Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ բանաձևն ընդունվել է քաղաքական գործընթացների արդյունքում՝ քաղաքական մարմնի կողմից։ Ապավինում ենք դատական մարմիններին»․ Սիրանուշ Սահակյան

Սեպտեմբեր 29,2021 13:51

«Իրավունքն ու քաղաքականությունը բախվում են, և այդ բախման ժամանակ մեծապես պահպանվում են քաղաքականության շահերը»,- այսօր այս մասին «Մեդիա» կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով նախօրեին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևին։

Հիշեցնենք, որ Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը, որտեղ, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվում սկսել բանակցություններ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ և ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։

Բանախոսի պնդմամբ՝ ընտրվել էր հարցերի առավել չեզոք շրջանակ, մասնավորապես՝ խոսվում է մարդասիրական խնդիրների մասին, սակայն Ադրբեջանի կողմից ուժի կիրառման վերաբերյալ ոչ մի նշում չկա։

«Խոսվում է մարդասիրական խնդիրների մասին Ադրբեջանի և Հայաստանի միջև, սակայն, նկատենք, որ բուն հակամարտությունը եղել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև, իսկ Հայաստանն ընդամենը ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է։ Մեկ այլ դիտարկում, այդպես էլ չի խոսվել Թուրքիայի մասին, որը հակամարտության մասնակից էր ինչպես վարձկանների, այնպես էլ օդուժի կառավարման միջոցով։ Այս ամենը արդյունքն է այն բանի, որ բանաձևը կազմվել է քաղաքական մարմնի կողմից՝ քաղաքական գործընթացի արդյունքում։ Այս ամենը քաջ գիտակցելով՝ ապավինում ենք դատական մարմիններին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Միաժամանակ իրավապաշտպանը հայտնեց, որ դատարանը նույնպես գործում է Եվրոպայի Խորհրդի կազմում, ուստի դատարանը նույնպես կարող է քաղաքական մարմնից ազդեցություն կրել, սակայն առանձին դատավորների շնորհիվ հնարավոր է լինում անաչառության հասնել։

Սիրանուշ Սահակյանը բացասական գնահատեց զեկույցն այն իմաստով, որ պատշաճ կերպով անդրադարձ չի կատարվել Հայաստանի կրած մարդասիրական վնասներին՝ գլխատումներին, խոշտանգումներին։

«Միջազգային իրավունքի տեսանկյունից բանաձևերը պարտադիր բնույթ չեն կրում և ապահովված են քաղաքական ուժով, ուստի ընդունված բանաձևը կգործի այնքանով, որքանով Եվրոպայի Խորհուրդը քաղաքական ճնշում կգործադրի»,- ամփոփեց Սիրանուշ Սահակյանը։

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը, որը տեղեկացրեց, թե զեկույցում ներառվել է նաև ՀՀ ՄԻՊ-ի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու հայեցակարգը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են ատելության խոսքի քարոզ, ցեղասպանական, հայատյաց քաղաքականություն, որոնք շարունակվում են պատերազմից հետո առ այսօր․ «Այսպիսի պայմաններում անվտանգության գոտին սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության ապահովման միակ ելքն է»։

Քննարկմանը մասնակցում էր նաև «Բաց հասարակության հիմնադրամ – Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, որն իր խոսքում նշեց. «Մենք մասնակցել ենք զեկույցը պատրաստող խմբի կազմակերպած հանդիպմանը և ներկայացրել ենք զեկույցի մասին մեր կարծիքը։ Ես կխուսափեմ ասել, զեկույցը հայանպաստ է, թե ոչ, որովհետև այն ընդունվել է մի մարմնի կողմից, որը մշտապես փորձում է հավասարություն պահել։ Մենք, իհարկե, փորձել ենք պայքարել այդ հավասարության դեմ և մեզ հաջողվել է փոփոխել զեկույցի մի քանի դրույթներ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930