Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Նոյեմբերի 10-ի հայտարարությունը միջպետական անհավասարակշիռ փաստաթուղթ է». «Սպիտակ թուղթ»

Սեպտեմբեր 29,2021 14:00

Սկիզբը՝ այստեղ:

2020թ. նոյեմբերի 10-ի ստեղծած իրավիճակը. Հրադադարի հայտարարությունը

Տարածքային կորուստների բնույթն ու հետեւանքները

Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում եւ նրա շրջակայքում տարածքային կորուստները չորս հիմնական նշանակություն ունեն.

Ա. Տնտեսական կարեւոր ռեսուրսների, ներառյալ արոտավայրերի, գյուղատնտեսական նշանակության հողերի, հանքերի, հիդրոէլեկտրակայանների եւ ջրային ռեսուրսների մատչելիության/ վերահսկողության կորուստը։

Բ. Հայկական պատմական տարածքների եւ մշակութային ժառանգության կառույցների կորուստներ: Սա ամենից ավելի խորհրդանշվում է Շուշիի կորստով. մի քաղաք, որն այժմ միանում է մշակութային ու քաղաքական նշանակություն ունեցող այն վայրերի ցուցակին, որոնք այլեւս հայաբնակ չեն եւ չեն վերահսկվում հայկական ուժերի կողմից:

Գ. Հայաստանի անվտանգության մեջ ռազմավարական խորքի կորուստ, ինչն ավելի մեծ վտանգի է ենթարկում բուն Հայաստանի տարածքը:

Դ. Թշնամական հարեւանների հետ այժմ, ընդհանուր առմամբ, ավելի քան 1300 կիլոմետր սահմանի առկայությունը՝ տարբեր տեղագրություններով ու պաշտպանունակությամբ: Այդ ամենը տեղակայված է մի տարածքում, որտեղ ֆիզիկական ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ խրամատները, բունկերները, մեքենայացված ստորաբաժանումներն ու կազմավորումները, ինչպես նաեւ հրետանին, ավելի ու ավելի խոցելի են ժամանակակից եւ բարձր ճշգրտության հարձակողական զենքի դիմաց:

Շփման գծերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ

Ա. Բացառությամբ հյուսիս-արեւելյան սահմանի, շփման գիծը (ՇԳ) մինչ պատերազմը գտնվում էր Ղարաբաղի/Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ: Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փաստացի ՇԳ-ն տարածվում է դեպի հարավ՝ մինչեւ Իրանի սահմանը: Բացի այդ, ՇԳ-ն տարբերվում է սահմանից, քանի որ միջպետական միջազգային սահմանի համար երբեք սահմանազատում չի եղել: Այս նոր շփման գծերի եւ սահմանամերձ շրջանների կարեւոր հատվածները (Սյունիք, Տավուշ) գտնվում են ադրբեջանական զինուժի մշտական ճնշման տակ:

Բ. Նոյեմբերի 10-ից հետո հայտնված քարտեզի վրա Նախիջեւանի հետ Հայաստանի ՇԳ-ն ավելի զգայուն հարց է դարձել: Վայոց Ձորի եւ Հյուսիսային Սյունիքի մարզերի՝ ավազի ժամացույցի նմանվող հատվածներում այն, այսպես ասած, մեկ քայլի վրա է Ադրբեջանից: Դրանք առանցքային կետեր են դարձել Հայաստանի տարածքի անվտանգության համար՝ ի տարբերություն նոյեմբերի 10-ին նախորդող իրավիճակի, երբ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները ռազմավարական խորք էին հաղորդում տարածքի պաշտպանությանը: Այսօր Ղարաբաղի եւ Հայաստանի կապը փխրուն պորտալար է, որը վերահսկում է Ռուսաստանը:

Գ. Ներկայումս ընթանում է սահմանազատման գործընթաց: Ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի համար կարեւորություն ներկայացնող մյուս բոլոր հարցերը, այս գործընթացի որակն ու ոգին եւս երկարաժամկետ հետեւանքներ կունենան տարածաշրջանում խաղաղության կամ պատերազմի ապագա հեռանկարների վրա:

Դ. Հայաստանում ռուսական ռազմակայանը վճռորոշ դեր է ձեռք բերել: Եթե նախքան 2020 թ. պատերազմը Ռուսաստանի ռազմական ներկայությունն անհրաժեշտ էր հայ-թուրքական սահմանը պաշտպանելու համար, ռուսական անձնակազմն այժմ ներգրավված է նաեւ նոր արեւելյան եւ հարավային հատվածների թեժ կետերում:

