Լրահոս
Օրվա լրահոսը

Իսահակ Ժամհարյանի սպանությունը

Սեպտեմբեր 29,2021 12:00

Շուշին 1902 թ. դեկտեմբերին, Բ մաս

Դեկտեմբերի 16-ին, առավոտյան, Մոսկվայում, Իսահակ Ժամհարյանի սպանության լուրը կայծակնային արագությամբ տարածվել է Շուշիում: Հաջորդ օրը Ղազանչեցոց եկեղեցում տեղի է ունեցել պատարագ եւ հոգեհանգիստ, որին խուռն բազմության հետ միասին ներկա են եղել նաեւ թեմական դպրոցի ուսուցչական խումբը, աշակերտներով: Պատարագին երգել է քառաձայն երգեցիկ խումբը: Արցախի թեմի առաջնորդ Գրիգորիս եպս. Գառնակերյանը խոսել է մի երկար դամբանական: Իսկ քաղաքի կողմից հեռագրով պատվիրվել է հանգուցյալի դագաղի վրա դնել 300 ռ. արժողությամբ մի պսակ եւ Ժամհարյան եղբայրներին ուղարկված էր ցավակցական հեռագիր: Նույնը կատարել է նաեւ Ղազանչեցոց եկեղեցու երեցփոխը: Կիրակի օրը քաղաքային հիվանդանոցում կատարվել է հոգեհանգիստ:

Նաեւ մի շարք քաղաքներում են կատարվել Իսահակ Ժամհարյանի հիշատակին նվիրված հոգեհանգիստներ: Այսպես դեկտեմբերի 23-ին, Թիֆլիսի Վանքի մայր եկեղեցում, իսկ դեկտեմբերի 29-ին Խանքենդում (Ստեփանակերտ): Վերջինիս դեպքում նշվել է. «Եկեղեցին լիքն էր երկսեռ բազմութեամբ, որ եկել էր աղօթելու բարեգործի համար: Ժամհարեանները նպաստել են տեղիս եկեղեցու կառուցման եւ տեղիս եկեղեցական դպրոցին սրա գոյութեան օրից մինչեւ փակումն ամեն տարի նպաստ են ուղարկել: Պատարագիչ քահանան մի քանի խօսք խօսեց հանգուցեալի յիշատակին»:

Ժամհարյան բանկային տունը

Օրեր անց հանգուցեալի այրին եւ եղբայրները հայտնել են իրենց խորին շնորհակալությունը՝ այն բոլոր հաստատություններին եւ անձանց, որոնք իրենց ցավակցությունն ու վիշտն են հայտնել Ժամհարյան ընտանիքի կրած ծանր եւ անփոխարինելի կորուստի համար: Հանգուցյալի հարազատները ցավակցական հեռագիր էին ստացել նաեւ Վեհափառ Հայրապետից:

Իսահակի եղբայրները վշտից ոչ ոքի չեն ընդունել, իսկ կինը հիվանդացել էր: Աննկարագրելի էր նրա վիշտը, երբ հաղորդել են ամուսնու սպանման մասին: Նա լաց է եղել, փետել մազերը, եւ միայն քահանայի մխիթարանքներն են հանգստացրել նրան: Սակայն, պետք է նշել, որ այդ ոճրագործությունից հետո էլ Ժամհարյանները շարունակել են իրենց բարեգործությունները: Նրանք 1905 թ. սեպտեմբերին «10,000 պուդ ալիւր են ուղարկել Շուշու կարօտեալ հայերին: Բացի դրանից, նրանք մի խոշոր գումար են յատկացրել Շուշու հայոց աւերուած տները վերաշինելու համար»:

Իսահակ Ժամհարյանը, նույնպես, աչքի է ընկել իր բարեգործություններով: Բավական է հիշատակենք միայն մեկը. 1900 թ. փետրվարին նա Մոսկվայից մի խոշոր գումար է ուղարկել Կ.Պոլսի պատրիարքարան՝ Մարաշի որբանոցում արհեստագիտական բաժանմունք բացելու համար:

