Այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ վկա Հրաչյա Մայիլյանն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ 2017թ․-ին առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին եւ գործով անցնող մյուս ամբաստանյալներին մեղավոր էր ճանաչել՝ Վրաստանից ՀՀ «Իգլա» զինատեսակ փոխադրելու եւ փողերի լվացման համար (ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանն այդ զինատեսակով մտադրվել էր խոցել նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը) ու դատապարտել ընդհանուր վեց տարվա ազատազրկման, իսկ որոշ ժամանակ անց վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումը, ուստի գործը քննվում է նորից։
Հրաչյա Մայիլյանի ցուցմունքից պարզ է դառնում, թե ինչ դերակատարում է ունեցել «Իգլայի» ձեռքբերման մեջ Սամվել Բաբայանը: Նա պատմեց, որ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանը, որին Էջմիածնում Ժորիկ են ասում, իմանալով, որ ինքը Վրաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, ծանոթություն, կապեր ունի, դիմել է իրեն՝ այնտեղից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ճարելու համար. «Արմեն Պողոսյանը թղթի վրա գրել էր, որ զենք է հարկավոր՝ «Իգլա»: Ինձ ասաց, որ Ղարաբաղում պայմանավորվել է, իրեն 400-500 հա հող պետք է տան, ինքն էլ կառավարությանը «Իգլա» պետք է նվեր տա: Ասաց՝ «Իգլան» կառավարությանը նվեր պետք է տանք, որ հողեր տան: Տղերքից ասացին՝ կա, գնացի վերցրեցի, Պողոսյանը եկավ՝ նկարեց, ասաց՝ տանեմ մասնագետի ցույց տամ՝ պիտանի՞ է: Հետո ասացին՝ լրիվ չի, տակի բռնակը, մարտկոցը չկա, պիտանի չի, ումից վերցրել ես՝ տար տուր իրան: Ումից վերցրել էի, Հայաստանում չէր, մնաց մոտս: ԱԱԾ-ից եկան՝ ասացին՝ զենք կա ձեր մոտ, եկան, ոչ մի բան չգտան»:
Արմեն Պողոսյանը «Իգլայի» ձեռքբերման վերաբերյալ հետաքրքրվել էր 2017-ին: Երբ մեղադրող կողմը հարցեր ուղղեց, վկան այլ մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է «Իգլա» զենիթահրթիռային համալիրի ձեռքբերման համար 2-3 անգամ Վրաստան գնացել, ման եկել ու չի ճարել, հետո գնացել է նաեւ Ուկրաինա. « 2-3 անգամ գնացել եմ Վրաստան այդ թեմայով, մի անգամ՝ Արմեն Պողոսյանի հետ, մի անգամ էլ՝ Սանասար Գաբրիելյանի, բայց մենք չենք ասել իրեն ինչի համար ենք գնում, ինքը էդ թեման չի իմացել: Վրաստանում ծանոթ ընկեր ունեի, իրեն եմ դիմել: Վրաստանում ազատ վաճառք զենքեր են ծախում: «Մարկան» նայեց, ասեց՝ սենց բան խանութում չի լինի: Ում ասացինք, ասաց՝ նման բան չեք կարող տանել, անհնար է այստեղից, թողել եկել ենք: Հետներս գառ պետք է բերեինք, մի հատ էլ եզդի տղա կար, որ գառներից հասկանում է, անունը՝ Ռուստամ»:
Կարդացեք նաև
Ցուցմունքի ժամանակ վկան չտվեց Ռոբերտ Աղվանյանի անունը: Նա Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի որդին է: Հարցին՝ նա «Իգլայի» հետ ի՞նչ առնչություն է ունեցել՝ պարզվեց՝ զենքը ինքն է տվել. «Ասինք՝ Ղարաբաղ պաշտոն են առաջարկել, պիտի տանենք նվիրատվություն անենք: Ռոբերտն ասել է՝ ես կճարեմ, կտամ: Մենք եկանք Հայաստան, Ռոբերտը եկավ, մի շաբաթ հետո, գտավ ինձ, ասաց՝ կա, կիսատ է, վրայից դետալներ են պակաս: Արմենն ասեց՝ պետք է հարցնենք՝ կլինի՞, չտանենք խայտառակ լինենք, ամոթ է:
«Իգլայի» համար վճարվել է 4000$, պայմանով, որ եթե չլինի, հետ պիտի տա գումարը: Հետո զանգեց Սանասարը, ասաց՝ ումից վերցրել ես՝ տար հետ տուր: Բայց գումարն այդպես էլ հետ չի տվել»:
Պաշտպանական կողմը Մայիլյանին հարցրեց՝ գործի քննության սկզբում մեղադրական կարգավիճակ եք ունեցել, ի՞նչ հիմքով է դադարեցվել հետապնդումը՝ նա պատասխանեց. «Կամավոր հանձնել էի զենքը, դադարեցրել են»:
Վկան մե՛կ ասում էր, որ «Իգլայի» դիմաց Ղարաբաղում հողեր են տալիս, մե՛կ ասում էր՝ պաշտոն են տալիս. «Արմեն Պողոսյանն ասեց՝ կեթանք կմշակենք ցորեն, գարի, քեզ էլ հող կտանք, բայց դրա դիմաց մի բան պիտի տանք կառավարությանը, որ այդ հողերը երկար տարիներով տային, մշակեինք»:
Սամվել Բաբայանը հարցրեց՝ քանի՞ օր առաջ են քեզ ասել՝ պետք չի՝ ԱԱԾ-ի ձերբակալությունից առաջ: Պարզվեց 2-3 օր առաջ արդեն իրեն ասել են՝ պետք չի այդ զենքը: Հետո Սամվել Բաբայանը պարզաբանեց. «Իր ձերբակալությունը եղել է 21-ին: Ամսի 17-ին իմ մոտ հանդիպել են, ես մասնագիտական ասել եմ, որ դա «բռակ» է: Ձեզ 21-ին տարել են, ասել են՝ բեր կամավոր հանձնի, քեզ ոչ մի բան չի լինի, ուրիշ քրեական գործ են հարուցել քո վրա, ավելի ծանր ու քեզ անջատել այս գործից»:
Բաբայանը հորդորեց հստակեցնել՝ ամսի 21-ին ինքը ի՞նչ ցուցմունք է տվել ու ամսի 22-ին ոնց են հայտարարել, որ դա Վրաստանից է եղել. «Հ1-ն էլ իրենց ալիքն է, ասում են՝ Վրաստանից զենքը բերել են տվել: Էջմիածնի քաղաքապետի տղան ցուցմունք է տվել, որ դա իրանց տանն է եղել տասը տարի: Ու Սանասարը երբ ասում է՝ ապրանքը լրիվ չի, ասում ես՝ դե պիտի տանենք հետ տանք, կռիվ ես տալիս իր հետ: Քո խոսացածը ավելի շատ կռվի նման է»,- վկային ասաց Սամվել Բաբայանը:
Վկայի՝ նախաքննական մարմիններին տված ցուցմունքներն ու դատարանում տված ցուցմունքները հակասում էին իրար, ուստի դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքները: Հակասություններ կային «Իգլա» զենիթահրթիռային զենքի ձեռքբերման նպատակների, վճարած գումարի, ներգրաված անձանց շրջանակի, Սանասար Գաբրիելյանի եւ այլ անձանց առնչության վերաբերյալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