Քաղաքական ու անվտանգության հետեւանքները Ղարաբաղի համար

Քաղաքական/դիվանագիտական նոր իրողություններ

Ա. Արցախի Հանրապետությունը՝ Ղարաբաղը, ո՛չ ստորագրել է նոյեմբերի 10-ի հայտարարությունը, ո՛չ էլ պայմանագրի կողմ է հանդիսանում: Հաղթեց այն տեսակետը, որ Ղարաբաղյան հակամարտությունը միջպետական հակամարտություն է՝ ի տարբերություն 1994 թ. հրադադարի համաձայնագրերի, որտեղ Հայաստանից ու Ադրբեջանից բացի, երրորդ ստորագրող կողմը Ղարաբաղն էր, ոչ թե Ռուսաստանը:

Բ. Եռակողմ հայտարարության մեջ կա անուղղակի ճանաչում, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է:

Գ. Ռուսաստանի միջամտության զորքերն այժմ, 1991 թ.-ից ի վեր առաջին անգամ, գտնվում են այդ տարածքում:
Անվտանգություն

Դ. Ղարաբաղը կորցրել է Հայաստանը՝ որպես իր անվտանգության երաշխավորի:

Ե. Ղարաբաղը կորցրել է սակարկության իր հիմնական լծակը եւ անվտանգության գոտին:

Զ. Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվել է նոր ՇԳ, որը երկու մարտահրավեր է ներկայացնում. (1) ՇԳ-ի կասկածելի պաշտպանունակություն՝ նույնիսկ վերակազմավորված պաշտպանական ուժերի կողմից, եւ (2) այդ ուժերի տեղակայումն ու գործածումը:

Է. Նոյեմբերի 10-ի հայտարարությունը չի պահանջում ցրել տարածքի պաշտպանական ուժերը: Սա տեղի իշխանություններին մանեւրելու որոշակի տիրույթ է տրամադրում, գոնե ժամանակավորապես։

Ի՞նչ է մնում Ղարաբաղյան հարցից

Ը. Ղարաբաղյան հարցը, իրենց հողի վրա անվտանգ եւ ազատ ապրելու՝ այդ տարածքի հայերի իրավունքների կամ նրանց ինքնորոշման իրավունքի հարցը, շարունակում է մնալ սուր` գոյաբանական առումով: Սակայն խնդիրը չի քննարկվում պաշտոնական որեւէ ատյանում կամ բանակցային ձեւաչափում՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Հայաստանի փորձերին:

Թ. Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, որ Ղարաբաղի նկատմամբ գերիշխանության հարցը լուծված է: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը տարբեր ձեւերով հայտարարել է, որ կարգավիճակի հետ կապված բանակցությունները, այսինքն՝ թե Ղարաբաղն ինչպես կկառավարվի, կամ ընդհանրապես գոյություն կունենա՞ տարածքային իմաստով Ղարաբաղ, թե ոչ, (ա) պետք է երկար ժամանակով հետաձգվեն, որպեսզի երկու ժողովուրդները սովորեն միասին ապրել, (բ) որ Մինսկի խումբը կարող է ներգրավվել կարգավիճակի շուրջ բանակցություններում, եւ (գ) բայց Մինսկի խումբն իր գործունեությունն առայժմ պետք է սահմանափակի Ղարաբաղում Ռուսաստանի մարդասիրական ծրագրերին աջակցություն ցուցաբերելով:

Ժ. Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը չի տարբերակում նախկին խորհրդային ժամանակաշրջանի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կամ տարածքի շուրջ նախկինում գրավված յոթ շրջանները՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂԻՄ-ի տարածքը: Այսպիսով, փաստաթուղթը զրոյացնում է ԼՂԻՄ-ի՝ խորհրդային ժամանակաշրջանի կարգավիճակը, քանի որ անուղղակիորեն ճանաչում է այդ տարածքների (Հադրութ, Շուշի) վրա Ադրբեջանի իրավասությունը եւ ռազմական վերահսկողությունը:

Ի. Ներկայումս Ղարաբաղի իշխանությունները պետք է գործ ունենան հիմնականում Ռուսաստանի, իսկ երկրորդաբար՝ Ադրբեջանի հետ: Ռուսաստանն ու Ադրբեջանը աշխատում են նաեւ Թուրքիայի հետ՝ յուրաքանչյուրն իր ձեւով: Հայաստանը նահանջել է չորրորդ հորիզոնական՝ այս պահին ունենալով ապագայի վրա ազդելու սահմանափակ հնարավորություն:

Հետեւանքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար

Նոյեմբերի 10-ի հայտարարությունը միջպետական անհավասարակշիռ փաստաթուղթ է:

Մի կողմից, մասնակիցները շեշտը դնում են Հայաստանի գրեթե ամբողջական կապիտուլյացիան մատնանշող կողմերի վրա.

