Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, ապագա Հայաստանը պետք է կառուցվի դրսում եւ տեղափոխվի հայրենիք»

Սեպտեմբեր 29,2021 13:00

Պատերազմից անցել է մեկ տարի: Անցյալ տարի այս օրերին ԱՄՆ Կալիֆոռնիայի Armenian National Network՝ հայկական ազգային ցանցի հիմնադիր, լրագրող Արթուր Սահակյանն ամենաակտիվներից մեկն էր ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, եւ իր հաղորդաշարին զուգահեռ դուրս էր եկել նաեւ փողոց: Պատերազմից հետո նա հաղորդաշարը ժամանակավոր դադարեցրել է: «Առավոտի» խնդրանքով Արթուր Սահակյանն իր մտորումներն է կիսում այսօրվա իրավիճակի հետ կապված:

Այն, ինչ տեսանք վերջին երեք տարիներին եւ որը ցայտուն դրսեւորվեց մեկ տարի առաջ, իմ կարծիքով՝ դարձյալ նախապես ծրագրավորված էր ցեղասպան պատերազմով ու դրան հաջորդող իրադարձություններով։ Բայց ես էն մտքին չեմ, թե սրանք միայնակ կարող էին կամ այդքան մտավոր կարողություններ ունեին այս փորձանքը հայ ազգի գլխին բերելու համար։ Կասկածից վեր է, որ այստեղ մեծ ուղեղային կենտրոն է աշխատում ու մատակարարում այն ամենը, ինչ մենք ամեն օր լսում ու տեսնում ենք։ Շոկ՝ շոկի ետեւից։ Որքան շատ, այնքան լավ։ Դեռ չենք հասցնում մարսել մեկը, մյուսն է գալիս եւ այդպես երեք տարի շարունակ հասարակությունը իմունիտետ է ձեռք բերում եւ հասնում այն աստիճանի, երբ ամենօրյա սուտը, կեղծիքը, անբարոյականությունը, թալանը եւ մյուս այլանդակությունները ծափողջույններով են ընդունվում ազգիս ժողովրդի, հետո էլ՝ ամբոխի վերածված զանգվածների կողմից։

Մեկ տարի առաջ չարաբաստիկ պատերազմը մեզ ստիպեց ազգ դառնալ, այսօր վերածվել ենք բարոյալքված մարդակույտի ու քայքայված բիոզանգվածի։ Մեկ տարի առաջ, անգամ օտար ափերում ծնված, հայերենին անգամ չտիրապետող թոթովախոս մանկիկի մեջ ազգային ինքնագիտակցությունն էր արթնացել, այսօր՝ բոլորը բոլորին ատում են, մի փոքր մասը տանջվում է, ավելի մեծ մասը՝ հիասթափված, իսկ մեծամասնություն կազմող բիոզանգվածը պարզապես թքած ունի մինչեւ վերջին խազը։ Իդեալական վիճակ՝ հայ ազգի թշնամիների համար։
Դեռ երեք տարի առաջ, երբ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատից հանվեց ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ արտահայտությունը եւ թողնվեց միայն ՀԻՇՈՒՄ ԵՄ-ը, ես հասկացա, որ գործ ունենք մարդկանց հետ, որոնք երկիրն ու ժողովրդին տանում են թրքամետության։ Պետք էր կռահել այն, որ այսօր երկրի բարձրագույն աթոռին թառածը պիտի թրքամետություն քարոզի ու թշնամու առաջնորդի հետ հանդիպում մուրա։
Դեռ երեք տարի առաջ, երբ քահանային դուրս վռնդեցին դպրոցից եւ փոխարենը ողջունեցին սեռափոխված մեկին, ես հասկացա, որ էստեղ լիբերաստների մատը խառն է։

… Կովիդի առաջին հինգ ամիսների ընթացքում մինչ ամբողջովին սնանկացման եզրին հայտնվեցին միլիոնավոր փոքր ու միջին բիզնեսներ, մի քանի մուլտինացիոնալ կորպորացիաներ հարստացան մոտ հարյուր միլիարդ դոլարով. Amazon, Facebook, Acebook, Google, Apple եւ այլն։ Ժամանակակից պատերազմը նախ եւ առաջ սոցիալական տեխնոլոգիաների ու զենքերի պատերազմ է, որին գործակալական ցանցերը լավագույնս պատրաստված են դա իրականացնելու համար։ Նույնը կատարվեց Հայաստանում եւ, ցավալիորեն, սա դեռ ավարտը չէ։

