Արցախի հանրապետության ազգային ժողովի այսօրվա նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ճակատագիրը, եւ ի՞նչ դիրքորոշում կա ՀՀ խորհրդարանում Արցախի հարցերի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցերի հանձնաժողով չստեղծվեց, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ էր ընդդիմության այդ առաջարկին։
Արթուր Թովմասյանը նախ նշեց․ «Դեռեւս օգոստոսին խորհրդակցելով խմբակցությունների ղեկավարների հետ՝ ստացել եմ իրենց լիազորությունը եւ ցանկություն հայտնել հրավիրելու ԱԺ նախագահին ու խմբակցություններից պատգամավորների։ Այդ առիթով եղա ՀՀ-ում, հանդիպեցի ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ։ Ասել եմ, որ ինձ համար ՀՀ ԱԺ-ում չկան իշխանամետ եւ ընդդիմադիր պատգամավորներ, կան 107 պատգամավորներ։ Միշտ էլ այդպես եմ համարել։ Ուզում եմ, որ ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների համար Արցախի խորհրդարանում էլ չլինեն իշխանամետ եւ ընդդիմադիր պատգամավորներ։ Ասել եմ, որ բոլորին հրավիրում եմ Արցախ։ Համոզված եմ, որ կարգավորման գործընթացով (նկատի ունի արցախյան հակամարտության․-հեղ․) պետք է զբաղվի գործադիրը, ճանաչման հարցով՝ խորհրդարանը»։
Արթուր Թովմասյանը տեղեկացրեց՝ 2020թ․-ի պատերազմից հետո Արցախ-Հայաստան միջխորհրդարանական ձեւաչափը չի գործել․ «Այս պահին երեք խմբակցություններին պետք է դա մտահոգի, եւ ստեղծեն բարեկամական խումբ։ Որոշ օրենսդրական նախագծեր ինչպե՞ս են աշխատելու՝ առանց միջխորհրդարանական քննարկման թեմա դառնալու։ Կան հարցեր։ Բարեկամական խումբ, իմ կարծիքով, առաջինը պետք է ստեղծվեր»։
Կարդացեք նաև
Դավիթ Իշխանյանը փորձեց հստակեցնել հարցադրումը․ ասաց, որ այս տարվա սեպտեմբերի երկուսին հայաստանյան խորհրդարանական պատվիրակության՝ Արցախ այցի ժամանակ «Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանն ասել է՝ միջխորհրդարանական հանձնաժողովը չի ձեւավորվել, ինչին ի պատասխան Վլադիմիր Վարդանյանը եւ Ալեն Սիմոնյանն ասել են, թե Արցախի գործընկերների հետ քննարկում են արել, եւ որ խնդիր չկա։ Իշխանյանն ակնարկեց, որ նրանք գուցե Արցախի խորհրդարանի նախագահին են նկատի ունեցել։
Արթուր Թովմասյանին ակնարկը վրդովվեցրեց․ «Ես կարող եմ ցավեցնել։ Թող լսեն ՀՀ-ի եւ Արցախի իմ գործընկերները։ Արցախի հարցով ես կարող եմ ցավեցնել։ 25 տարի պատգամավոր եմ եղել․․․»։
Իշխանյանն ասաց, որ Թովմասյանի անկեղծության վրա չի կասկածում․ «Խմբակցությունների ներկայացուցիչների հետ պայմանավորվեք հարցը փակ ռեժիմով քննարկել, եւ հասկանանք վերջապես»։ Արթուր Թովմասյանը համաձայնեց առաջարկին։
Ապա ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր Արթուր Մոսիյանը հայտարարեց՝ պայմանավորվել ենք, որ ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու Ստեփանակերտում․ «Խնդիրը նրանում է, որ Արցախի հարցերով ՀՀ խորհրդարանում հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հայաստանյան մեր գործընկերները ԱԺ նիստում հղում են արել ձեզ, ասել, որ հանդիպել են ձեր հետ, եւ Արցախի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ գոյություն ունի ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողով։ Հետո խորհրդակցության ժամանակ ասացիք, որ ձեր խոսքերն աղավաղվել են, եւ որ ձեր համար ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներն էլ Արցախի հարցերով հանձնաժողով են։ Փաստորեն, այսօր ՀՀ-ում ձեւավորված չէ ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողով։ Հարցը բաց է դեռեւս փետրվարից։ Պարոն Իշխանյանը այս խնդրին էր ուզում ուշադրություն հրավիրել։ Հերիք է թաքուն խոսենք։ ՀՀ-ի մեր գործընկերներին պետք է հասցնել, որ սա որեւէ մեկի հարցը չէ, այլ Արցախի ապագայի կարգավիճակի հարցն է։ Եկեք մենք էլ, իրենք էլ բարի լինեն ու լուծում տան այս օրենսդրական-քաղաքական խնդրին»։
Արթուր Թովմասյանը պատասխանեց՝ ՀՀ ԱԺ ղեկավարությանը կփոխանցի, որ ուզում են փակ քննարկում ունենալ։ Արթուր Թովմասյանը նաեւ նշեց՝ այս հարցի շուրջ մամուլը գրում է, թե իրեն բերման են ենթարկել ՀՀ․ «Համոզված եղեք, որ որեւէ մեկը չի կարող ինձ բերման ենթարկել։ Ինչ ասել եմ այստեղ, ասել եմ նաեւ այնտեղ»։
Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասում էր, թե ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը կա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