Ա. Նվաստացուցիչ եւ հարկադրված դրույթներ։

Բ. Գրավյալ շրջանների հետշրջումը (retrocession) դեպի Ադրբեջան (շրջաններ, որոնք ներգրավված չէին պատերազմի մեջ) միեւնույն օրակարգի մեջ է՝ ինչպես այն շրջանները, որոնք Ադրբեջանը հետ վերցրեց մարտերի արդյունքում:

Գ. Նոյեմբերի 10-ի փաստաթղթում չկա որեւէ պարբերություն կամ նախադասություն, որը նախատեսում է Շուշիից, Հադրութից եւ հարակից գյուղերից հայ փախստականների վերադարձն իրենց տները:

Դ. Հայաստանի համար հույժ կարեւոր մարդասիրական հարցերը, ինչպիսիք են՝ ռազմագերիների եւ պատանդների պարտադիր վերադարձը, դարձել են խնդրահարույց, քանի որ 8-րդ կետում վերջնաժամկետ նշված չէ, իսկ Ադրբեջանը նրանց ազատումը կապել է հայտարարության՝ դեռեւս իրագործման ենթակա այլ պայմանների հետ: Այս մյուս հարցերի հետ մեկտեղ, Ադրբեջանի կողմից ռազմագերիներին եւ պատանդներին չազատելը պահպանել է թշնամական մթնոլորտը՝ հիմնված տարածաշրջանում վստահության պակասի վրա:

Մյուս կողմից, Ադրբեջանից եւ Հայաստանից բացի, այլ պետությունների առնչությամբ մասնակիցներից ոմանք կարծում են, որ հայտարարությունն արտացոլում է ռազմական եւ դիվանագիտական կողմերի հավասարակշռությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական նոր իրողությունները.

Ե. Վերաբաշխվել է տարածաշրջանային դերակատարների ազդեցությունը, եւ նրանց անմիջական ներգրավումը հակամարտության մեջ նոր պատկեր է ներկայացնում:

Զ. Ռուսաստանն այս կարգի մեջ հիմնական հաղթողն է, քանի որ իր ազդեցությունն ու վերահսկողությունն ուղղակիորեն տարածում է նրա վրա, ինչ մնացել է Ղարաբաղից, իսկ անուղղակիորեն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա:

Է. Հակամարտությունն այժմ է՛լ ավելի է վերածվել խաղալիքի՝ Հարավային Կովկասի (ՀԿ) դինամիկայից եւ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հակամարտություններից անդին. այնպիսիք, ինչպիսիք են նրանց մրցակցությունները Միջին Արեւելքում, մասնավորապես՝ Սիրիայում:

Ը. Արեւմտյան դերակատարները, որոնք նախկինում ներգրավված էին Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում, մասնավորապես Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, փաստորեն, դուրս են մղվել ընթացող գործընթացներից:

Թ. Բոլոր գործնական նպատակների համար միջազգային հաստատությունների ներգրավվածությունը նվազեցվում-իջեցվում է «մարդասիրական խնդիրների» լուծման:

Ժ. Կետ, որը Հայաստանին ստիպում է ծառայել միջազգային նպատակի՝ Հայաստանի միջով Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության գիծ բացելով, որը համարժեք է միջանցքի:

Ի. Պարտադրվել է ճանապարհներ եւ հաղորդակցության ուղիներ բացել դեպի Հայաստան, Հայաստանից եւ Հայաստանում:

Լ. Հայաստանի տարածքում հաղորդակցության ուղիների անվտանգությունը ապահովելու է Ռուսաստանը: Պարզ չէ, թե այդ ուղիների վրա ինչ աստիճանի վերահսկողություն է ունենալու Հայաստանը:

Գուցե օգտակար կլինի հիշելը, որ Ղարաբաղի պատմության մեջ այն ժամանակահատվածները, երբ Հայաստանը հնարավորություն է ունեցել դեր խաղալու Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում, իրականում ավելի հազվադեպ են եղել, քան այն ժամանակահատվածները, երբ հնարավորություն չի ունեցել: Այդ առումով, 1918 -1920 թթ., 1988 -1991 թթ. եւ 1991-1994 թթ. բացառություններ էին, որոնք առաջացել են Ռուսաստանի նահանջով, եւ կային ժամանակամիջոցներ, երբ Հայաստանը հարաբերական ուժ ուներ՝ համեմատած տարածաշրջանային/միջազգային դինամիկայի, ինչպես նաեւ Ադրբեջանի իրավիճակի հետ:

Գոյություն ունի իրատեսական կարծիք, ըստ որի՝ նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարության մի շարք առանձնահատկություններ կարող են դրական կամ բացասական կիրառություն ունենալ՝ կախված նրանից, թե դրանց ինչպես կվերաբերվեն Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի որոշումներ կայացնողները: Այդ առանձնահատկությունների թվում են մի շարք հարցերի վերաբերյալ երկիմաստություններն ու անորոշությունները:

Այս կարծիքը կարելի է անվանել պետականակենտրոն: Այն հիմնված է այն նախադրյալի վրա, որ կա Հայաստան պետություն, եւ այդ պետությունը պարտականություն ու կարողություն ունի, թեկուզեւ սահմանափակ, գործելու՝ շատ վատ իրավիճակը փոքր-ինչ նվազ վատը դարձնելու համար:

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները

ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)

ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)

ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
28.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930