Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախ ձայնով ասել էր՝ մամ, գիտես, չէ՞, ծառայում եմ այն նույն զորամասում, որտեղ ծառայել են Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը

Սեպտեմբեր 29,2021 13:30

«Երբ առաջին անգամ զանգել էր տուն՝ երջանիկ ու ուրախ ձայնով ասել էր՝ մամ, գիտես, չէ՞, ես ծառայում եմ այն նույն զորամասում, որտեղ ծառայել են մեր հերոս եղբայրները՝ Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում պատմում է Էրիկ Հովսեփյանի քույրը՝ Սյուզաննա Հովսեփյանը։ Մեկ տարի է, Էրիկն էլ մեզ հետ չէ, նա էլ միացել է այն հազարավոր հայորդիներին, որոնք արցախյան վերջին պատերազմում զոհեցին իրենց կյանքը: Էրիկը ծառայության էր եկել Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ տեղափոխվել էր դեռեւս դպրոցական հասակում: Սակայն, ապրելով այնտեղ, ինչպես քույրն է պատմում, մեծացել է հայրենասիրական ոգով:

«Լինելով 18 տարեկան նա միայն լսում էր մեր հայրենասիրական երգերը։ Խնջույքների ժամամակ Էրիկը պարում եւ ուրախանում էր միայն այդ երգերի տակ։ Նա մեր ընտանիքի միակ արու զավակն էր, երեք քույր ենք եւ մեկ եղբայրը։ Հայաստան վերադարձավ հունիսի 8-ին, որպեսզի զորակոչվի հայոց բանակ ծառայության»,-ասում է Սյուզաննան։

Նրա խոսքով, Էրիկը շատ էր սիրում սպորտը, ընկերասեր էր, մեծերին հարգող, կյանքով լի ու կատակասեր: Եվ չնայած առողջական խնդիրներին, ինչպես պատմում է քույրը, Էրիկը հրաժարվել է բուժումներ անցնելուց եւ նախընտրել է հայոց բանակում ծառայությունը. «Երբեք չէր բարձրաձայնում առողջական խնդիրների մասին: Հնարավորություն ունենալով չծառայելու՝ դեմ գնաց բոլորին եւ հրաժարվեց իր բուժումներից, ցանկություն հայտնեց ծառայել Արցախում, որպեսզի կատարեր իր երազանքը։ Հիշում եմ, ասում էր՝ ես պետք է ծառայեմ եւ իմ աչքերով տեսնեմ թուրք ասքյարներին»:

Էրիկը զորակոչվել է բանակ օգոստոսի 7-ին, ծառայության էր անցել Մարտակերտում:

«Դեռ բանակ չզորակոչված նա լսում էր Ռոբերտի վերջին խոսքերը եւ բռունցքը վեր պարզած միշտ կրկնում։ Էրիկին երջանիկ լինելու համար միայն մեկ բան էր հարկավոր՝ ծառայել եւ վերադառնալ տուն: Մենք նրա հետ կապված շատ նպատակներ ունեինք, բայց ավա՜ղ, մնացին անկատար, երբ խոսում էին նրա հետ իր ապագայից, ասում էր՝ ամեն ինչ թողնենք ծառայությունից հետո»,-ասում է Սյուզաննա Հովսեփյանը:
Էրիկ Հովսեփյանը ծնվել է 2002 թ. մարտի 24-ին: 2 տարի սովորել է Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետեւ ընտանիքով տեղափոխվել են ՌԴ, որտեղ էլ շարունակել է ուսումը:

Հարազատների խոսքով, դեռ չբոլորած իր 19-րդ գարունը, Էրիկը հասցրել էր վայելել մեծ սեր ու հարգանք։ Վերջին անգամ տուն զանգել է սեպտեմբերի 26-ին, խոսել ծնողների հետ ու ասել՝ դուխով եղեք, 2 տարի է, շուտ կանցնի։

Էրիկ Հովսեփյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին, անօդաչու սարքի հարվածից։

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930