Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի, նրա ընկեր Սանասար Գաբրիելյանի եւ մյուսների գործով նիստը։
Հիշեցնենք, որ 2017թ․-ին առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին եւ գործով անցնող մյուս ամբաստանյալներին մեղավոր էր ճանաչել՝ Վրաստանից ՀՀ «Իգլա» զինատեսակ փոխադրելու եւ փողերի լվացման համար (ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանն այդ զինատեսակով մտադրվել էր խոցել նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը) ու դատապարտել ընդհանուր վեց տարվա ազատազրկման, իսկ որոշ ժամանակ անց վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումը, ուստի գործը քննվում է նորից։
Դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի եւ Արմեն Պողոսյանի խափանման միջոցի համար վճարված գրավը վերադարձվի. «Երեք տարվա վարքագիծը ցույց է տալիս, որ որեւէ խախտում թույլ չի տրվել: Ես վստահ չեմ, որ եւս երեք տարի դատական նիստը չի երկարաձգվի, տվյալ դեպքում գործ ունենք ծնողների խնամքը իր վրա վերցրած անձի հետ ու այդ գումարը պետք է՝ ընտանիքի կարիքները հոգալու համար: Իսկ Սանասար Գաբրիելյանը թոքերի տուբերկուլյոզ ունի, պետք է բուժվի»:
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որից հետո մերժեց այն:
Կարդացեք նաև
Սա հունից հանեց Սանասար Գաբրիելյանին: Նա սկսեց գոռալ. «Ասում եմ՝ հիվանդ եմ, րոպեն մեկ մտնում ես այնտեղ, գալիս ատկազ ես: Խի՞ ես ատկազ անում, ինչի՞ համար, էդ ի՞նչ ենք արել, որ ատկազ ես անում»: Դատավոր Գագիկ Պողոսյանը նախազգուշացրեց. «Եթե դա շարունակեք նույն տոնով, նույն ոճով, ապա դա կհամարեմ վիրավորանք՝ դատարանի ուղղությամբ եւ կկիրառեմ դատական սանկցիա: Ես ձեր հետ դու-ով չեմ խոսում, որ դու եք ասում, հասկացա՞ք ինչ եմ ասում: Եթե ուզում եք ապացուցել, որ իրոք ձեր նկատմամբ խափանման միջոցը հավանաբար ճիշտ չի կիրառվել, ուրեմն կքննարկեմ նաեւ այդ հարցը»:
Սանասար Գաբրիելյանը սկսեց սուր հայացքով նայել դատավորին, դատավորը արձագանքեց. «Այդ հայացքները, որից ես բնականաբար բացարձակ չեմ անհանգստանում, մի գցեք»:՝ Գաբրիելյանը վրա բերեց. «Տո ես էլ ձեր հայացքներից չեմ անհանգստանում: Ասում եմ՝ բուժում ունեմ, պիտի գնամ բուժվեմ, ինչի՞ ես ատկազ անում, մթամ շինծու գործը քիչ էր, հիմա էլ սարքում ես պատմություն: Ինչի՞ չեք տալիս գումարը, որ գնամ բուժվեմ, վա՞տ բան եմ ասում»:
Դատավորը պատասխանեց. «Նախ, ես գումար տվող չեմ»: Գաբրիելյանն արձագանքեց. «Բա դու ես կալանքի տակ պահում»: Գագիկ Պողոսյանը բարկացավ. «Դու-ն դո՛ւ ես, հասկացա՞ք ինչ եմ ասում, նստի՛ր, ամբաստանյա՛լ»:
Դատական կարգադրիչները մոտեցան, բայց այդքանով միջադեպը կանխվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