Ինչպես հայտնել էինք, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման ժամանակ այսօր հյուրընկալվել էր ՀՀ-ում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:
Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նաեւ նկատեց՝ սա արդեն երրորդ աշխատանքային քննարկումն է, որին ՔՊ-ական պատգամավորները չեն մասնակցում։ Ըստ Մանուկյանի՝ սա ցույց է տալիս, որ նրանք հետաքրքրված չեն հետպատերազմյան մարդասիրական եւ այլ հարցերով ու խնդիրներով։ Ապա պատգամավորը Սերգեյ Ղազարյանին ասաց՝ պատերազմից հետո ՀՀ բարձրագույն իշխանությունն Արցախ չի այցելում, ինչո՞ւ, գերի ընկնելո՞ւց են վախենում, թե Ալիեւից նման հրահանգ ունեն։
Սերգեյ Ղազարյանը պատասխանեց․ «Գնահատական տալ չեմ կարող, բայց մի բան կարող եմ փաստել՝ առանց Արցախի բացառվում է հայկական պետականության բարեկեցիկ ապագան։ Բոլոր ջանքերը, լինեն դրանք Արցախ այցելելով կամ առանց դրա, պետք է այդ հանգամանքը հաշվի առնեն»։
Կարդացեք նաև
Արեգնազ Մանուկյանը նաեւ հարցրեց Սերգեյ Ղազարյանին՝ տեղեկություն ունե՞ք, թե Գորիս-Կապան միջպետական ճանապարհին տեղադրված ադրբեջանական անցակետի խնդիրը ՀՀ իշխանությունն ինչու է ներկայացնում որպես ՀՀ-Իրան փոխհարաբերությունների հարց։ Սերգեյ Ղազարյանը նշեց․ «Մենք մանրամասն տեղյակ չենք ՀՀ-ի եւ Իրանի միջեւ նման խնդիրներից։ Որքանով տեղյակ ենք՝ նոր ճանապարհ է կառուցվում։ Ամեն դեպքում, հայտնի է, որ Ադրբեջանը շարունակելու է նման սադրանքները տարբեր ուղղություններով։ Պետք է պատրաստ լինենք դրան»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