Սուրբ Խաչ եկեղեցի

Հարկ է նշել, որ բոլոր խոշոր թերթերն անդրադարձել են դեկտեմբերի 15-ին, կիրակի օրը, Մոսկվայի Սբ Խաչ հայկական եկեղեցում տեղի ունեցած այդ զարհուրելի սպանությանը: Ականատեսներից Ղ. Քեմեչճյանը բավականին մանրամասն գրել է. «Տեղիս հայոց եկեղեցու բակում մի անյայտ չարագործ, Յակոբեանց ազգանունով, դաշոյնի 5-6 հարուածով տեղն ու տեղը սպանեց Մոսկուայի յայտնի բանկիր եւ ազգային յայտնի բարեգործ Իսահակ Ժամհարեանին, 48 տ. հասակում: Իբրեւ դէպքին ականատես, յուզուած սրտով, ձեռքս դողալով հազիւ կարողանում եմ գրի առնել այս սարսափելի արկածի մանրամասնութիւնները: Ժամը դեռ 12-ը չկար, երբ սովորաբար հայոց եկեղեցու բակը հաւաքւում են տեղիս հասարակութեան անդամները, ուսանողներ եւ ամեն դասակարգի մարդիկ: Այդ մարդկանց մէջ աչքի էր ընկնում մի երիտասարդ բարձր հասակով, մաքուր եւ լաւ հագնուած. դա յետ ու առաջ ման էր գալիս եկեղեցու սանդղքի մօտ, անդադար ծխում էր եւ ինչպէս երեւում էր, ներքին խիստ յուզման մէջ էր: Ժամը 12-ից 5 ր. պակաս երկու սահնակով եկան Ժամհարեանները. մէկի մէջ նստած էր Իսահակ Ժամհարեանը, միւսի մէջ Նիկողայոս Ժամհարեանը, իւր կնոջ հետ: Սահնակից իջնելով Նիկողայոս Ժամհարեանը եւ նրա կինը մօտեցան բակում կանգնած ծանօթներին եւ խօսակցութեան մէջ մտան, իսկ Իսահակ Ժամհարեանը չկանգնելով սանդղքով բարձրացաւ դէպի եկեղեցու դուռը: Եկեղեցու դուռն դեռ չհասած, անծանօթ մարդը, որ այդ րոպէ գտնւում էր այդտեղ, յանկարծ յարձակւեց եւ 8 վերշականոց դաշոյնով մէկը միւսի յետեւից շտապ հարուածներ հասցրեց իւր զոհին: Հարուածների տակ Ժամհարեանը կարողացաւ միայն երկու անգամ բարձր «ա՜յ… ա՜յ» կանչել եւ շնչասպառ ընկաւ սանդուղքի աստիճանների վրայ. արիւնը գետի նման հոսում էր նրա վզի վէրքից: Բակում կանգնած ժողովուրդը իրարանցման մէջ ընկաւ, եկեղեցուց ժողովուրդը ձայների վրայ դուրս վազեց: Չարագործին իսկոյն բռնեց ժողովուրդը եւ դէպքից կատաղած ու վրդովուած սկսեց բռունցքներով խփել նրա երեսին: Պատարագիչ քահանայ հայր Էմմանուէլ Նազարեանցը, իմանալով դէպքի մասին պատարագն իսկոյն ընդհատեց եւ ս. հաղորդութիւնը ձեռին դուրս եկաւ վիրաւորուածին հոգեկան վերջին մխիթարանքը տալու, բայց եկած բժիշկը յայտնեց, որ զոհն արդէն մեռած է: Ժողովրդի միջից ձայներ էին լսւում «խանչալը խլեցէք ձեռքից», «պատառ- պատառ արէք դրան», «անիրաւ…» եւ այլ նման խօսքեր: Մինչեւ ոստիկանութեան գալը, ժողովուրդը դաշոյնը խլեց, կապեց չարագործի ձեռքերը եւ շարունակում էր ծեծել: Միայն կէս ժամից յետոյ եկաւ «բժշկական շուտափոյթ օգնութեան կառքը», բժշկով հանդերձ, բայց արդէն շատ ուշ էր: Ժողովուրդը իւր ձեռքերի վրայ առնելով հանգուցեալին, տարաւ եկեղեցու մօտ Գասպարեան անկելանոցը եւ դրեց սեղանի վրայ …Ժողովրդից շատերը եկեղեցու բակում, արկածին ականատես լինելով, լաց էին լինում: Մոսկուայի հայ հասարակութիւնը ողբում է իւր պատուարժան անդամի եղեռական մահը, իսկ հայ ազգը Իսահակ Ժամհարեանի մահով զրկւում է իւր մի մեծ բարեգործից: Կարող եմ աւելացնել, որ հանգուցեալ Իսահակ Ժամհարեանը մի շաբաթ առաջ Պենզա քաղաքից անոնիմ նամակ է ստանում, որի մէջ խօսւում է մի ինչ որ գումար տալու մասին եւ ասւած է, թէ՝ «Ձեզ հետ կատակ չենք անում, իմացէք»: Այդ նամակի մասին խօսւում էր ժողովրդի մէջ, եկեղեցու բակում»:

Ժամհարյանների տունը Ռոժդեստվենսկի բուլվարում

Իսկույն սպանության տեղն է գալիս դատաստանական քննիչը եւ մի քանի վկաներից ցուցմունքներ վերցնելով կազմում է արձանագրություն: Կատարվում է բժշկական քննություն, որից հետո հանգուցյալի մարմինը տեղափոխվում է ուսանողական կլինիկա: Իսկ ձերբակալված չարագործի մոտ հայտնաբերվում է ատրճանակ 6 գնդակով եւ 240 ռ. գումար: Չարագործին տանում են ոստիկանատուն, որտեղ նա թարգմանչի միջոցով խոստովանում է, որ ինքը պարսկահպատակ հայ է, անունը Միշէլ Յակովբեան: Իսկ այն հարցին, թե «ինչո՞ւ սպանեցիր», պատասխանել է, թե «այդ մասին ոչինչ չեմ ուզում ասել»: Ենթադրվել է, որ ոճրագործը Մոսկվայում միայնակ չէր, նրա հետ հյուրանոցում է եղել թարգմանիչը, որը դեպքից հետո անմիջապես չքվել էր: Նշենք, որ Մոսկվայի Սբ Խաչ եկեղեցին գտնվել է Արտոմոնովսկի նրբանցքում, որը հետագայում անվանվեց՝ «Հայկական»: Հայերն այստեղ բնակվել են դեռեւս 16-րդ դարից: 18-րդ դարում այդտեղ տարածք է գնել Լազար Նազարի Լազարեւը (Ղազար Ղազարյան), իսկ 1779 թ. նրա որդին՝ Հովհաննեսը, կառուցել է Սբ Խաչ հայկական առաքելական եկեղեցին, որն էլ մի շարք վերանորոգումների է ենթարկվել եւ վերջնական տեսք է ստացել 1858 թ.: Սակայն, ցավոք, 1930-ական թթ. քանդվել է բոլշեւիկների կողմից եւ նրա տեղում կառուցվել է դպրոց: Նրա ճարտարապետը Յուրի Ֆելտենն էր:

Ժամհարյան լճակը, 1897թ.

Ռուսական թերթերը գրել են, որ «Ոճրագործը ծածկում է սպանութեան իսկական շարժառիթը, բայց ոչ ոք չի կասկածում, որ նրա այս ոճիրը սերտ կապ ունի այս ամառ Շուշիում կատարւած դէպքի հետ, երբ մի քանի մութ անձնաւորութիւններ Իսահակ Ժամհարեանից մահուան սպառնալիքով մեծագումար փող էին պահանջել, իբր թէ «սուրբ գործի» համար, բայց չէին հասել իրենց նպատակին»:

