Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջուրը կթանկանա․ նոր սակագինը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից

Սեպտեմբեր 29,2021 15:00

Ջրի սակագինը կբարձրանա, իսկ թե որքան կբարձրանա՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ վերջնական ուսումնասիրություն եւ հաշվարկ չի արել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը (լուսանկարում)։

Նա հիշեցրեց՝ ջրի սակագնի փոփոխությունը պարբերական գործընթաց է, քանի որ «Վեոլիա ջրին» ջրամատակարարման համակարգը հանձնված է 15 տարով․ «Մրցույթի արդյունքում, երբ հաղթող է ճանաչվել ընկերությունը, ներկայացրել է 15 տարվա բազիսային գներ, որոնք երեք գործոնով՝ էլեկտրաէներգիայի սակագին, գնաճ, ջրի ծավալների փոփոխություն, ենթարկվում են ճշգրտման։ Հիմա զուտ բազիսային գինը 2022 թվականի համար արդեն իսկ բազիսային գինը, հաշվի չառած այդ երեք գործոնները, 214 դրամ էր, արդեն ունենք 34 դրամի ավելացում՝ ձեւավորված մրցույթի ժամանակ»։

Պարոն Բաղրամյանն ասաց, որ «Վեոլիա ջուր» ընկերության՝ սակագնի բարձրացման հայտը մուտքագրվել է օգոստոսի սկզբին, հիմա Ջրային կոմիտեի եւ հասարակական կազմակերպությունների հետ մշտադիտարկում է իրականացվում, մարզերում ավարտել են, հոկտեմբերի սկզբին Երեւանում կսկսվի․ «Մշտադիտարկման արդյունքների ամփոփումից բացի՝ նաեւ քննարկում ենք վարձակալության պայմանագրի սցենարում որոշակի փոփոխություն իրականացնելու հնարավորությունը, որովհետեւ պայմանագրում կա սցենար, որ մինչեւ 2025-26 թվականին գինը բարձրանում է, հետո՝ նվազում։ Ընկերության հետ բանակցում ենք տասը տարվա համար հաստատուն գնային քաղաքականություն ունենալու հարցը։ Ենթադրում եմ, որ կունենանք որոշակի հաստատուն գին՝ մոտ տասը տարվա համար։ Դա իրականացվելու է այնպես, որեւէ ազդեցություն չունենա պետական բյուջեի մուտքերի վրա, քանի որ «Վեոլիա ջուրը» վարձակալության վճարներ է կատարում»։

Պարոն Բաղրամյանի ներկայացմամբ՝ եւս մի գործոն էլ են ուզում ներառել ջրային համակարգի սակագներում․ օրինակ՝ էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման համակարգում կան սոցանապահովներ, որոնց պետական բյուջեից հոսանքի, գազի կամ ջրի վճարների որոշակի փոխհատուցում է տրամադրվում․ «120 հազար բաժանորդ՝ էլեկտրաէներգիայում, 80 հազարը՝ գազում, ջրում մոտ 100 հազար բաժանորդ կարող է լինել, որը կստանա արտոնյալ պայմաններով գին եւ ենթադրվում է, որ գինը չի փոխվի եւ այդ ազդեցությունը կտարածվի մնացած սպառողների վրա»։

ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ ընկերության ներդրումների հաշվին ջրի գնի բարձրացումը չի կարող լինել, քանի որ ընկերությունն ունի ներդրումներ իրականացնելու պարտավորություն՝ 15 տարվա համար ներդրումները կազմում են շուրջ 37 միլիարդ դրամ, ընդ որում, կառավարությունն էլ է պատրաստվում ներդրումներ անել։

«Ներդրումները բազիսային գնի վրա ազդեցություն չունեն։ Եթե բազիսային գինը 2022-ին դառնում է 214 դրամ, միեւնույն է, դառնալու է իր ճշգրտումներով։ Մենք կարող ենք թեկուզ մինչեւ 2035 թվականը գինը չբարձրացնել՝ համապատասխան վարձակալության վճարները պետական բյուջե չվճարելով։ Օրինակ՝ նախատեսված է մոտ 6,8 միլիարդ դրամ վարձակալության վճար, կարելի է այդ գումարը չուզել ու նույնիսկ իջեցնել գինը։ Նույն այդ 180 դրամը, որ երեք տարի պահվում էր, պահվում էր վարձակալության վճարները համապատասխան չափը նվազեցնելով։ Բայց նպատակահարմար չէ բյուջեի հաշվին ջրի ավելի քիչ գին վճարել»,-ասաց պարոն Բաղրամյանը։

Այդուհանդերձ, ջրի սակագինը կբարձրանա, որոշում կայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերն է, իսկ որոշումն ընդունելուց հետո նոր սակագինը ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։

Նշենք, որ «Վեոլիա ջուրն» առաջարկում է ջրի սակագինը դարձնել մինչեւ 223,7 դրամ՝ 180 դրամի փոխարեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930