիրել ստեղ»:
Կարդացեք նաև
Գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ առարկեց. «Ո՞վ չի իմանում, որ այնտեղ սարքել են, մարդը կանգնած է՝ հարցրեք՝ եղե՞լ է, թե՞ չէ»: Պաշտպանական կողմի առարկությունից հետո դատավորը մեղադրողին թույլատրեց հրապարակել Մայիլյանի նախաքննական ցուցմունքները:
2017-ի մարտի 22-ին տված ցուցմունքում Մայիլյանն ասել էր. «Իգլայի ձեռքբերման համար դիմել է ինձ իմ ընկեր Ժորիկը (Արմեն Պողոսյանը), ասել է՝ այն անհրաժեշտ է Ղարաբաղ տանելու համար, ինձ ծանոթացրել է Սանասարի հետ: Նա պետք է զբաղվեր այդ հարցով, վարձատրության հարցով չենք պայմանավորվել հստակ: Վրաստանի քաղաքացի Գոչային եմ դիմել, մի քանի օր անց զանգահարել, ասել է, որ կարող եմ վերցնել ճանապարհին, վերցրել եմ այն, նկարել իմ հայաթում, հետո պահել իմ հանգուցյալ հորեղբոր գարաժում: Հետո հրաժարվել են վերցնել՝ ասելով, որ պակաս բաներ կան: Ինչքանով հասկացա՝ այդ զենքը պետք է տանեին Ղարաբաղ բանակին՝ ինչ-որ պաշտոնի նշանակվելու համար: Թե ում էին պաշտոն տալու՝ չհետաքրքրվեցի»:
Հետագա ցուցմունքներում պնդել է, որ իր տված այդ ցուցմունքը ճիշտ է ու ավելացրել. «Ժորիկն ասել է, որ «Իգլան» իրականում պետք է եղել Սամոյին»: Մեկ այլ ցուցմունքում ասվում է. «Երբ զենքը բերել են, գնացել են Էջմիածնի Արշալույս գյուղ, թեքվել ձախ… մի կիսավեր շինության մոտ կանգնել, ցույց տվել զենքը: Զենքը նկարելու համար կողքին պահել են ՕՐՕ դաշինքի բուկլետը, թե ինչի՝ չգիտեմ»:
Հետո պարզվեց, որ այդպես են արել՝ հավաստիանալու, որ այդ զենքը կա, ոչ թե համացանցից ներբեռնված նկար է:
Ցուցմունքները հրապարակելուց հետո Սամվել Բաբայանը հայտարարեց. «Ինձ մեղադրում են, որ ես գայթակղել եմ Վրաստանից նման ապրանք բերել: Հասարակությունը պետք է իմանա իրականությունը, որ դատախազությունը արել է մաշեննիկություն»: Դատավորը նկատողություն արեց՝ հորդորելով չվիրավորել. «Ձեզ որեւէ մեկը չի վիրավորել»:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 2-ին, ժամը 13:30-ին: Այդ նիստում դատավորն ասաց, որ բերման պետք է ենթարկել Ժորա Զաքարյանին եւ վկա Ռուստամ Սադոյանի համար միջոցներ ձեռնարկել՝ հրավիրելու դատարան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