Իսկ ի՞նչ է պատահել Շուշիում. «Ամառուայ միջոցին Ժամհարեանն ընտանիքով Մոսկուայից գնում է իւր ծննդավայրը, Շուշի, որպէս զի ներկայ լինի իրենց միջոցներով նոր կառուցուած հասարակական հիւանդանոցի հանդիսաւոր բացմանը: Հանդէսը վերջանալուց եւ իւր համաքաղաքացիների անհուն շնորհակալութիւններն ու յարգանքները վայելելուց յետոյ պ. Ժամհարեանը մտադրւում է վերադառնալ Մոսկվա, սեպտեմբերի 6-ին, սակայն նոյն ամսի 4-ին ժողովարանից տուն վերադառնալու միջոցին, գիշերուայ 11-ին, կալանաւորւում է անյայտ մարդկանց ձեռքով եւ տարւում քաղաքից դուրս գտնուող մի կիսաւեր, անբնակ տուն: Այդտեղ նրանից ստորագրութիւն են առնում, որ միւս օրը մի որոշեալ, պայմանաւորուած տեղ բերէ 30,000 ռ. եւ յանձնէ այնտեղ եղողներին: Ժամհարեանը տուն վերադառնալով՝ եղելութիւնը պատմում է, իմաց է տրւում ոստիկանութեանը, ասում են, հակառակ նորա կամքի – եւ որոշեալ ժամին պայմանաւորուած տեղը բռնւում են երկու անյայտ անձինք: Ահա այս անցքի հետ կապելով Ժամհարեանի սպանութիւնը, ենթադրում են, որ վրէժխնդրութեան զոհ է գնացել: Ինչ պատճառներով էլ որ կատարուած լինի եղեռնագործութիւնը, խիստ ցաւալի է մեր հասարակութեան համար Իսահակ Ժամհարեանի պէս անձի կորուստը: Նա իւր կարողութիւնից միշտ բաժին էր հանում հասարակական կարիքներին. կարիք ունեցողը՝ լինէր հաստատութիւն, թէ հասարակական գործիչ, միշտ վստահ էր, որ Ժամհարեանին դիմելով՝ դատարկաձեռն չէր յետ դառնալ: Ժամհարեանների բազմաթիւ մասնաւոր եւ անհատական բարեգործութիւնների մէջ աչքի են ընկնում Շուշի քաղաքի նորակառոյց, հոյակապ հիւանդանոցը եւ Կիլիկիայում գոյութիւն ունեցող որբանոցը»:

Պատմում են, որ Իսահակ Ժամհարյանը Շուշիի դեպքից հետո երկար ժամանակ հիվանդ է եղել ջղային խանգարումով եւ նոր էր առողջացել: Մոսկվայի հայերը որոշում են մեծ հանդեսով կատարել թաղումը, որը տեղի է ունենում դեկտեմբերի 17-ին: Իսահակի մարմինը ամփոփվում է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը: Նրա թարմ գերեզմանին պսակներ են դրվում տեղի հայ համայնքի, ուսանող երիտասարդության, Գասպարյան անկելանոցի եւ այլ հաստատությունների կողմից:

Իսկ ի՞նչ եղավ ոճրագործների հետ, կհարցնի ընթերցողը: 1904 թ. փետրվարին թերթերից մեկը գրել է. «Ժամհարեանի սպանութեան մէջ գլխաւոր մեղադրվողներից մէկը՝ Վարդանեանցը – սպանելով իրան ուղեկցող զինւոր Լիրօվին՝ փախել է: Փախուստը կատարվել է հետեւեալ պայմաններում: Վարդանեանցին էտապով տանում էին Շուշու բանտից Գանձակի բանտը: Եւլախ կայարանում Վարդանեանցը՝ Լիրօվի ուղեկցութեամբ գնաց մի խանութ գնումներ անելու եւ ճանապարհին՝ յարմար րօպէ գտնելով, յարձակվեց Լիրօվի վրա եւ սպանեց: Սպանութիւնից յետոյ Վարդանեանցը փախել է եւ մինչեւ այժմ դեռ չէ գտնվել»:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Իսահակ Ժամհարյան

«Առավոտ» օրաթերթ
28.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930