Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգեզուր կվերադառնանք, բայց ոչ տանկերով. Ալիև

Սեպտեմբեր 29,2021 12:15

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում մի կողմից հայտարարել է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մյուս կողմից սպառնացել է, որ Զանգեզուր կվերադառնան, բայց ոչ տանկերով:

«Ես կարծում եմ, որ 1920թ. խորհրդային իշխանությունը Հայաստանին է հանձնել մեր պատմական տարածքը՝ Զանգեզուրը: Երբ ես խոսում էի այդ մասին, նկատի չունեի, որ տարածքային հավակնություններ ունենք: Մենք այնտեղ կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը»,- ասել է Ալիևը:

Նա նաև հայտարարել է, որ Արցախին ինքնավարություն տալու համար «հիմքեր չկան»:

«Ինչու՞ են մտածում, որ Ադրբեջանի տարածքում պետք է ստեղծվի երկրորդ հայկական պետություն: Մենք պատրաստ էինք ինքնավարություն և ինքնակառավարում տալ տեղի հայերին, բայց նրանք դա մերժեցին՝ պահանջելով անկախություն: Այժմ արդեն, երբ հակամարտությունն ավարտված է, նրանք խոսում են ինքնավարության մասին: Դա մեր օրակարգի մեջ չի մտնում»,- ասել է Ալիևը:

Լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը Ֆրանսիան համարում է օբյեկտիվ միջնորդ, Ալիևն ասել է, որ Ադրբեջանը միշտ ամուր տնտեսական կապեր է ունեցել Ֆրանսիայի հետ, և Բաքվում հույս ունեին, որ Փարիզը ազնիվ միջնորդ կլինի որպես Մինսկի խմբի համանախագահ: Բայց այդպես չեղավ, քանի որ Ֆրանսիայում հայկական սփյուռքը կարողանում է ազդել ընդունվող որոշումների վրա: «Հետևաբար, Ֆրանսիան չեզոք դիրքորոշում չզբաղեցրեց, այլ բռնեց Հայաստանի կողմը»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով իրենց մոտ պահվող գերիների հարցին, հերթական անգամ հայտարարել է, որ պատերազմի ժամանակ գերեվարվածները վերադարձվել են: Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնց մասին խոսում են միջազգային կազմակերպությունները, ապա նրանք, ըստ Ալիևի, «զինվորականներ են, որոնք ուղարկվել են Ադրբեջան հաշտության կնքումից հետո»: «Նրանք մեղավոր են մեր չորս զինվորների մահվան մեջ: Այդ մարդիկ չեն կարող համարվել ռազմագերիներ, քանի որ ձերբակալվել են նոյեմբերի 10-ից հետո»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930