Թե կոնկրետ ովքեր են կանգնած այս ընդամենը գործիք հանդիսացող խմբակի թիկունքում, ավելի ստույգ կարող են պատասխանել երկու անձնավորություններ՝ Հայաստանի առաջին եւ երրորդ նախագահները։ Այս առումով երկու նախագահներն էլ անկեղծ չեն։ Հատկապես Սերժ Սարգսյանը պետք է խոսի եւ բացատրություններ տա…

Մի ընդունված կանոն կա. եթե ուզում ես քանդել որեւէ համակարգ, պաշտոնից հանիր բոլոր պրոֆեսիոնալներին եւ նրանց փոխարեն նշանակիր ամենաանկապ, մասնագիտությանը առհասարակ չտիրապետող մարդկանց։ Եթե նրանք նաեւ մեծամիտ են, ապա համակարգի քանդումը հարյուր տոկոսով երաշխավորված է։ Եթե դիտարկենք սրանց վերջին երեք տարիների կադրային քաղաքականությունը՝ կտեսնենք համատարած ոչ պրոֆեսիոնալիզմ գրեթե բոլոր ոլորտներում։ Ամենուր։ Բա ի՞նչ եք ուզում, Մակունցը, ով նաեւ անգլերեն գիտի, մինիմումը պիտի ԱՄՆ դեսպան լիներ… Սա էլ է լիովին տեղավորվում այն ծրագրի մեջ, որը գծել են մեր ազգի թշնամիները, որպեսզի Հայաստանը քայլ առ քայլ քանդեն ու հանձնեն։ Կրկնում եմ՝ ոչինչ պատահական չէ։ Միգուցե սրանք էդքան ուղեղ չունեն հասկանալու համար, բայց այդպես է։ Շատերը Նիկոլին ու իր կամակատարներին դավաճան են համարում։ Ես կարծում եմ, որ սրանք դավաճան չեն, սրանք թշնամի են։
Հարցնում են, լուծումը ո՞րն է: Լուծումը թշնամի իշխանությունների օր առաջ հեռացումն է, բայց դա այսօր անհնար է։ Արագ լուծում չկա։ Սրանք, քանի որ ծառայում են բոլորի շահերին, բացի Հայաստանից ու հայ ժողովրդից, պաշտպանված են բոլոր կողմերից, վերեւից ու ներքեւից։ Դրա համար էլ էդքան հղփացած են։ Իսկ ներքեւի զանգվածները հետեւողական սեանսների, ուղեղների լվացման տեխնոլոգիաների կիրառմամբ լիովին չեզոքացած են։ Սրանց վտանգ չի սպառնում…

Իշխանություններն ու իրենց տերերը կարողացան պառակտել ոչ միայն Հայաստանի հայ ժողովրդին, այլեւ՝ ողջ հայությանը։ Ջարդեցին ողջ հայության ողնաշարը։ Իրականում բոլոր պայքարող մարդիկ այստեղ, կարող է չեն խոստովանում, բայց հանձնվել են, օդում կրակում ենք, ոչ մի օգուտ չի տալիս, գերհզոր ուժերի հետ գործ ունենք, որոնք գտել են իրենց կամակատարին: Կարծես սպասողական վիճակ է, թե ինչ կլինի հետո, միեւնույն է՝ մենք ոչինչ չենք կարող փոխել։ Միակ ելքը, սպասենք տեսնենք ինչ կմնա փլատակների տակ, այդ ընթացքում ուժեղանանք, ինքնակազմակերպվենք, կենտրոնացնենք մեր ինտելեկտուալ ու ֆինանսական հնարավորությունները, դրսում ստեղծենք պետական կառույցներ ու տեղափոխենք Հայաստան։ Իմ խորին համոզմամբ սա միակ լուծումն է, որին պետք է ձգտի հայության որակյալ հատվածը։ Այո, ապագա Հայաստանը պետք է կառուցվի դրսում եւ տեղափոխվի հայրենիք։ Դրա համար կան եւ մտավոր, եւ մասնագիտական, եւ ֆինանսական ռեսուրսներ, եւ, իհարկե՝ հայրենասեր մարդիկ, որոնք պատրաստ են իրագործել այն։

«Առավոտ» օրաթերթ
28.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930