Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը որոշել է օրենքում փոփոխություն կատարել եւ ՊՊԾ-ն վերցնել անմիջապես սեփական ենթակայության տակ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 29,2021 10:13

Ժամանակին հեծանիվով աշխատանքի գնացող եւ «ժողովրդի ծոցից դուրս եկած» Նիկոլ Փաշինյանն այսօր այնքան է վախենում սեփական ժողովրդից, որ օր-օրի մեկուսանում է նրանից ու ավելացնում անվտանգության աշխատակիցների թիվը։ Մի ամբողջ կառույց՝ Պետական պահպանության ծառայությունը, որը գործում է ԱԱԾ-ի կազմում, այսօր զբաղված է նրա պաշտպանությամբ։ Նախկինում Սերժ Սարգսյանին էինք քննադատում մեծաթիվ թիկնազորի համար, Փաշինյանը բառացիորեն ամեն ինչում մի քանի անգամ գերազանցեց նրան, այնպես, որ կարող է մրցել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։ Նրա այցելությունների օրերին խորհրդարանը վերածվում է պաշարված բերդի, նա Եռաբլուր է այցելում լույսը չբացված եւ տասնյակ թիկնապահներով շրջապատված, որոնք տանում են պաշտպանական ճամպրուկները, որ վտանգի պահին օդը փակեն:

Փաշինյանին պաշտպանող թիկնապահներին տրամադրում է ՊՊԾ-ն, որն ԱԱԾ-ի կազմում գտնվող մարմին է։ Բայց Նիկոլ Փաշինյանը որոշել է օրենքում փոփոխություն կատարել եւ ՊՊԾ-ն վերցնել անմիջապես սեփական ենթակայության տակ։

Օրենքի նախագծի նախնական տարբերակը հրապարակված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում։

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն այս թեմայով ասաց, որ ՊՊԾ-ն, ԱԱԾ-ի կազմում լինելով հանդերձ, բավականին ինքնուրույն կառույց է՝ ինքնուրույն խնդիրներով եւ խնդիրների իրականացման գործիքակազմով։ «Պետական պահպանության ծառայությունն առանձնացնելը, ես կարծում եմ, հիմնականում երկու նպատակ է հետապնդում։ Առաջինը․ դրա ստատուսն են ուզում բարձրացնել` նույն Ռուսաստանի օրինակով, եւ ուզում են, որ այդ պաշտոնում նշանակված լինի մարդ, որը բացարձակ վստահություն կունենա եւ ուղիղ կենթարկվի հանրապետության ղեկավարին՝ վարչապետին։ Այդ բացարձակ վստահություն վայելող անձի միջնորդավորված ենթակայությունը՝ ԱԱԾ տնօրենի միջոցով, գուցե էսօրվա ղեկավարին չի բավարարում, եւ ուզում է, որ իր ենթակայության տակ գտնվի»,- ասաց նա։

Բայց թե լրացուցիչ ինչ է տալու նոր կարգավիճակն այդ մարմնի գործառույթների ընդլայնման իմաստով, Համբարձումյանը չի պատկերացնում։ Նրա կարծիքով՝ վարչապետի ենթակայության տակ անցնելուց հետո էլ ՊՊԾ-ն կատարելու է նույն գործը, ինչ արել է, պարզապես, ըստ նրա, մի փոքր կտուժի օպերատիվ աշխատանքը․ «Քանի որ, ԱԱԾ կազմում գտնվելով, ՊՊԾ-ն սերտ համագործակցության մեջ է գտնվել մեր ծառայության մյուս օպերատիվ ստորաբաժանումների հետ։ Էդ իմաստով կարծում եմ՝ որոշակի իմաստով կտուժի օպերատիվ աշխատանքը»։

Հիշեցնենք, որ ՊՊԾ-ն, ըստ օրենքի, ունի «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու» իրավունք, ինչն այսուհետ կիրականացնի Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով: Այսինքն` գաղտնալսումներ, արտաքին հսկողություն, մարդկանց հետեւել եւ այլն, կիրականացվեն անմիջականորեն նեղ շրջանակի կողմից` վարչապետի կամայական որոշումներով:

Պարոն Համբարձումյանից հետաքրքրվեցինք նաեւ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի մեծացման, Եռաբլուր տասնյակ թիկնապահներով այցելելու մասին։ Նա ասաց․ «Դա պայմանավորված է լինում օպերատիվ իրավիճակով եւ ծառայության ղեկավարի որոշմամբ… Ուրեմն էդպես են գնահատում, որ օպերատիվ իրավիճակը լարված է, դրա համար էլ էդքան ուժային կենտրոնացում կա»։

Վահե Մակարյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930